‘Րաֆֆի Հովհաննիսյան. Սա կոալիցիա կազմելու հայտ չէ, ոչ էլ՝ պաշտոնների հայց’

1417

Րաֆֆի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանին ներկայացրած իր առաջարկները ոչ իշխող Հանրապետականի հետ կոալիցիա կազմելու հայտ է համարում էլ, ոչ էլ պաշտոնների հայց: 

Հիշեցնենք, որ նախորդ ուրբաթ Ազատության հրապարակում արտահերթ նախագահական կամ խորհրդարանական ընտրություններից բացի Րաֆֆի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանից պահանջել է «ժողովրդին՝ ի դեմս Րաֆֆի Հովհաննիսյանին» վերապահել գլխավոր դատախազի, հարկային եւ մաքսային, ազգային անվտանգության ծառայությունների, արտաքին գործերի եւ կրթության ու գիտության նախարարություններում, վերահսկիչ պալատի, արդարադատության խորհրդի եւ հակակոռուպցիոն հանձնաժողովի ղեկավարների պաշտոնները: Հովհաննիսյանը պահանջել է նաեւ 5 մարզպետների պաշտոնանկություն, ինչպես նաեւ՝ պատժել ընտրակեղծարար պաշտոնյաներին:

«Սա ոչ թե պաշտոնների հայց էր, այլ համալիր լուծում, որը ենթադրում էր ժողովրդի հետ իշխանության կիսում», — «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում մեկնաբանելով պահանջների փաթեթը՝ ասել է Հովհաննիսյանը:

Արձագանքելով «պաշտոն ուզելու» վերաբերյալ իր հասցեին հնչող քննադատություններին ու մեղադրանքներին` Հովհաննիսյանն ասել է. «Կարող եք նկատել, որ ես չկամ այդ որեւէ մի պաշտոնի տակ: Իմ անունը չկա եւ ոչ էլ իմ ցանկությունը: Այստեղ պաշտոնների հարց չէ, այստեղ ժողովրդին հարգելու հարցն է: Սա նաեւ կոալիցիա մտնելու հայտ չէ, սա իշխանության կողմից ժողովրդի հաղթանակը, ժողովրդի ներկայությունը, ժողովրդի վերածնունդը հարգելու հարց է: Ես ունեմ իմ հավատամքը, ես ունեմ ծրագիր, ես ունեմ ժամացույց (հավանաբար, նկատի ունի ժամանակացույցը-iLur.am) եւ ես վստահ եմ, որ ժողովուրդը եւ ես, իրար հետ խորհրդակցելով, իրար հետ պայմանագիր կնքած արդեն, պիտի տանենք այս պայքարը մինչեւ տրամաբանական եւ հաղթական ավարտ»: 

Նախորդ հոդվածը‘Արմեն Բադալյան. Կլինի այն, ինչ կցանկանա Սերժ Սարգսյանը’
Հաջորդ հոդվածը‘Շաբաթվա 10 լավագույն գոլերը’