‘Ցավոք՝ ո՛չ Վահան Խալաֆյանի, ո՛չ Լևոն Գուլյանի դեպքերը ռումբ չդարձան իշխանության աթոռի տակ. Միքայել Դանիելյան ‘

993

Իմ կարծիքով՝ Վրաստանի իշխանություններն  փորձում են ինչ-որ քայլ անել դեպի դեմոկրատիա, Հայաստանի իշխանությունները նույն բանը չեն անում: iLur.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց իրավապաշտպան, Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը՝ մեկնաբանելով Վրաստանի բանտային սկանդալը:

Նշենք, որ Դանիելյանն ակտիվորեն հետևում էր Վահան Խալաֆյանի գործով  դատավարությանը: Վերջինիս գողություն կատարելու կասկածանքով բերել էին ոստիկանության բաժանմունք՝ հարցաքննության: Պաշտոնական վարկածով՝ նա Չարենցավանի բաժնի պրոֆիլակտիկայի բաժանմունքի պետի աշխատասենյակի պահարանից վերցրել էր խոհանոցային դանակն ու հարվածել իրեն` որովայնի մասում պատճառելով մարմնական վնասվածք, որից մահացել էր: Հարազատները պնդում են, որ Խալաֆյանին սպանել են:

«Մեր, այսպես կոչված, քաղաքացիական հասարակությունը Մաշտոցի պուրակի և այլ նման դեպքերում ակտիվ է, բայց ցավոք՝ ո՛չ Վահան Խալաֆյանի, ո՛չ Լևոն Գուլյանի դեպքերը ռումբ չդարձան իշխանության աթոռի տակ»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Լեւոն Գուլյանը մահացել, իսկ նրա հարազատների համոզմամբ` սպանվել է 2007թ. մայիսի 11-ին ՀՀ Ոստիկանության շենքում: Նա հարցաքննության էր կանչվել` կապված իր` «Պանդոկ» ռեստորանի մոտ տեղի ունեցած սպանության հետ:

Հիշեցնենք նաև, որ օրերս Վրաստանի ընդդիմադիր հեռուստաալիքները տարածել էին կադրեր, որոնցում երևում էր, թե ինչպես են իրավապահները խոշտանգումների ենթարկում բանտարկյալներին: Հազարավոր մարդիկ դուրս եկան փողոց՝ պահանջելով պատժել մեղավորներին, ինչից հետո հրաժարական ներկայացրին պատժամիջոցների իրականացման և իրավական օժանդակության և ներքին գործերի նախարարները:

Նախորդ հոդվածը‘Ֆեմեն ակտիվիստուհիները ստանում են $1000 աշխատավարձ’
Հաջորդ հոդվածը‘Բարաք Օբաման և Հիլարի Քլինթոնը դատապարտել են հակաիսլամական ֆիլմը’