‘Քահանա. Ամեն օրը պետք է ապրել որպես վերջինը, որովհետև աշխարհի վերջը հանկարծակի է գալու’

816

Աշխարհի վերջը հետաձգվում է այնքանով, որքանով ոչ մեկ չգիտի, թե երբ է դա լինելու: Այդ մասին այսօր ասաց Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանը: «Աշխարհի վերջ չի լինելու, լինելու է Քրիստոսի երկրորդ գալուստ և Ահեղ դատաստան, որից հետո մեր սովորական գոյությունը դադարելու է: Քրիստոսն ասել է. «Ոչ ոք չգիտի, թե երբ է դա լինելու: Դա հայտնի է միայն Հայր Աստծուն»: Ով որ այդպես ասում է, իր վրա է վերցնում Աստծո այդ արտոնությունը»,- նշեց նա՝ կոչ անելով ամեն օրը ապրել որպես վերջինը, որովհետև աշխարհի վերջը հանկարծակի է գալու, հայտնում է PanArmenian.net-ը:

Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանն իր հերթին հիշեցրեց, որ 1999-ից մինչ օրս առնվազն 5 անգամ աշխարհի վերջ է հայտարարվել: «Ընդ որում, ըստ Մայաների օրացույցի, աշխարհի վերջը 2003-ին պետք է լիներ: Աշխարհի վերջի մասին լուրերը միայն մարդկային երևակայության և բիզնեսի խնդիր է: Մարդիկ կարողանում են բիզնես ստեղծել ստի հիման վրա. այդ բոլոր փաստերը շինծու են և ոչինչ չեն նշանակում: Ոչ էլ մոլորակների շքերթ է լինելու, այդպիսի բան հնարավոր չէ ընդհանրապես՝ որպես գիտական երևույթ: Արեգակի ակտիվությունը միշտ էլ եղել է, իսկ բարձրագույն ակտիվությունը մյուս տարվա փետրվարին է լինելու, ոչ թե այս տարվա դեկտեմբերին»,- ասաց նա:

Հոգեբան Աննա Բադալյանը նշեց, որ աշխարհի վերջի մասին լուրերը նաև հոգեբանական մեծ ազդեցություն են ունենում մարդու վրա, ընդ որում կարող են և\’ անհատական, և\’ զանգվածային ազդեցություն ունենալ: «Աշխարհի վերջի մասին լուրերի տարածումը մարդկանց հոգեբանական մանիպուլյացիաների ենթարկելու պարբերական փորձ է»,- գտնում է հոգեբանը:

Նախորդ հոդվածը‘Մեսին ռեկորդներ է փնտրում, Ֆալկաոն «ժայթքում» է, եռյակը հաղթում. տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Էդվարդ Նալբանդյանը Փարիզում դեսպանների խորհրդակցություն է անցկացրել’