Քրիստինե Խանումյան. Բլոկադային պատմություններ․ Ուրախ ավտոբուս

1111

1-ին մաս 2-րդ մաս

Ինչպես ասում է Գագիկ Ծառուկյանը՝ Դուբայ երեւի բոլորդ էլ գնացել եք… վա~յ, չէ, էս ուրիշ օպերայից էր։ Ուզում էի ասել՝ Կուստուրիցայի ֆիլմերը երեւի բոլորդ էլ նայել եք, ու երեւի շատերդ մտածած կլինեք, թե իր ողջ տաղանդով հանդերձ՝ այդ ֆիլմերի սյուժեներն ավելի շատ սյուրռեալիստական են, ֆանտաստիկ մտքի արգասիք, որովհետեւ այնպիսի ծանր թեմաները, ինչպիսիք նկարագրված են, օրինակ, «Ընդհատակ» կամ «Կյանքը հրաշք է» ֆիլմերում, դժվար թե իրական կյանքում ուղեկցվեին նման, բառի լավ իմաստով` աննորմալություններով ու խենթություններով։

Ինչ մեղքս թաքցնեմ, մինչեւ բլոկադայում հայտնվելը՝ ես որ հաստատ կարծում էի, թե Կուստուրիցան պարզապես ռեժիսորական հմուտ հնարքների էր դիմում՝ այդ խենթ տեսարանների ֆոնին պատերազմական օրերի ծանրությունն ու դրամատիզմն ավելի ընդգծելու համար։ Ինչպես որ նկարչության մեջ հայտնի է՝ ֆոնի գույնն է որոշում ֆոնին պատկերված գույնի ընդգծվածության աստիճանը։ Իսկ ահա երբ սկսվեց բլոկադան, հասկացա՝ մենք բոլորս ապրում ենք Կուստուրիցայի ֆիլմերում։ Ամեն ինչ ավելի քան իրական էր։

Ինչ խոսք, մեծ հաշվով, ամբողջ բլոկադան էր հենց Կուստուրիցայի «Ընդհատակ» ֆիլմը  հիշեցնում․ տեղական քաղաքական դաշտը վերածվել էր մի հսկայական Մարկոյի, որ ընդհատակում գտնվող մի ողջ ժողովրդի համոզում էր, որ մենք դժվարություններին դիմանալով՝ արդյունավետ պայքար ենք մղում մեզ բլոկադայի մեջ պահողների դեմ։ Մարդկանց մեծ մասն էլ լուրջ-լուրջ հավատում էր այդ հեքիաթներին եւ քիթը դուրս չէր հանում Մարկոյի գետնահարկից՝ ստուգելու համար, թե գուցե ամեն բան արդեն վաղուց ավարտվե՞լ է։ Իսկ եթե մի քանի «խելառներ» էլ աղաղակում էին, որ այլեւս ելք չկա՝ պետք է կա՛մ բանակցել, կա՛մ մտածել մարդկանց էվակուացիայի մասին, նրանք հարթակ էին բերում հանրահավաքային թամադաներին ու թամադուհիներին, կամ էլ իրենք էին եթեր մտնում (երբեմն` ուղիղ, երբեմն՝ նախապես ձայնագրած) եւ աղիողորմ պաթոսով, Պարոնյանի ասած, «պոռալով»՝ ելք կա՜, ելք կա՜․․․

Հետագայում, իհարկե, պարզվեց, որ ելք իսկապես կար, եւ մենք այդ ելքով մազապուրծ հասանք Հայաստան, բայց դա արդեն այլ պատմություն է։

Մի խոսքով, մենք մեզ համար խախանդ ապրում էինք «Ընդհատակ»-ում, մեկ էլ կամաց-կամաց սկսեց պարզվել, որ կուստուրիցայական առօրյան ընդլայնվում է, կյանքը «հետաքրքրանում է», արդեն այլ ֆիլմերի սյուժեներ են ավելանում, միախառնվում են «Կյանքը հրաշք է»-ն, «Սեւ կատու, սպիտակ կատու»-ն, «Հայրիկը գործուղման է»-ն, «Ելակը սուպերմարկետում»-ը, կարճ ասած՝ մի հատ աջաբսանդալ, էն աջաբսանդալը, որի առիթով Նիկոլը մուննաթ էր գալիս, թե` արցախցիներս էդ ո՞նց է որ աջաբսանդալի մատերիալ չունենք։

Եվ եթե ֆիլմի լավագույն վերապրման համար առանձին նոմինացիա ու «Օսկար» կամ «Ոսկե արմավենի» տալու հնար լիներ, մենք առաջիկա մի քանի տարիների բոլոր արձանիկները կտանեինք տուն (ինչն ամենաուղիղ իմաստով արդեն չունենք)։

Ու ահա այդ կուստուրիցայական աջափսանդալի ֆոնին երեւան է գալիս Ստեփանակերտի ուրախ ավտոբուսը՝ աբսուրդն ամբողջացնելու եւ վառվռուն երանգով օժտելու համար։

Ուրեմն, ժամանակին Արցախում մի վանգոգյան դեղին գույնի երկհարկանի տուրիստական (բաց տանիքով) ավտոբուս կար․ ըստ ավտոբուսի ճակատին դաջված գրության՝ ժամանակին տուրիստներ էր տեղափոխել Շուշիից դեպի Գանձասար։ Թե պատերազմից հետո մինչեւ բլոկադան ընկած ժամանակահատվածում ի՞նչ գործունեություն էր ծավալել, ինձ հայտնի չէ, իսկ ահա բլոկադայի ժամանակ ավտոբուսը տեսա կայանված Վերածննդի հրապարակում՝ կառավարության շենքի մոտ։

