‘Ցուցմունք տուր ընդդիմադիրի դեմ, և դարձիր Ս.Սարգսյանի թիկնապահը ‘

1777

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր առավոտյան մայրաքաղաքի Կոնդ թաղամասի բնակիչները բողոքի ակցիա են իրականացրել Սերժ Սարգսյանի առանձնատան մոտ: Նրանք պահանջել են, որպեսզի Սերժ Սարգսյանը անձամբ հանդիպի իրենց և իրենց խնդրին լուծում տա: Երբ Սարգսյանը մոտեցել է ցուցարարներին ու սկսել զրուցել նրանց հետ, ԳԱԼԱ-ի օպերատորին է մոտեցել Սարգսյանի թիկնապահներից մեկն ու ոչ ավելի, ոչ պակաս, հարցրել. «Արտոնվա՞ծ ա ձեր էս նկարելը»: Օպերատորի զարմացած արձագանքին՝ «այսի՞նքն» ի պատասխան՝ թիկնապահը շարունակել է. «Հիմա էս ներկա պահին, որ նկարում եք, արտոնվա՞ծ ա»:

Պարզվում է, Սերժ Սարգսյանի սույն թիկնապահը հետաքրքիր կենսագրություն ունի: Կադրում երևացող այս անձնավորությունը Տիգրան Աղվանյանն է, մականունը՝ Գել, ոստիկանության նախկին աշխատակից: Հանրությանը նրա անունը հայտնի է դարձել 2008-ի նախագահական ընտրություններից հետո ընդդիմության դեմ սկսված լայնածավալ շինծու դատավարություններից մեկի ժամանակ: Սույն Աղվանյանը, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Շուշան Պետրոսյանի ամուսին՝ նախկին ոստիկան Արման Հարությունյանի հետ մեկտեղ, Գագիկ Ջհանգիրյանի դեմ շինծու գործով անցնում էր որպես տուժող: Չնայած այն բանին, որ պաշտպանական կողմը ապացուցել էր, որ ոստիկանները՝ Ջհանգիրյան եղբայրներին բերման ենթարկելու ժամանակ բռնություն էին կիրառել, սույն «տուժողները» պնդում էին, թե Ջհանգիրյանն է իրենց նկատմամբ, իբր բռնություն կիրառել: Ընդ որում, չնայած նրանք պնդում էին դա, բայցև հրաժարվում էին դատարանին ներկայացնել իրենց նկատմամբ կատարված բռնությունը «փաստող» դատաբժշկի եզրակացությունը:

Փաստորեն, ինչպես տեսնում ենք, 2008-ին աչքի ընկած և ծառայություններ մատուցած անձինք, հետագայում տարբեր «պարգևների» են արժանացել: Սույն Տիգրան Աղվանյանին, ըստ երևույթին, լավ «բռնության ենթարկվելու» և ընդդիմադիր գործի դեմ ցուցմունք տալու համար «պարգևատրել են» անձամբ Սերժ Սարգսյանի թիկնազորում ընդգրկելով:

Նախորդ հոդվածը‘ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ’
Հաջորդ հոդվածը‘Ս.Սարգսյանը եւ Հայաստանի մեկուսացումն աշխարհից’