‘Ցմահ դատապարտյալը պահանջում է քրեական պատասպանատվության ենթարկել նախարարին’

1023

ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ, պատժի առավելագույն չափի դատապարտյալ Արմենակ Լևոնի Մնջոյանը բաց նամակ է հղել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին:

«Պարոն վարչապետ, 

Նախ չեմ ակնկալում Ձեր գոհունակությունը սույն նամակիս փաստով առ այն, որ իշխանության հանդեպ համազգային մերժողականության պայմաններում գրելով Ձեզ, ըստ էության, միանշանակորեն չեմ ընդդիմանում գործող վարչակարգին: Դա այդքան էլ այդպես չէ:

Ցանկացած իշխանություն, ընդորում նաև դուք, մնայուն չեք, մինչդեռ հայրենիքն ու ժողովուրդն են մնայուն և որպես կանոն նրանց առողջ շարունակականության խթանիչը համարվում է նրա անվտանգությունը: Եվ հենց սա է գրելուս պատճառը, ներկայացնելու   համար մի քանի նեգատիվ իրողություններ,  որոնք սահմանվում են Արդ. նախարար Հրայր Թովմասյանի և նրա ապազգային ու կրիմինալ կորպորատիվ գործունեության սկզբունքներում:

Հարկ է փաստագրել, որ ազատազրկումն ինքնին արդեն ծանր պատիժ է, որի մասին  կալանք չտեսած մարդը երբևիցե կարծիք չի կարող ձևավորել: Եվ հատկապես, բանտային փակ կալանքը, որը նշանակում է «ապրել» մի փոքրիկ խցում միշտ միևնույն 4-6 խցակիցների հետ, որոնք հաճախ գաղափարական և աշխարհայացքային և թե կեցությամբ ու տեսակով խիստ տարբեր են միմյանցից:

Ապա փորձեք փակվել Ձեր նախընտրած որևէ սենյակում, թեկուզ`Ձեր ամենասիրելի ու հարազատ մարդկանց հետ օրինակ 1 շաբաթով և փորձեք պատկերացնել` այդպես 20 տարի շարունակ ի՞նչ է նշանակում:

Մինչև այսօր ոչ մի պետական և կամ հասարակական կազմակերպություն իրականում չի տիրապետում, թե ինչ պայմաններում և ինչ ռեժիմային սկզբունքներով են պահվում դատապարտյալները, որոնց նկատմամբ մահապատիժն իբր մարդկային բարձր համոզմունքների հիմամբ չի իրականացել: Մինչդեռ ցմահների 30 %-ից ավելին սպանվել է միջնադարյան մեթոդներով, իսկ մնացյալ 60 %-ից ավելին շարունակվում է սպանվել, արդեն, ժամանակակից նորագույն մեթոդներով:

Դատապարտյալի տաժանակրության ողջ ծանրությունը ոչ այնքան ազատազրկման դժվարության և դրա անվերջանալի շարունակականության մեջ է, որքան այն բանի, որ դա հարկադիր է, անարդար, պարտադիր բռնի և մահակի սպառնալիքի տակ:

Ազատության մեջ շատ ավելի դժվարություններ և սպառնալիքներ կան, սակայն մարդը պայքարում է իր, իր ընտանիքի և իր հայրենիքի համար, բանական, խելամիտ նպատակով և դա նրա համար ավելի հեշտ է քան պայքարի նպատակից ու իրավունքից բռնորեն զրկված և ստիպողաբար ազատազրկված, միանգամայն անօգուտ ու  իմաստազուրկ դատապարտյալի համար:

Եվ եթե հարկ է ճզմել, կոտրել և ոչնչացնել նրան, ապա բավական է նրա գոյությանը, կեցությանը տալ լիակատար անօգուտ և անիմաստ բնույթ, և դատապարտյալը մի քանի օրից կկախվի կամ կստանա հոգեկան խանգարում և կամ էլ կդիմի փախուստի փորձի որպեսզի ազատվի այդ ճնշումից: Նման ֆիզիկական և հոգեկան մաշումը մարդատյաց ռեժիմի և պարադոքսալ օրենքների կիրառման հետևանքն են, որը գործադրվելով դատապարտյալների վրա նախ առաջացնում է հոգեֆիզիոլոգիական գերլարվածություն, որն էլ հանգեցնում է գիտակցության ջլատվածության, ինչն այլևս խոսչընդոտում է իմաստավորված որոշումներ ընդունելուն:

