‘Ցիպի Լիվնի. Երկու պետության գաղափարը համապատասխանում է Իսրայելի շահերին’

1124

Պաղեստինցիների հետ խաղաղության բանակցություններ վարող իսրայելական պատվիրակության ղեկավար, արդարադատության նախարար Ցիպի Լիվնին շաբաթ օրը Վաշինգտոնում հայտարարել է, որ երկու պետություն ստեղծելու գաղափարը լիովին համապատասխանում է Իսրայելի շահերին: «Որպես ժողովրդավարական պետություն՝ Իսրայելի՝ իր արժեքները պահպանելու միակ միջոցը երկու ժողովուրդների համար երկու պետության գաղափարն ընդունելն է, մեկը՝ իսրայելցիների, և մյուսը՝ պաղեստինցիների համար, հայտարարել է Լիվնին մերձավորարևելյան հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու կողմնակից, իսրայելամետ J Street խմբավորման կազմակերպած համաժողովում: «Իսրայել և «խաղաղություն» բառերը միմյանց չեն հակասում, նրանք պետք է ապրեն միասին,- ասել է տիկին նախարարը:- Մենք կոշտ շրջապատում ենք ապրում, և նույնիսկ այն բանից հետո, երբ խաղաղ համաձայնությունը ձեռք բերվի, դա լինելու է կոշտ հարևանություն»: Իսրայելը, հավելել է նախարարը, միակ երկիրը չէ, որը տարածաշրջանի համար «լուրջ վտանգ» է տեսնում Իրանի կամ արմատական ֆունդամենտալիստական իսլամի  կողմից: «Մենք ընդհանուր շահեր ունենք իսլամական և արաբական այլ երկրների հետ»,- ասել է Լիվնին, փոխանցում է mignews-ը:

Նախորդ հոդվածը‘Գայլերը Կարմիրգյուղում 20 գլուխ ոչխար են հոշոտել’
Հաջորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյանը «Ֆրայբուրգի» դեմ խաղում (Տեսանյութ)’