‘Քրեական գործ Արգիշտի Կիվիրյանի դեմ’

1420

Հայաստանի գլխավոր դատախազի՝ երեկ երեկոյան տված հանձնարությամբ Երևանի Կոմիտաս 5 հասցեում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ նյութերը ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ): «Ազատություն» ռադիոկայանին այս տեղեկությունը փոխանցել է գլխավոր դատախազի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը: 

«Միջադեպի վերաբերյալ նախապատրաստված նյութերը քննարկվել են, և հաշվի առնելով, որ նաև Արգիշտի Կիվիրյանը հաղորդում է ներկայացրել, որ իր նկատմամբ բռնություն են գործադրել ոստիկանության բաժնի աշխատակիցները, նյութերն ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն», — ասաց խոսնակը:

Սոնա Տռուզյանի փոխանցմամբ, դեպքի վերաբերյալ ոստիկանության աշխատողը՝ դասակի հրամանատարը նաև զեկուցագիր է ներկայացրել, թե ոստիկանության ավտոմեքենայի մեջ Կիվիրյանը իր նկատմամբ բռնություն է գործադրել:
Այդ կապակցությամբ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով՝ «իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավորի նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ դրա սպառնալիքը, ինչպես նաև իշխանության ներկայացուցչին՝ օրենքով նրա վրա դրված պարտականությունները կատարելու ժամանակ խոչընդոտելը», որը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով: Այս գործը նույնպես գլխավոր դատախազի հանձնարարությամբ ուղարկվել է ՀՔԾ:
Արգիշտի Կիվիրյանը օգոստոսի 24-ին տեղի ունեցածի կապակցությամբ հաղորդում էր ներկայացրել Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն ժամանած հետաքննիչին՝ խնդրելով պատժել իր նկատմամբ բռնություն գործադրած ոստիկաններին: Հարցին, թե եթե ոստիկանի զեկուցագրի հիման վրա ոստիկանությունում անմիջապես հարուցվել է քրեական գործ, դեռ քրեական գործ չի՞ հարուցվել Արգիշտի Կիվիրյանի ներկայացրած հաղորդման հիմքով, Տռուզյանը պատասխանեց՝ այս պահի դրությամբ՝ ոչ:

Արգիշտի Կիվիրյանի փաստաբան Լուսինե Սահակյանը «աբսուրդ» որակեց այն, որ ոստիկանի զեկուցագրի հիման վրա անմիջապես քրեական գործ են հարուցել, իսկ Կիվիրյանի դիմումի հետևանքով դեռ քրեական գործ չի հարուցվել: Օրենքով տասնօրյա ժամկետ է սահմանված քրեական գործ հարուցելու կամ հարուցումը մերժելու մասին որոշում կայացնելու համար: Լուսինե Սահակյանն ասաց, որ երեկ դիմել է ՀՔԾ՝ նշելով, որ դեպքից երեք օր է անցել, սակայն դեռ դատաբժշկի ուղեգիր չի տրվել, ուստի, ինչպես նշեց նա, ՀՔԾ-ին ներկայացրել է հաղորդում հանցագործության մասին: Փաստաբանի համոզմամբ՝ «սա ակնհայտ քաղաքական հետապնդում է»:

Հատուկ քննչական ծառայությունից «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցել են, որ դեռ չեն ստացել նյութերը: Միայն նշեցին, որ օգոստոսի 24-ին ՀՔԾ-ն ստացել է  Արգիշտի Կիվիրյանի հաղորդումը, ըստ որի, օգոստոսի 1-ին Երևանի քաղաքապետարանի տարածքում փորձել է վրան տեղադրել, սակայն ոստիկանությունը իր նկատմամբ բռնություն է գործադրել, մարմնի վրա քերծվածքներ կան: ՀՔԾ-ից փոխանցում են, որ այս առնչությամբ ևս դեռ քրեական գործ չի հարուցվել, նյութեր են նախապատրաստվում:

 

Նախորդ հոդվածը‘ՀՅԴ. Մարտահրավերներին դիմագրավելու համար Հայաստանը պետք է միատեղի համայն հայության ներուժը’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Հենց ձեր արտանետած աղբաջուրն էլ կքշի-կտանի ձեզ’