Մինչդեռ հարվածներից և խեղումներից զերծ չէ նաև բանտերի կամ գաղութ-հիմնարկների ադմինիստրացիան, որը կիրառում և իրականացնում է դատապարտյալների փչացման ու ոչնչացման մեթոդները: Վերջիններիս վրա կիրառվող օրենք-տեխնոլոգիաններն ու վերահսկիչ մեթոդները պարտադրում են ոչ միայն սպայի արժանապատվության իսպառ ոչնչացում, այլև անդառնալիորեն մանկուրտացում: Սրանց գաղափարափիլիսոփայական հենքը սահմանվում է «ով էշ`մենք վրան փալան» ստրկամտության վերջին ճիչով:

Հին դարերում ասպատակված երկրի անչափահասներին գերեվարելով ածիլում էին գլուխները, նոր մորթված անասունի տակ կաշին ագուցելով գլխներին գամում էին ցցին կիզիչ արևի տակ: Հակառակ սղությամբ մազաճի արդյունքում գլխուղեղի թաղաթն օտարվելով մարդկային միտքն ու բանականությունը պատվում էր անթափանց մշուշով: Մանգուրտն, այլևս, մեկ աշխարհ ուներ`ծառայել իրեն կերակրող տիրակալին:

Սա է նախարար Թովմասյանի «բարեփոխման» արդյունքը այս ոլորտում սկսած 17.12.2010թ.-ից: Մինչդեռ սա ամենը չէ…

Կովկաս ներխուժած բարբարոս ցեղերի այլասերումից արտավիժվեց մի տեսակ, որը պատմությամբ հայտնի է որպես Չանդր: Չանդրը նախկին հայերի թրքացած մի սերունդ էր, որը սեփական ազգի գլխին դարձել էր պատուհաս: Հայկական գեները թրքականի փոխարինած Չանդրը կերպարանափոխվելով  դարձավ նախ բոլշևիկ, հետո ՀՀՇ-ական, ապա ազատական, հետո նվիրյալ դաշնակցական և այսօր էլ վերարտադրվելով արդեն ցեղակրոն Նժդեհականի, ծնունդ տալով ժամանակակից կռապաշտությանը, ազգի գլխին մնաց մշտապես պատուհաս:

Հենց սրանով է պայմանավորված Թովմասյանի Մեֆիստոֆելական դեմքի կերպարանափոխումը Նժդեհականի, քանի որ արդարադատության համակարգը ուզեկցված է կոռուպցիայի ու քաղաքական հաշվեհարդարների իրողությամբ, ապա հարկ է նշել, որ այն սերտաճած է նաև քաղաքական-փողիշխանական էլիտայի հետ, որի քաղաքականությունը սահմանվում է միայն կերպարանոփության շարունակական գործընթացով, որի գերնպատակը կայանում է իշխանական կերակրատաշտի մոտ մշտապես իր տեղը զբաղեցնելուն:

Ուստի, ամենևին էլ տարօրինակ չէ, երբ արտագաղթի այս նոր աղետի սպառնալիքների տակ կքած մեր երազած Հայրենիքում, ուր «օպտիմալացման»  ու «բարեփոխման» արդյունքում, սոցիալական հաշմանդամ դարձած հարյուր հազարավոր ծեր ու մանուկ, գործազուրկ ու հաշմանդամ, պետական ծառայող ու լքված ազատամարտիկ աղքատ ու ծայրահեղ աղաքատներ կան, Արդ. նախարարության գրանտակեր լյուցիֆերներն ու բեեզեբուղները աստղաբաշխական գումարներ «փոշիացնելով» նոր`էլ ավելի խիստ ռեժիմի բանտեր են կառուցում զավեշտալի օրենքների ոստայններում խճճված «հանցագործներին» նոր «եվրոպատժարաններում» մի կերպ խցկելու դիվական ակնկալիքով:

Պարոն վարչապետ`

Հակառակ այն հանգամանքին, որ 21.06.2013թ.-ին Թովմասյանին թվագրված նամակով պահանջել եմ իր հրաժարականը, այնուամենայնիվ, Ձեզանից էլ պահանջում եմ անհապաղ կազմակերպել Հրայր Թովմասյանի գործունեության հետաքննությունը նրան քրեական պատասխանատվության ենթարկելու համար:

Հ.Գ. «15. իրաւունքի գործադրումը ուրախութիւն է արդարի համար, բայց սուրբ գործը պիղծ է թվում չարագործներին» (Աստվածաշունչ. Առակներ 14. 15.)

Թող Տե՛րը լինի մեզ բոլորիս փառավոր: 

Նախորդ հոդվածը‘ԵԹԿՊԻ-ն դատապարտում է դասախոսի դանակահարության դեպքը’
Հաջորդ հոդվածը‘Հրդեհ բնակարանում’