‘Ցուցարարները պատրաստվում են փակել Տիգրան Մեծի պողոտան ‘

1389

 Երեւանի գրեթե բոլոր տոնավաճառներից հազարավոր առեւտրականների բողոքի ցույցը Կառավարության դիմաց շարունակվում է: iLur.am-ի թղթակիցը տեղեկացնում է, որ ցուցարարների 10 հոգանոց պատվիրակությունը քիչ առաջ վերադարձավ Կառավարության շենքից, որտեղ հանդիպում էր տեղի ունեցել վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Աբրահամյանը ցուցարարներին առաջարկել է գրավոր ձեւով ներկայացնել իրենց պահանջները, քանի որ, ըստ նրա, պահանջների բավարարումը օրենսդրական փոփոխություններ է ենթադրում:  

Ցուցարարները հրաժարվում են գրավոր առաջարկներ ներկայացնել: Այժմ նրանք պատրաստվում են փակել Հանրապետության հրապարակից դեպի Տիգրան Մեծի պողոտա տանող հատվածը:

Հիշեցնենք, որ ցուցարարները բողոքում են հոկտեմբերի 1-ից գործողության մեջ մտնող «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքի դեմ, որը պարտավորեցնում է պարբերաբար տեղեկություններ հայտնել վաճառված ապրանքների մասին:

Առեւտրականները նշում են, որ խոշոր բիզնեսի ներկայացուցիչները հաճախ ապրանքների վերաբերյալ փաստաթղթեր չեն տրամադրում փոքր ու միջին ձեռնարկություններին, ինչի պատճառով վերջիններս, իրենց հերթին, չեն կարողանում փաստաթղթեր ներկայացնել համապատասխան մարմիններ: Ըստ այս օրենքի` առաջին անգամ փաստաթուղթ չներկայացնելու դեպքում ձեռնարկությունը նախազգուշացում է ստանում, երկրորդ անգամ՝ տուգանվում 20 հազար դրամի չափով, երրորդ անգամ՝ շրջանառության հարկի 5 տոկոսի չափով: 

 

Նախորդ հոդվածը‘Pink Floyd-ը 20 տարվա ընդմիջումից հետո նոր ալբոմ է թողարկում’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյան. Բա ինչ ես ուզում, մի փոքր երկրում տասը հոգով շաքար ներկրե՞ն — «Առավոտ» ‘