‘Փորձագետ. ՀՀ-ը կարող է ռազմականապես ծառայել Ռուսաստանին, տնտեսապես՝ ինտեգրվել ԵՄ-ին’

1552

Տիգրան Սարգսյանն իր դիրքորոշումը չի փոխել այն պարզ պատճառով, որ դիրքորոշում փոխելու համար պետք է դիրքորոշում ունենալ: iLur.am-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու է վարչապետ Տիգրան Սարգսյանը փոխել դիրքորոշումը Մաքսային միությանը միանալու հարցում:

Հիշեցնենք, որ Մինսկում մայիսի 31-ին, ԱՊՀ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստի շրջանակներում, տեղի է ունեցել Հայաստանի եւ Ռուսաստանի վարչապետների հանդիպումը, որի ընթացքում Տիգրան Սարգսյանն ասել էր, թե «համաձայնություն կա այն հարցում, որ պետք է արագ պատրաստել այդ հուշագիրը, համաձայնեցնել այն նախագահների հետ եւ ստորագրել», այնինչ նախկինում նա բազմիցս բացառել է Հայաստանի  անդամակցությունը Մաքսային միությանը` պատճառաբանելով, թե Հայաստանը չի կարող անդամակցել մի կառույցի, որի հետ ընդհանուր սահմաններ չունի:

«Հայաստանի իշխանություններն արտաքին քաղաքականության հարցում հստակ դիրքորոշում չունեն: Քանի որ Սերժ Սարգսյանը փետրվարին տեղի ունեցած ընտրական միջոցառման արդյունքում փաստացի նախագահ չի ընտրվել (իհարկե, դե յուրե ընտրվել է, սակայն փաստացի չի ընտրվել), Հայաստանում լեգիտիմություն չունի և, բնականաբար, լեգիտիմության հարցը փորձում է փոխհատուցել աշխարհաքաղաքական կենտրոնների պահանջները բավարարելով: Երբ որ այդպիսի պահանջ է գալիս Ռուսաստանից՝ ինտերգրվել ռուսական աշխարհաքաղաքական տարբեր միությունների, բնականաբար, իշխանություններն ասում են՝ այո: Երբ որ նման հարց է գալիս Արևմուտքից՝ ինտեգրվել Ազատ առևտրի պայմանագրին, Հայաստանի իշխանություններն ասում են՝ այո»,- նշում է փորձագետը:

Այնուամենայնիվ, փորձագետի խոսքով՝ վարչապետի հայտարարությունը չի նշանակում, որ Հայաստանը կդառնա Մաքսային միության լիարժեք անդամ, չի էլ նշանակում, որ չի դառնա Մաքսային միության լիարժեք անդամ: «Կախված նրանից, թե աշխարհաքաղաքական որ կենտրոնը իրենց վրա ինչ չափի ճնշում կգործադրի, ըստ այդմ էլ նրանք կինտեգրվեն: Եթե ճնշումը ուժեղ կլինի Ռուսաստանից, կինտեգրվեն ռուսական տնտեսական կառույցներին, իսկ եթե ճնշումը ուժեղ լինի արևմուտքից, կինտերգրվեն արևմտյան կառույցներին»,- պարզաբանում է փորձագետը:

Արմեն Բադալյանը հետագա զարգացումների երկու սցենար մատնանշեց: Առաջին դեպքում Արևմուտքն ու Ռուսաստանը, հնարավոր է՝ որոշեն, որ ռազմականապես Հայաստանը ծառայում է Ռուսաստանին, իսկ տնտեսապես ինտերգրվում է Արևմուտքի տնտեսական կառույցներում: Երկրորդ տարբերակի պարագայում էլ Հայաստանը ստիպված կլինի վերջնականապես ընտրություն կատարել այս կամ այն աշխարհաքաղաքական միության օգտին: Բադալյանի խոսքով՝ այս դեպքում Հայաստանն այդքան էլ մեծ դեր չի կատարի, որովհետև Հայաստանի իշխանությունների վրա ճնշում գործադրելը դժվար խնդիր չէ: Այստեղ Բադալյանը կարևորեց նաև Ուկրաինայի գործոնը:

«Ուկրաինան ցանկալի «նվեր» է Արևմուտքի և Ռուսաստանի համար, երկուսն էլ ցանկանում են Ուկրաինայի հարցը լուծել: Երբ վերջնականապես կլուծվի հարցը, կամ արդեն հստակություն կմտնի Ուկրաինայի հարցի մեջ, նոր արդեն կսկսեն Հայաստանով զբաղվել»,- ասաց նա:

Նշենք, որ Ուկրաինական հասարակության եւ քաղաքական դաշտում համաձայնություն չկա աշխարհաքաղաքական կողմնորոշման հարցում:

Ուկրաինան, ինչպես եւ Հայաստանը, պատրաստվում է Ասոցացման համաձայնագիր կնքել Եվրոպայի միության հետ: Միեւնույն ժամանակ, նախագահ Յանուկովիչը իր հերթին պատրաստակամություն է հայտնել համագործակցել ՌԴ առանցքի շուրջ ձեւավորվող Մաքսային միության հետ: Եվրամիությունը Ուկրաինային առաջարկել է ճշտել իր կողմնորոշումը և չստորագրել այնպիսի համաձայնագրեր, որոնք կարող են հակասության մեջ լինել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրին:

Նախորդ հոդվածը‘ՊՆ խոսնակը կոչ է անում դադարեցնել «ոչ բարոյական» նկարահանումները’
Հաջորդ հոդվածը‘«Լիվերպուլի» պաշտոնական կայքը Մխիթարյանի մասին տեղեկատվություն է տարածել’