Քրիստինե Խանումյան. Բլոկադային պատմություններ․ Թե ինչ եղավ այն բանից հետո, երբ Քոչարյանի «առիթով» զանգեցի տիկին Սեդային

1096

Բոլոր ինձ ճանաչողները եւ անգամ նրանք, ովքեր մի քիչ են ճանաչում, գիտեն՝ ես թիվ չեմ հիշում։ Ես չեմ հիշում պատմական իրադարձությունների տարեթվերի մեծ մասը, հասցեները, ծննդյան օրերը, նույնիսկ իմ սեփական հեռախոսի համարը, անգամ, թե ով՝ քանի տարեկան է, անգամ, թե ես քանի տարեկան եմ։ Ոչ ամենեւին թիթիզության բերմամբ, այլ՝ թվերի հանդեպ ի ծնե ունեցած անհասկանալի տոտալ անտարբերության բերումով։

Հիշում եմ՝ մի օր այնքան բողոքեցինք դասարանում, թե մաթեմատիկան չենք սիրում, որ մեր ուսուցչուհու՝ ընկեր Սարգսյանի նյարդերը տեղի տվեցին, եւ նա ուղղակի վրա բերեց, թե՝ «մոժնը պադումած, մաթեմատիկայի ուշքը ձեզ համար գնում ա»։

Որոշ պատմական իրադարձությունների թվեր, իհարկե, դաջվել են ուղեղիս մեջ. ասենք՝ Կոստանտնուպոլսի կամ Կիլիկիայի անկման տարեթվերը, էդ էլ միայն Աստված գիտի՝ ինչի համար։

Ծնունդները հիշելու հարցում ինձ միշտ օգնության էր գալիս մամաս, որ բոլոր բարեկամ-հարազատ-ծանոթների ծնունդներից մի շաբաթ առաջ արդեն զանգում հիշեցնում էր՝ չմոռանաս այսինչին զանգել շնորհավորել, ու դե վստահ, որ հաստատ մոռացել եմ, մի հատ էլ հենց զանգելու օրն էր հիշեցնում։ Սույն օգտակար ֆունկցիային միացավ մեր բարեկամ Ցուկերբերգն իր ֆեյսբուքով, ինչի շնորհիվ զգալիորեն նվազել են ծանոթ մարդկանց մոտ հիմար վիճակում հայտնվելու իմ շանսերը։ Մտնում ես Ֆեյսբուք, եւ վուալա` քեզ հիշեցնում է (իմ դեպքում՝ ամեն անգամ ինչպես հրատապ, շտապ նորություն ծանուցում է), թե ում ծնունդն է այսօր, եւ word-ը եւ հայերեն ստեղնաշարը քեզ օգնական, մի այնպիսի տեքստ մոգոնիր, որ հասցեատերը կարծի, թե մի ամբողջ տարի ոչ հաց ես կերել, ոչ ջուր ես խմել ու Էսկոբարի մեմի դեմքով սպասել ես, թե երբ է ի վերջո նրա ծննդյան օրը գալու, որ քո ամբողջ մաղթանքաշարը շաղ տաս ի տես ամբողջ աշխարհի, ու մի հատ էլ սրտիկ ու շամպայնի շշի զմայլիկ տեղադրես որպես վրադիր։

Փոխարենը ես ունեմ որոշ թվեր, տարեթվեր, ծննդյան օրեր ասոցիատիվ հիշելու կարողություն։ Ու դե մեկ էլ՝ ցինիկ հումոր։ Որն ավելի սրվեց, ես կասեի՝ կատարելագործվեց բլոկադայի օրերին։ Ասոցիատիվ հիշողության ցինիզմն այն է, որ, օրինակ՝ ես օրով չեմ հիշի, թե երբ է իմ սիրելի տիկին Սեդայի ծննդյան օրը, բայց հիշում եմ, որ նա եւ Ռոբերտ Քոչարյանը նույն օրն են ծնվել։

Ու քանի կան Քոչարյանին կից ԶԼՄ-ները, ակտիվիստները, ես երբեք, ոչ մի պարագայում առանց այլ հիշեցման բաց չեմ թողնի տիկին Սեդայի ծննդյան օրը։

Օգոստոսի 31-ին՝ ամառվա ամենա«ճռռ» շոգին ես ոտքով (Ստեփանակերտում արդեն վաղուց բենզին չկար, տրանսպորտ չկար, տաքսի չկար, մեքենա չէր տեղաշարժվում, բացի ուրախ ավտոբուսից, որի մասին այլ առիթով կպատմեմ) գնում էի եղունգներ սարքելու։ Մանիկյուրի, էլի։ Քայլելու երկար ճանապարհ կար, քանի որ Ստեփանակերտի ամենալավ վարպետը՝ Գոհարը, չգիտեմ ինչու՝ մեր տնից բավականին հեռու էր աշխատում։ Բայց դե` ես ոտքով Հադրութի Տող գյուղից Դիզափայտ գնացած ու հետո ոտքով հետ Տող եկած կոփված աղջիկ եմ (Սուսաննա Բալայանի ականջը կանչի), Մխիթար Գոշ-Վազգեն Սարգսյան ուղղությունն ի՞նչ էր, որ չհաղթահարեի։ Բայց դե` արեւը մի կողմից էր ինձ ուտում, ցինիզմս՝ մյուս, հումորիս տոպրակն էլ լցվել թափվում էր դուրս, մի բան պետք էր անել։ Համ էլ՝ առավոտից պիտի զանգեի տիկին Սեդային՝ շնորհավորելու։ Զանգեցի։ Ալո-ից հետո լուրջ ձայնով արտաբերեցի. «Բարեւ ձեզ, պարոն նախագահ, թույլ տվեք շնորհավորել ձեր ծնունդը»։ Տիկին Սեդայի-աղճի՜՜՜-ն չփրկեց, շարունակեցի. «Վաայ, տիկին Սեդա՞, սխալմամբ ձե՞զ եմ զանգել, ես էլ Ռոբերտ Քոչարյանին էի զանգել, որ ծնունդը շնորհավորեմ։ Դե լավ, որ ձեզ եկավ զանգը, ձեզ էլ շնորհավորեմ»։

Թե ինչ եղավ հետո, ինչպես ասում են՝ շատ հուզիչ էր։ Հուզիչը ո՞րն է, ես կասեի՝ գուժիչ էր։ Հիմա Երեւան գալուց հետո՝ տիկին Սեդայի հետ պիտի կոֆե խմեմ։

Ինչպես կասեր մեր սիրելի Լիզան՝ վախըմ եմ։

Նախորդ հոդվածըՄոսկվայում անհետացել է պետական գրադարանի գլխավոր գրադարանավարը
Հաջորդ հոդվածըԱբխազիայի ղեկավար․ Զելենսկին փորձում է պատերազմ հրահրել Կովկասում