‘Ցյուրիխ. Արոնյանը ոչ-ոքի խաղաց Գիրիի հետ և հաղթեց Շիրովին’

1401

Փետրվարի 14-ին կայացան «Zurich Chess Challenge» մրցաշարի երրորդ և չորրորդ տուրերի պարտիաները:

Երրորդ տուրում Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Անիշ Գիրիի հետ: Նման արդյունք գրանցվեց նաև տուրի մյուս՝ Հիկարու Նակամուրա-Վլադիմիր Կրամնիկ, Վիշվանաթան Անանդ — Ալեքսեյ Շիրով պարտիաներում:

 

Չորրորդ տուրում Լևոն Արոնյանը սև խաղաքարերով հաղթեց Ալեքսեյ Շիրովին: Վլադիմիր Կրամնիկն առավելության հասավ Անիշ Գիրիի նկատմամբ, իսկ Նակամուրայի և Անանդի պարտիան ավարտվեց ոչ-ոքիով:

 

Չորրորդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը գլխավորում է Անանդը, ով ունի 6 միավոր: 5-ական միավոր ունեն Կրամնիկն ու Նակամուրան, Լևոն Արոնյանը 4 միավորով 4-րդ հորիզոնականում է, իսկ Գիրին ու Շիրովն ունեն 2-ական միավոր: Ցյուրիխի մրցաշարի առաջին շրջանի վերջին տուրում Արոնյանը մրցելու է Հիկարու Նակամուրայի հետ, Գիրին՝ Շիրովի, իսկ Անանդը՝ Կրամնիկի:

«Zurich Chess Challenge»-ը անցկացվում է երկու շրջանով: Առաջինում մրցակիցները հանդես են գալիս նոր դասական ժամակարգով, որտեղ կողմերին տրվում է 40 րոպե պարտիայի համար (յուրաքանչյուր քայլին 10 վայրկյան հավելումով), իսկ երկրորդ շրջանը կանցկացվի կայծակնային շախմատի կանոններով: Առաջին շրջանում հաղթանակի համար տրվում է 2 միավոր, ոչ-ոքիի համար՝ 1, իսկ երկրորդում՝ կայծականային մրցաշարում, հաղթանակի համար՝ 1, ոչ-ոքիի համար՝ 0,5 միավոր:

 

Նախորդ հոդվածը‘«Բարսելոնա»-«Սելտա»՝ 6:1. Լուիս Սուարեսը՝ հեթ-տրիկի հեղինակ (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘«Բարսելոնան» Օզիլի տրանսֆերը գնելու մտադրություն չունի’