Արցախում մեքենաների մեծ մասը գազով էր աշխատում. երբ գազն անջատում էին՝ քաղաքում մեքենաների հոսքը զգալիորեն նվազում էր, ինչն ավանդույթ դարձավ գազի վերջին ու վերջնական անջատումից հետո։ Մնացած քիչումիչ ավտոները երթեւեկում էին բենզինով։ Թեեւ բենզին եւս չկար, բայց ճարվում էր. ճարվելը որն է, առնում էին մարդիկ ռուսներից, ուղղակի քանակը քիչ էր, գինը՝ բարձր, քիչ էր ու թանկ, բայց ճարվում էր, թանկ էր, բայց ճարվում էր՝ Կարցեւի ասած. «Правда, по пять рублей… но зато большие…»։ 

Ամառվանից սկսած` արդեն էդ ալիքն էլ չորացավ։ Իսկ երբ հանրային տրանսպորտն էլ դադարեցրեց երթեւեկությունը, քաղաքում էլ մեքենա չէր երեւում գրեթե։ Երբեմն-երբեմն երթեւեկում էին միայն դիզվառելիքով աշխատող մեքենաները, բայց փողոցները հիմնականում դատարկ-դատարկ էին, եւ այդ կատարյալ ամայությունը ժամանակ առ ժամանակ խախտում էին սպորտային արտաքինով մի քանի հեծանվորդներ, հանկարծակի հեծանվասեր դարձած որոշ ոչ սպորտային արտաքինով քյարթուներ, որոնք «կաստում-շալվարի» տաբատով հեծանվին հեծնած վերուվար էին անում, եւ մի քանի ինքնագլդորավարներ։ Հա, մեկ էլ մի խումբ ձիավոր։ Ավելի ճիշտ՝ կոնկրետ մի ձիավոր։ Ասպետ չէ։ Պապիկ։ Մի խոսքով, ով ինչպես կարողանում էր՝ ոտքը գետնից կտրում էր։ Դե, իսկ մենք՝ մնացածներս, էդ ամառվա շոգ կրակին բառացիորեն հալչելով ծորում էինք փողոցում, քանզի դժվար էր այդ գործողությունը քայլել անվանել։

Ու ահա այս ֆոնին մեկ էլ Ստեփանակերտի փողոցներում նկատվում է դեղին ավտոբուսը։ Նկատվելը որն է, դժվար էր դատարկ փողոցում չնկատել դեղնագույն շարժվող այդ հսկայական երկհարկանի ավտոբուսը։ Միայն պակասում էր, որ հենց այդ պահին սովետահայերեն ակցենտով մի կին բարձրախոսով գոռար՝ հրապարա՜կ է մտնո՜ւմ իսկանդե՜․․․ ավտոբուսըըըը՜․․․

Բայց աբսուրդն, իհարկե, ինքն ավտոբուսը չէր, այլ այն, որ ավտոբուսը օրը մի քանի անգամ երթեւեկում էր Վերածննդի հրապարակից դեպի Տատիկ-Պապիկ եւ` հակառակ ուղղությամբ։ Կարծեմ՝ տոմսը 1000 դրամ էր։ Իսկ ամենամեծ աբսուրդն այն էր, որ երկրորդ հարկը միշտ մարդկանցով լիքն էր լինում․ այո՛, այո՛, ստեփանակերտցիներն ամենայն լրջությամբ տոմս էին գնում, հեռավոր Չինաստանից կամ Նիկարագուայից, ինչու ոչ՝ նաեւ Խանտի Մանսիյսկից Ստեփանակերտ ժամանած հետաքրքրասեր տուրիստի կամ առաջին անգամ հայրենիք ոտք դրած սփյուռքահայի դեմքով նստում ավտոբուսի երկրորդ հարկում, զվարթ ձայնարկություններով միացնում էին հեռախոսները՝ որ հա՛մ սելֆի անեն, հա՛մ քաղաքը տեսալուսանկարահանեն ու հայդե՝ վերե՛ւ-ներքե՛ւ, վերե՛ւ-ներքե՛ւ․․․ վերեւ-ներքեւ․․․

Սկզբում, իհարկե, մտածում էի, թե՝ դե լավ, էդ մի անգամն էր, ի՞նչ նոր բան պիտի տեսնեն ամբողջ կյանքը Ստեփանակերտում ապրած մարդիկ, որ գումար տան տեսնելու համար այն, ինչն ամեն օր՝ առավոտից երեկո, ուզած-չուզած, տեսնում են։ 

Բայց հետո պարզվեց, որ դեղին ավտոբուսը մեծ պահանջարկ ուներ, ու դարձավ տոն, որ միշտ մեզ հետ էր։ Ամայի քաղաք, ոտքերը մի կերպ քարշ տվող մարդիկ, ու մեկ էլ հայտնվում է անիվներով շարժվող բան՝ մե հրաշք (համարյա «Ավդոյի մեքենան» ֆիլմի կադր հիշեցնող տեսարան). փողոցով սուրում է դեղին ավտոբուսը՝ երկրորդ հարկում հրճվող մարդկանցով։ Էն որ ասում են՝ «գժեր, գժվեք» է՛, ա՛յ, լրիվ մեր մասին էր։

Մենք էլ, դե, ինչպես կարողանում՝ գժվում էինք։

Նախորդ հոդվածըԱԱ-2034-ը կընդունի Սաուդյան Արաբիան, 2030-ի մրցաշարը՝ 6 երկիր
Հաջորդ հոդվածըՑԱԽԱԼ-ը խոցել է ահաբեկիչների 11 հազարից ավելի ռազմական թիրախ