‘Փետրվարի առաջին տասնօրյակում օդի ջերմաստիճանը 9 աստիճանով նորմայից բարձր էր’

1068

Փետրվարի առաջին տասնօրյակում Հայաստանում օդի ցերեկային ջերմաստիճանը նորմայից 9 աստիճանով բարձր է եղել, հաղորդել է օդերևութաբանության կենտրոնի ղեկավար Զարուհի Պետրոսյանը` փետրվարի 10-ին կայացած մամուլի ասուլիսում:

Վերջինս ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ դեկտեմբերին օդի միջին ամսական ջերմաստիճանը նորմայից 3-5 աստիճանով բարձր է եղել, իսկ հունվարին` 2-3 աստիճանով բարձր: Միևնույն ժամանակ այս ձմեռը Հայաստանի համար անոմալ չի. այսպիսի ձմեռներ դիտվել են 2010, 1999, 1979, 1966, 1963 և 1955 թվականներին:

Մինչդեռ առաջիկա օրերը հազիվ թե ուրախացնեն տաք եղանակով. մինչև փետրվարի 15-ը ներառյալ օդերևութաբանները կանխատեսում են տեղումներ, ինչպես նաև ջերմաստիճանի նվազում: Այսպես. եթե փետրվարի 11-ի ցերեկն Արարատյան հարթավայրում կլինի 8-11 աստիճան տաքություն, ապա արդեն փետրվարի 15-ին` 4-7 աստիճան: Փետրվարի 12-ի գիշերը Արարատյան դաշտավայրում կանխատեսվում է ձնախառն անձրև:

Մարտ ամսին օդի ջերմաստիճանն սպասվում է նորմայից 1 աստիճանով բարձր: Մարտին տեղումները նույնպես կգերազանցեն միջին ամսական նորման:

Նախորդ հոդվածը‘ԼՂՀ արտգործնախարարը հանդիպել է Եվրամիության հատուկ ներկայացուցչի հետ’
Հաջորդ հոդվածը‘Պերմյակովի գործով որպես մեղադրող կողմ կարող են հանդես գալ ՌԴ-ից ժամանած դատախազներ’