‘Քառյակը առաջարկում է արտագաղթի պատճառների շուրջ լսումներ կազմակերպել ԱԺ-ում (Տեսանյութ)’

1232

Ազգային Ժողովի՝ այսօր մեկնարկած նստաշրջանում Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը առաջարկեց քննարկումներ սկսել արտագաղթի պատճառների շուրջ եւ դրա դեմ պայքարի եղանակներ փնտրել:

Նա ԱԺ ոչ իշխանական Քառյակի անունից ընդգծեց, որ արտագաղթի մեղավորը ռեժիմի ստեղծած անարդարության մթնոլորտն է, բայց, այնուհանդերձ, նրա խոսքով, խնդրի վերաբերյալ բաց քննարկումն անհրաժեշտ է:

«Կա մի հարց, որն այսօր ամենաճակատագրական հարցն է: Այնքան կարեւոր, որ բացը լրացնելու համար ԱԺ կանոնակարգի համաձայն, պահանջում ենք, որ անհապաղ հրավիրվեն ԱԺ լսումներ՝ այդ անհետաձգելի հարցով: Այս առաջարկն անում եմ Քառյակի անունից: Խոսքը արտագաղթի մասին է: Երկրից, համաձայն պաշտոնական վիճակագրության, 2008-2013-ին հեռացել է 212 հազար մարդ: Տարեկան միջինը 41 հազարի մակարդակի է հասել: Երկրի քաղաքական ուժերը պարտավոր են բաց քննարկումներ սկսել արտագաղթի մասին», — ասաց Լեւոն Զուրաբյանը:

Այս առաջարկությանն ի պատասխան՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշեց, որ հարցը պետք է նախ ներկայացնել համապատասխան հանձնաժողովի քննարկմանը: 

Այնուհետեւ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հավելեց, որ արտագաղթի խնդիրը իշխանության կամ ընդդիմության խնդիր չէ: «Այս հարցը լուրջ հետեւանքներ ունի եւ կարող է ունենալ: Մենք այս ընթացքում լուրջ ուսումնասիրություններ ենք արել, խնդրում ենք հնարավորություն ստեղծել, որ այդ ուսումնասիրությունները հասու դառնան բոլոր պատգամավորներին եւ հասարակությանը: Մենք անհրաժեշտ ենք համարում, կա շատ լուրջ խոսելու նյութ: Խորհրդարանը պարտավոր է իմանալ ՀՀ-ում ընթացող ժողովրդագրական գործընթացների մասին: Սա կարող է լինել լրիվ բաց, կարող է լինել փակ, դա դուք որոշեք: Բայց հարցի քննարկումը թիվ մեկ մարտահրավերն է այսօրվա վիճակի համար», — ասաց Արամ Մանուկյանը:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն իր հերթին նշեց, որ բազմաթիվ դպրոցների, որտեղ ժամանակին տարեկան 30 աշակերտ է գնացել առաջին դասարան, այժմ մեկ առաջին դասարանցի է բաժին ընկնում:

«Բոլորս գիտենք, որ արտագաղթը հետեւանք է, պատճառ չէ: Եթե վերլուծենք պատճառները, խնդիրների մի լայն սպեկտր կբացվի», — ասաց Հակոբյանը:  

Նախորդ հոդվածը‘Հակախմբագրական. Հեքիաթ այն մասին, թե ինչպես ՀՀ ոստիկանությունը փրկեց անմեղ մոլագարին’
Հաջորդ հոդվածը‘Հռոմի պապը, հնարավոր է, նոյեմբերին Հայաստան ժամանի — PanARMENIAN.Net’