Քաբուլից մեկնել է ամերիկացիների հեռանալուց հետո առաջին ուղևորատար չվերթը

524

Ամերիկյան զորքերի հեռանալուց հետո առաջին անգամ Քաբուլի օդանավակայանից օդ է բարձրացել մարդատար ինքնաթիռ, որով ավելի քան հարյուր հոգի հեռացել է Աֆղանստանից։

Qatar AirWays  ավիաընկերության օդանավը հինգշաբթի վայրէջք է կատարել Քաթարի մայրաքաղաք Դոհայում, երկրորդ չվերթն սպասվում է այսօր։

Քաբուլի օդանավակայանը չէր աշխատում մեկ շաբաթից ավելի՝ օգոստոսի 31-ի գիշերվանից, երբ ԱՄՆ-ը և դաշնակիցներն ավարտեցին արևմտյան երկրների քաղաքացիների և իրենց հետ աշխատած աֆղանացիների զանգվածային տարհանումը և օդանավակայանը հանձնեցին «Թալիբանին»։

Երեկվա չվերթում եղել են Բրիտանիայի 12, Կանադայի 43, Նիդեռլանդների 13 և ԱՄՆ քաղաքացիներ, որոնց թիվը չի նշվում։

Թռիչքից հետո Սպիտակ տունը հաստատել է, որ օդանավում ԱՄՆ քաղաքացիներ կան, և շնորհակալություն է հայտնել Քաթարին՝ թռիչքը կազմակերպելու համար։ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբը նույնպես իր երախտագիտությունն է հայտնել Քաթարին։

Վերջին տարիներին Քաթարը հանդես է եկե միջնորդի դերում «Թալիբանի» և միջազգային հանրության միջև։ Աֆղանստանում թալիբների կողմից իշխանությունը զավթելուց հետո շատ երկրներ իրենց դեսպանատները Քաբուլից տեղափոխեցին Դոհա։

Քաթարցի պաշտոնատար անձանց խոսքով՝ Քաբուլի օդանավակայանի վերագործարկման հարցով համատեղ զբաղվում են Քաթարը և Թուրքիան։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըPolitico. Բրիտանական խորհուրդը փակում է իր գրասենյակները Եվրոպայում և այլուր
Հաջորդ հոդվածըChampions Showdown․ Լեւոն Արոնյանը պարտվեց Գարի Կասպարովին