‘Փաստաբան. Օրենսդրությունը նախագահին իրավունք է տալիս ներում շնորհել՝ առանց խնդրագրի’

827

Երեկ ամենամյա մամլո ասուլիսի ավարտից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր. «Միխայիլ Բորիսովիչը (Խոդորկովսկին) պետք է, օրենքի համաձայն՝ համապատասխան թուղթը գրեր: Նա այդ չի արել: Բայց հիմա՝ բոլորովին վերջերս, նա գրել է այդ թուղթը և դիմել է ինձ ներման խնդրանքով»: Ըստ Պուտինի՝ ինքը պատրաստ է մոտ ժամանակներս ստորագրել ներման հրամանագիրը:

ՅՈՒԿՕՍ-ի նախկին ղեկավարի փաստաբաններն սկզբում ռուսաստանյան լրատվամիջոցներին հայտարարել էին, թե իրենք տեղյակ չեն նախագահին խնդրագրով դիմելու մասին, սակայն նշել էին, որ ներում շնորհելու դեպքում Խոդորկովսկին բանտից դուրս կգա անմիջապես: Բացի այդ, Խոդորկովսկու փաստաբաններից Վադիմ Կլյուգվանտը շեշտել էր, որ գործող օրենսդրությունը նախագահին իրավունք է տալիս կալանավորներին ներում շնորհել առանց որևէ խնդրագրի:

Այնուհետև Միխայիլ Խոդորկովսկու մամլո կենտրոնի կայքում հետևյալ հաղորդագրությունը հայտնվեց. « Իր փաստաբանների հետ Խոդորկովսկու հանդիպումից առաջ տրված բոլոր մեկնաբանությունները, որոնք վերաբերում են ներման խնդրագրին,անվավեր են»: Խոդորկովսկու մայրը BBC-ի ռուսական ծառայությանը տված հարցազրույցում տեղեկացրել է, որ որդու հետ վերջին անգամ խոսել է անցյալ շաբաթ օրը, և նա ոչ մի խնդրագրի մասին չի հայտնել: «Ես ամբողջությամբ կպաշտպանեմ նրա ցանկացած որոշում», ասել է Մարինա Խոդորկովսկայան:

Վլադիմիր Պուտինը և Դմիտրի Մեդվեդևը (վերջինս՝ իր նախագահության օրոք) ակնարկել են, որ Խոդորկովսկին և նրա գործընկեր Պլատոն Լեբեդևը կարող են ներման արժանանալ, եթե իրենց մեղավոր ճանաչեն:

Երեկ նաև հայտնի է դարձել, որ «МЕНАТЕП» միջազգային ֆինանսական միավորման նախկին ղեկավար Պլատոն Լեբեդևը ներման խնդրագիր չի ներկայացրել:

Նախորդ հոդվածը‘ Կոճակային մեծամասնությունն այսօր «բերման կենթարկվի» Աժ դահլիճ. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Հիմնական ավտոճանապարհները բաց են. որոշ տեղերում առկա է մերկասառույց’