‘Փաստաբան. Վարդան Ղուկասյանը օգտվում է անպատժելիության մթնոլորտից’

1258

iLur.am-ի հետ զրույցում է փաստաբան Լուսինե Սահակյանը

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցած միջադեպից հետո Վարդան Ղուկասյանի եւ նրա շքախմբի պահվածքի վերաբերյալ դուք դիմել եք գլխավոր դատախազություն: Ի՞նչ ակնկալիք ունեք դատախազությունից:

— ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 2-րդ մասով դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը կարող է դրսևորվել նաև դատավարությանը մասնակցող անձանց վիրավորելով: Այն, որ Վ.Ղուկասյանը վիրավորել է ինձ, այն ժամանակ, երբ ես հանդիսացել եմ ամբաստանյալի պաշտպան, հիմնավորվում է ինչպես դատական նիստի արձանագրությամբ, այնպես էլ բազմաթիվ լրատվամիջոցների հրապարակումներով, այդ թվում դատական նիստի տեսանկարահանումներով: Նման պայմաններում քրեական գործի չհարուցումը կլինի օրենքի կոպիտ խախտում: Ես կարծում եմ, որ քրեական գործ կհարուցվի, իսկ եթե քրեական գործի հարուցումը մերժվի, ես բողոքարկելու եմ այդ որոշումը:

Սպասելի՞ էր ձեզ համար կատարվածը:

— Այս գործով դատական նիստերի ընթացքում ընդհանրապես նախագահողի կողմից դատական նիստում կարգը չի պահպանվում: Նա չի ձեռնարկում որևէ միջոց, որպեսզի և՛ դատավարության մասնակիցները, և՛ վկաները, և՛ ընդհանրապես դատական նիստերի դահլիճում գտնվող անձինք զգան, որ իրենք գտնվում են դատարանում և պարտավոր են դատական նիստում պահպանել կարգուկանոնը: Հասկանալի է, որ նման իրավիճակում Վ.Ղուկասյանը և իր հետ դատարան ներկայացած նրա շքախումբը պետք է իրենց նման կերպ պահեին:

Սակայն Ղուկասյանը նաեւ դատական նիստի ժամանակ աչքի էր ընկնում իր պահվածքով: Սա ինչպե՞ս կմեկնաբանեք: Ինչի՞ հետեւանք է սա:

— Ես չեմ պատկերացնում, որ վկան իրեն կարողանար այդկերպ պահել, եթե դատավորը լիներ իր տեղում և ղեկավարվեր օրենքով: Բացի դա, վկայի նման վարքագիծը հետևանք է նաև նրա, որ ամիսներ շարունակ դատարանը, խախտելով օրենքը՝ վկային բերման ենթարկելու որոշում նույնիսկ չէր կայացնում: Հասկանալի է, որ նման պայմաններում վկան պետք է գար դատարան, հրահանգներ տար նախագահողին, իսկ հետո էլ անհարգալից վերաբերմունք դրսևորելով, դատական նիստի կեսից հեռանար դահլիճից: Վ.Ղուկասյանը օգտվում է անպատժելիության մթնոլորտից:

Դատարանը չէ՞ր կարող, թե՞ չէր ուզում Ղուկասյանին կարգի հրավիրել, սաստել:

— Դատարանը պետք է վաստակի հարգանքը իր նկատմամբ: Դա պետք է անի հետևողականորեն և միշտ: Դատարանը չի կարող հարգանք վայելել, եթե ինքն իսկ խախտում է օրենքը: Այս գործով նախագահողը երբեք աչքի չի ընկել իր սկզբունքայնությամբ և ՀՀ օրենքը հարգելու հետևողականությամբ: Նման պայմաններում, իհարկե դատարանը չէր կարող սաստել Վ.Ղուկասյանին: Առավել ևս, եթե նկատի ունենանք, որ ես նախորդ դատական նիստերին հնարավորություն ունեցել եմ ներկայացնել այն բոլոր փաստերը, որոնք հաստատում են, որ դատավորը ունի կաշկանդվածություն:

Այսքանից հետո ի՞նչ եք կարծում` ձեր պաշտպանյալի, ինչու չէ` նաեւ անձամբ ձեր անվտանգությունը որքանո՞վ է ապահովված: Հնարավո՞ր է Ղուկասյանի կամ նրա շրջապատի կողմից հաշվեհարդարի փորձեր լինեն:

— Դատական նիստի ընթացքում նա փորձում էր ահաբեկել պաշտպանության կողմին: Այդ թվում նա դիմելով դատարանի դահլիճում գտնվողներին ասաց. «Հանգիստ եղեք վերջում կնայենք, հլը գաղութ կա, բան կա»: Այսինքն, նախ նա վստահ է, որ օրինական դատական ակտ չի լինելու և Հարություն Սարգսյանի նկատմամբ մեղադրական դատական ակտ է կայացվելու, որովհետև միայն այս դեպքում նա կարող է հայտնվել «գաղութում» : Բացի այդ, կարծում եմ՝ ավելորդ է նշել, որ նման արտահայտությամբ նա փորձում էր ահաբեկել ամբաստանյալին: Յուրաքանչյուր իրավական պետության գործառույթների թվում է նաև այն, որ պահպանվի իր պետությունում գտնվող անձանց անվտանգությունը: Առավել ևս նման սպառնալիքների պայմաններում պետական համապատասխան մարմինները միանգամից պետք է ձեռնամուխ լինեն իրենց քաղաքացու անվտանգության ապահովմանը: Ինչ վերաբերվում է անձամբ ինձ ահաբեկելուն, ապա դա անիմաստ ժամանակի վատնում է:

Արման Գալոյան

 

Նախորդ հոդվածը‘ՌԴ դեսպանություն. Հայաստանցիների բողոքը «պատվիրված է եւ օգտագործվում է նեղ քաղաքական նպատակներով»’
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանի հայերի միություն. Աշխատանքային շփումների մեջ ենք ՌԴ քննչական և դատական մարմինների և գործող դատապաշտպանների խմբի հետ’