‘Քաղաքապետարանը փորձում է խոչընդոտել հանրահավաքի անցկացմանը’

2454

Երևանի քաղաքապետարանի կայքի «Հանրային հավաք» բաժնում հաղորդագրություն է տեղադրվել, որը վերաբերվում է այսօր քաղաքապետարանին ներկայացված դիմումին, համաձայն որի՝ փետրվարի 20-ին ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն և «Ժառանգությունը» Ազատության հրապարակում հանրահավաք են անցկացնելու: Ներկայացնում ենք հաղորդագրությունը ստորև.

2015 թվականի փետրվարի 16-ին ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն» և ՀԱԿ խմբակցությունները գրություն են ներկայացրել Երևանի քաղաքապետին, որում տեղեկացնում են փետրվարի 20-ին Ազատության հրապարակում` իրենց ներկայացմամբ շտապ հավաք անցկացնելու մասին:

Երևանի քաղաքապետարանը հայտարարում է, որ, համաձայն «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասի, շտապ է այն հավաքը, որը կազմակերպվում և անցկացվում է որևէ իրադարձությանը հրատապ արձագանքելու նպատակով և այդ նպատակին հնարավոր չէ հասնել իրազեկում ներկայացնելու ժամկետի պահպանման պարագայում: Մինչդեռ գրության բովանդակությունից հետևում է, որ հավաքն անցկացվելու է Հանրապետության Նախագահի` դեռևս փետրվարի 12-ի ելույթին արձագանքելու նպատակով:

«Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի հիշատակված դրույթի և գրության բովանդակության համադրումից ակնհայտորեն հետևում է, որ գրության մեջ նշված իրադարձությանը ութ օր անց արձագանքելու անհրաժեշտությունը չի կարող մեկնաբանվել որպես շտապ հավաքի անցկացման հիմք:

Հետևաբար, քաղաքապետին ներկայացված գրությունը չի համապատասխանում «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 26-րդ և 27-րդ հոդվածների պահանջներին և չի կարող համարվել տեղեկացում շտապ հավաքի մասին:

Երևանի քաղաքապետարանը հարկ է համարում նաև նշել, որ իրազեկում պահանջող հավաքը շտապ հավաքի անվան տակ անցկացվելու դեպքում բացակայում է օրենքով սահմանված լսումներ իրականացնելու և պատմության և մշակույթի հուշարձան հանդիսացող Ազատության հրապարակում հավաքի անցկացման համար բեռնատարների մուտքը թույլատրելու ու հավաքի համար անհրաժեշտ պարագաներ տեղադրելու հարցով ՀՀ մշակույթի նախարարության կարծիքը ստանալու իրավական հնարավորությունը:

Մեր կողմից նշենք, որ փետրվարի 20-ի հավաքի անցկացման առիթը թեեւ Սերժ Սարգսյանի փետրվարի 12-ի ելույթն է, սակայն, ինչպես նշվում է հավաքն իրազեկող դիմումի մեջ, այն նպատակ ունի արձագանքել Սարգսյանի ելույթի հետեւանքով առաջացած նոր ներքաղաքական իրավիճակին: Իսկ այդ իրավիճակը, պարտադիր չէ, որ առաջանար Սերժ Սարգսյանի ելույթի վերջին նախադասության ավարտից անմիջապես հետո, ինչպես փորձել է ներկայացնել քաղաքապետարանն իր պատասխան հայտարարության մեջ: Ընդհանրապես, հարկ է նշել, որ քաղաքապետարանի աշխատակազմի իրավասության մեջ չի մտնում այս կամ այն քաղաքական իրավիճակի առաջացման պահը ֆիքսելը: Քաղաքապետարանը պետք է ընդամենն ի գիտություն ընդունի իրազեկումը, որը, «Հավաքների ազատության մասին» օրենքի 27. Հոդվածի 2-րդ կետի համաձայն, անհապաղ ներկայացվել է հավաքի կազմակերպիչների կողմից:

Նախորդ հոդվածը‘Մեսսին չի ցանկացել Էնրիկեի պաշտոնանկությունը’
Հաջորդ հոդվածը‘Կիեւում ձերբակալել են Ռեգիոնների կուսակցության խմբակցության նախկին ղեկավարին ‘