‘Քրիստինե Խանումյան. Լավով կամ վատով’

2222

Հայաստանում ներքաղաքական իրավիճակը հասել է մի այնպիսի աստիճանի (ներքին և արտաքին լարվածություն, կաթվածահար տնտեսություն, տոտալ անվստահություն իշխանությունների հանդեպ, համատարած կոռուպցիա և արդարության, լեգիտիմության աղետալի դեֆիցիտ), որ իշխանություններին՝ ընդհանրապես, և հատկապես՝ Սերժ Սարգսյանին, ըստ էության, երկու ելք է մնացել.

Ա՝ հեռանալ լավով

Բ՝ հեռանալ վատով

Ըստ էության՝ այլ ելք Սերժ Սարգսյանը չունի: Բոլոր հնարավոր քայլերը կատարված են, բոլոր հավանական էտապներն ու ուղիները՝ անցած, բոլոր միջոցները՝ փորձված: Նրա հետևում պատ է: Անշուշտ, Սերժ Սարգսյանը դեռ կարող է մի շատ կարճ ժամանակ շախմատային տախտակի վրա մնացած իր վերջին մի զույգ ու կենտ խաղաքարերը տեղափոխել աջ ու ձախ, ապա անընդհատ վերադարձնել նույն դիրքին, սակայն քանի որ խաղի ելքն արդեն իսկ կանխորոշված է, ապա լավագույնը, ինչին կարող է հասնել Սերժ Սարգսյանը՝ մի փոքր ժամանակ շահելն է: Մի փոքր ժամանակ՝ առանց հաղթանակի հույսի: Սեփական պարտությունը կանխազգալու տրամադրվածությամբ: Չի բացառվում, իհարկե, որ սա յուրօրինակ քաղաքական մազոխիզմի դրսևորում է, քանի որ որևէ այլ տրամաբանական հիմնավորում դժվար թե հնարավոր լինի գտնել Սարգսյանի վարքը նկարագրելու համար: Երբ բոլոր քայլերն արդեն սպառված են, իսկ բոլոր փամփուշտները՝ պարպված, ապա միայն մազոխիստը կարող է ժամանակ ձգել՝ հասկանալով, որ միակ բանը, ինչ ինքը կարող է «շահել», սեփական դրությունն ավելի բարդացնելն է: Հակառակ պարագայում պետք է որ դժվար չլիներ հասկանալը, որ երբեմն սեփական պարտությունը կանխատեսելն ու հեռանալը ավելի պատվաբեր կարող է լինել (անգամ բոլորի կողմից մերժված գործիչների պարագայում), քան մնալն ու ամեն գնով «հաղթել փորձելը», քանի որ եթե բախտդ բերի, ու «հաղթես», ապա այդ պարագայում պարտվողը սեփական ժողովուրդը կարող է լինել, իսկ եթե չբերի, ապա «մեղքը քո վիզը»:

Բայց, ինչպես տեսնում ենք, Սերժ Սարգսյանը դեռ փորձում է ժամանակ ձգել: Կամ, ավելի ճիշտ, փորձում է հնարավորինս երկար հրապարակավ չհանձնվել, չնայած՝ բոլորից լավ է տեղեկացված ու գիտակցում է, որ մնալու որևէ ռեսուրս չունի: Այն, որ նա պետք է հեռանա, և որ այդ պահը սարերի հետևում չէ, գաղտնիք չէ: Բոլորը հասկանում են, բոլորը խոսում են, որ Սերժ Սարգսյանին քիչ է մնացել: Եւ բոլորը սպասում են այդ իքս օրվան:

Այժմ, ինչպես արդեն նշեցինք, հարցերի հարցն այլևս այն չէ, թե արդյո՞ք գնալու է Սերժ Սարգսյանը, այլ այն, թե ինչպե՞ս է նախընտրելու գնալ: Լավո՞վ, այսինքն՝ սեփական կամքով (գոնե վերջին պահին ցուցաբերված), թե՞ վատով: Թե ինչպիսին կարող է լինել այդ վատը, դա էլ կախված է Սերժ Սարգսյանից: Ինչքան շատ ձգի, այնքան ավելի ողբերգական ու ցավոտ կարող է լինել հեռացումը:

Ժողովուրդն իր ընտրությունն արդեն կատարել է: Կատարել է վաղուց: Սերժ Սարգսյանը պետք է հեռանա, և այդ որոշումն անբեկանելի է: Այժմ Սերժ Սարգսյանի որոշում կայացնելու հերթն է՝ հեռանալ լավո՞վ, թե՞ վատով: 

Նախորդ հոդվածը‘Աշխարհում ավելի քան 100 միլիոն քրիստոնյաներ հալածանքների են ենթարկվում ‘
Հաջորդ հոդվածը‘Վաղը կհոսանքազրկվեն Երևանի որոշ փողոցներ’