‘Քրգործ՝ ադրբեջանական տարածքից հայ գյուղացու նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ’

1311

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Պառավաքար գյուղի 43-ամյա բնակչի նկատմամբ ադրբեջանական տարածքից սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ: 2015թ. հունվարի 11-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանագծում գտնվող ադրբեջանական «Ալենի բուտկա» կոչվող հենակետից,  ազգային ատելության շարժառիթով, դիտավորությամբ, սպանություն կատարելու նպատակով կրակոցներ են արձակվել վառելափայտ հավաքելու նպատակով Տավուշի մարզի Պառավաքար  գյուղին  պատկանող «Ծատուրանց ձոր» կոչվող հանդամաս մեկնած նույն գյուղի բնակիչ,  43-ամյա Ալբերտ Զոհրաբյանի ուղղությամբ։

Կրակոցների հետեւանքով հայ գյուղացուն պատկանող «Վազ 2121» մակնիշի 34 AD 169 հաշվառման համարանիշի ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է: Դեպքի առթիվ Բերդի քննչական բաժնում հունվարի 12-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով և 185-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով: Դեպքի վայրում առայժմ հնարավոր չի եղել զննություն կատարել, քանի որ տարածքում չեն դադարում հակառակորդի կողմից արձակվող կրակոցները։ Ալբերտ Զոհրաբյանը ճանաչվել է տուժող և  հարցաքննվել: Կատարվում է նախաքննություն:  

ՀՀ քննչական կոմիտե

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Խնդիրների լուծման հիմքը բացառապես քաղաքական է’
Հաջորդ հոդվածը‘Հանրապետության հրապարակի համերգը չի կայանա’