‘Փաստաբանը պահանջում է Արթուր Աթայանի հայտարարության հիման վրա քրգործ հարուցել’

1307

Սյունիքի Հակակոռուպցիոն կենտրոնի համակարգող, փաստաբան Արշավիր Խալափյանը դիմել է Սյունիքի մարզի դատախազի պաշտոնակատար Հ. Կարապետյանին՝ խնդրելով Կապանի գործող քաղաքապետ Արթուր Աթայանի հայտարարության հիման վրա քրեական գործ հարուցել: Արշավիր Խալափյանը iLur.am-ի հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե ինչ պատասխան է սպասում իր դիմումին, ասաց, թե կարծում է՝ քրեական գործի հարուցման մերժմում կլինի, և այդ դեպքում ինքն այդ որոշումը կբողոքարկի:

Հիշեցնենք, որ Կապանի գործող քաղաքապետը ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել՝ հրաժարվելով մասնակցել ՏԻՄ ընտրություններին: Աթայանն իր հայտարարությունում մասնավորապես նշել էր.

«Ես կարծում էի, թե կլինեն քաղաքակիրթ ընտրություններ, և բոլոր թեկնածուներին հնարավորություն կընձեռվի օրենքով սահմանված կարգով կազմակերպել ընտրական գործընթացը:

Սակայն օրեցօր մարզկենտրոնում շիկանում է մթնոլորտը, ու կապանցու քվեին արժանանալու համար կիրառվում են անընդունելի մեթոդներ: Իմ կողքին կանգնած մարդիկ ենթարկվում են հոգեբանական, ֆինանսական ճնշումների:

Ինձ համար քաղաքապետի աթոռը ինքնանպատակ չէ, ու ես չեմ կարող նման ծանր բեռով շարունակել ընտրապայքարն ու վտանգի տակ դնել մարզկենտրոնի բարոյահոգեբանական մթնոլորտն ու միջանձնային հարաբերությունները: Ես չեմ ուզում, որ իմ պատճառով տուժեն իմ ընկերներն ու համախոհները»:

Արշավիր Խալափյանի համոզմամբ՝ այդ տեքստից կարելի է ենթադրել, որ խոչընդոտվել է քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացումը կամ ընտրական հանձնաժողովի աշխատանքը, ինչպես նաև ընտրական հանձնաժողովի անդամի, թեկնածուի կամ նրա վստահված անձի, կուսակցության լիազորած անձի լիազորությունների իրականացմումը:

«Չենք կարող բացառել, որ վերը նշված արարքները կատարվել են գույքին վնաս պատճառելու սպառնալիքով, զուգորդվել են բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, կատարվել են պաշտոնեական դիրքն օգտագործելով, կատարվել են մի խումբ անձանց կողմից, զուգորդվել են անձին ազատությունից զրկելով»,- նշված է դատախազին ուղղված դիմումում:

Խալափյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը՝ որպես քաղաքացի, առավել ևս՝ որպես իրավապաշտպան, իրավունք ունի տեղեկանալու, թե ինչ ստվերային երևույթներ են տեղի ունեցել ընտրական գործընթացում:

«Քրեական դատավարության օրենսգրքի համաձայն՝ մամուլի հրապարակումները հիմք են քրեական գործ հարուցելու կամ քրեական հետապնդում սկսելու համար: Հայտարարության ամբողջական տեքստը հնչել է հեռուստատեսությամբ և հրապարակվել է մամուլում: Այնտեղ կան բավական ինտրիգային ձևակերպումներ, և դա պետք է իրավապահ մարմինների ուշադրությանը արժանանար»:

Նախորդ հոդվածը‘ՀՀ ԱԳՆ-ն հաստատում է միայն 15 սիրիահայերի սպանությունը’
Հաջորդ հոդվածը‘Ձերբակալվել է ֆրանսիայի նախկին վարչապետը’