‘Ցուցարարները, խոստումներ ստանալով, բացեցին ճանապարհը’

1343

Երեւան-Վանաձոր մայրուղու երթեւեկությունը քիչ առաջ բացվեց: Ոստիկանության ուժերը Արագածոտնի մարզի 6 գյուղերի` բողոքի ցույցի ելած բնակիչներին խոստացան, որ ճանապարհը բացելու դեպքում կկասեցվի Ապարանի ջրաբարից հոսող ոռոգման ջրի վրա կառուցվող  ՀԷԿ-ի շինարարությունը:

Տեղում գտնվող ԱԺ պատգամավոր Լյովա Խաչատրյանը ցուցարարներին ասաց, որ հետեւողական է լինելու խնդրի լուծման համար: «Շինարարությունը միանշանակ ապօրինի է: Եթե տեսնեք, որ  ձեր պահանջը չի կատարվում, կարող եք կրկին փակել ճանապարհը», — ասաց պատգամավորը: Նա նաեւ վստահեցրեց, որ խնդրի մասին քննարկումներ կծավալի նաեւ խորհրդարանում:

Գյուղացիների բողոքին միացել էին նաեւ տասնյակ քաղաքացիական, բնապահպանական ակտիվիստներ Երեւանից: Ակտիվիստբերի ուղեկցությամբ գյուղացիները մեկնեցին “Դեմեր” կոչվող այգիները, որտեղ ՀԷԿ-ի համար այժմ ենթակառուցվածքներ են կառուցվում, որպեսզի հանեն շինտեխնիկան տարածքից:  

Հիշեցնենք, որ այսօր առավոտվանից Արագածոտնի մարզի Օհանավան, Կարբի, Նոր Երզնկա, Արտաշավան, Ուշի, Սաղմոսավան գյուղերի բնակիչները փակել էին միջպետական ճանապարհը` բողոքելով ոռոգման ջրի հաշվին իրականացվող ՀԷԿ-ի շինարարության դեմ: Կառուցվող ՀԷԿ-ը, նրանց պնդմամբ, կչորացնի 2500 հեկտար խնձորի այգիները, որոնք նշված գյուղերի բնակիչների եկամտի հիմնական աղբյուրն են: Շինարարությունն իրականացնում է «Գահա էներջի» ընկերությունը, որի բաժնետերերից է, ըստ որոշ տեղեկությունների, Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանը: 

Նախորդ հոդվածը‘Երեւան-Վանաձոր մայրուղու վրա ոստիկանության զորքեր են բերվել’
Հաջորդ հոդվածը‘Կայծակ. Ղրիմի խորհրդարանը որոշել է թերակղզին մտցնել Ռուսաստանի կազմի մեջ (լրացված)’