‘Փորձագետ. Ուկրաինայի ճգնաժամը հզոր հարված կհասցնի ԱՊՀ-ին ‘

941

Ուկրաինայում առկա ճգնաժամն, անկասկած, հզոր հարված կհասցնի Անկախ պետությունների համագործակցությանը: ԱրմԻնֆո գործակալությանն այդպիսի կարծիք է հայտնել Մոսկվայի հասարակաքաղաքական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Վլադիմիր Եվսեևը:

«Ամենայն հավանականությամբ, ԱՊՀ-ն կպահպանվի, ինչպես և 2008 թվականի օգոստոսին Կովկասի պատերազմից հետո, սակայն լրջորեն կթուլանա: Դա կառնչվի, առաջին հերթին, ԱՊՀ ռազմական կառույցներին: Միանգամայն հնարավոր է, որ Ուկրաինայի նոր ղեկավարությունը լիովին դուրս գա դրանցից, ինչպես նաև դադարեցնի ԱՊՀ անդամությունը` Վրաստանի օրինակով: Հետագայում շատ բան կախված կլինի Ուկրաինայի իրավիճակից: Եթե նրան հաջողվի, ինչը շատ քիչ է հավանական, լիովին վերակողմնորոշվել դեպի Արևմուտք, ընդհուպ` ՆԱՏՕ-ին անդամակցում, ապա Համագործակցությունն էապես կթուլանա ներսից», — նշել է նա:

Սակայն, Եվսեևի կարծիքով, առավել հավանական է այն սցենարը, երբ Ղրիմը կդառնա փաստացի անկախ, ինչը կուղեկցվի Ուկրաինայի ապաինտեգրամբ` Կիևի կենտրոնական իշխանության չափազանց թուլացման դեպքում: Այդ պայմաններում ԱՊՀ-ն Ուկրաինայի կամ նրա առանձին շրջանների համար, նրա գնահատմամբ, դարձյալ կարող է սկսել դրական դեր խաղալ որպես գործոն, որը խոչընդոտում է երկրի լիակատար ապաինտեգրմանն ու փլուզմանը: Այդ համատեքստում փորձագետը կասկածում է ԱՊՀ-ում իր նախագահությունն արդյունավետ օգտագործելու Ուկրաինայի ունակությանը:

«Այժմ Կիևին, ակնհայտորեն, դա չի մտահոգում: Իսկ Ուկրաինայի նոր ղեկավարությունն առավելապես մտահոգված է, այսպես կոչված, ներքին անջատականության և սեփական լեգիտիմության հաստատման խնդիրներով: Թեև չի բացառվում, որ Կիևը փորձի ԱՊՀ հարթակն օգտագործել ուկրաինական հարցի նկատմամբ Ռուսաստանի դիրքորոշումը քննադատելու համար», — ամփոփել է փորձագետը:

 

Նախորդ հոդվածը‘ՀՀ գլխավոր դատախազն այսուհետ հաղորդում կներկայացնի ԱԺ-ին’
Հաջորդ հոդվածը‘Դավութօղլուն Ղրիմում հանրաքվեից հրաժարվելու կոչ է անում’