‘Քրիստինե Խանումյան. Հաց՝ թշնամու համար ‘

2901

***

Կարևոր նախազգուշացում՝ հայ նորահայտ քվազի-պացիֆիստների ու վիրտուալ տիրույթից ամեն օր «Ալիևի մաման լացացնող» ֆեյսբուքյան «հայրենասերների» համար. նյութը ո՛չ ծայրահեղ պացիֆիստական է, ո՛չ էլ՝ պատերազմի կոչ անող: Ընդհանրապես, ոչ մի բանական մարդ երբեք պատերազմ չի ցանկանա, պատերազմը հենց այնպես ցանկանում են թերևս միայն խելագարները: Ու քանի դեռ հնարավոր է՝ պետք է խուսափել պատերազմից: Բայց երբ զոհասեղանին է դրված անվտանգությունդ, քո ու երկրիդ լինել-չլինելու հարցը, նույնքան խելագարություն է պատերազմից խուսափելն ու քո դեմ կռիվ սկսած զինվորի ինքնաձիգի փողի մեջ ծաղիկ դնելը:

Աբսուրդն սկսվում է հնարավոր վտանգների ժամանակ, երբ պատերազմ գնալու իրենց անհագ ցանկության մասին խոսում են նրանք, ովքեր նույնիսկ չգիտեն էլ՝ պատերազմն ինչ է: Կամ, ավելի ճիշտ՝ կարծում են, թե այն էն ռոմանտիկ կռիվ-կռիվ կինոն է, երբ կուրծքդ բաց՝ կարելի է դեմ հանդիման դուրս գալ քեզ կրակողներին, ու ոչ մի փամփուշտ քեզ չի խոցի: Եւ, ամենայն հավանականությամբ, վտանգի դեպքում այսպիսիք հենց առաջինը խույս կտան պատերազմից: Այդուհանդերձ, պատերազմից խուսափելու համար միշտ, ՄԻ՛ՇՏ պետք է պատրաստ լինել պատերազմի՝ չռոմանտիզացնելով այն, խորապես գիտակցելով՝ ինչ է այն և ԵՐԲԵՔ ու ԵՐԲԵՔ այդ տեղեկատվական առիթը քաղաքական շահարկումների առարկա չդարձնելով:

***

Առաջին կրակոցն այնքան սարսափելի չի լինում, որքան կարող է թվալ….առավելևս՝ եթե մինչ այդ երբևէ կրակոցի ձայն չես լսել…առավելևս՝ եթե մտքովդ չի անցնում, որ հետո այդ ձայնը դառնալու է սովորականի պես մի բան…

Սարսափելին լինում է հետո…երբ այդ ուղեղդ ծակող ձայնը լսում ես երկրորդ, երրորդ, չորրորդ, հազարերորդ, տասը հազարերորդ անգամ……

Իսկ ամենասարսափելին լինում է ավելի հետո` երբ ինչ-որ մի պահից սկսած այդ ձայնն այլևս չես լսում…..առանց կրակոցների աշխարհ «հետ վերադառնալը» դառնում է սարսափելի բարդ…….որովհետև ենթագիտակցությունդ պարբերաբար սպասում է այդ ձայնին, անկախ քեզանից, և երբեմն անգամ դռան սովորական շրխկոցը կրակոցի ձայն է հիշեցնում….

…Երբ երեխա ժամանակ փամփուշտներից թափում էինք վառոդը, վառում և հրճվում էինք այնպես, ասես մեզ համար դրանք ամենասովորական խաղալիքներ լինեին, մեզանից որւեէ մեկը չէր էլ կարող պատկերացնել, որ այդ` մեզ համար խաղալիքները ստեղծվել են մարդկանց, այդ թվում և մեզ սպանելու համար …..

Մենք դեռ չէինք պատկերացնում և չգիտեինք, որ շենքերի մոտ փոքրիկ գնդակներ հայտնաբերելիս դրանցով չպետք է խաղանք ոչ մի դեպքում (նույնիսկ՝ եթե մեզ զգուշացնում էին, միևնույն է՝ դրանք մեր ձեռքն առնելու ցանկությունն անսահման էր), և այդ մասին իմացանք միայն այն ժամանակ, երբ մեզ համար խաղալիք գնդակը պայթեց մեր հարևանի որդու ձեռքին և վնասեց աչքը…..մեզ համար այդ ժամանակ մի նոր հայտնություն եղավ. կան խաղալիքներ, որոնցից կարելի է վնասվել….

Ինչպե՞ս են այդ խաղալիքները հայտնվել մեր բակում, ովքե՞ր են ստեղծել դրանք, ինչի՞ համար…մեզ համար այն ժամանակ այդ հարցերն անպատասխան էին ասես…իսկ եթե պատասխան էլ ունենում էինք, միևնույն է, մանկությունն այդ պատասխաններին ստիպում էր այլ դիտակետից նայել….

Մի օր, երբ հերթական անգամ  Ստեփանակերտի գլխավերևում երևացին ռմբակոծիչները, ես ու եղբայրս նկուղ վազելուց առաջ նայեցինք պատուհանից, տեսանք, որ ինքնաթիռները երկուսն են, և մանկությունն իրենն արեց՝ մենք սկսեցինք խաղալ՝ էս մի ինքնաթիռն իմն է, մյուսը` Արտակինը….հետո, սկսեցինք «կռվացնել» ինքնաթիռները, վիճում էինք, թե որ մեկինն է ավելի մեծ ու ավելի արագ թռչում….

Մանկությունն, ամեն դեպքում, ամեն ինչին խաղի աչքերով է դիտում, և նույնիսկ պատերազմը մանուկ ժամանակ խաղ է թվում….իրական վտանգի գիտակցումը ունենում ես միայն ամենավերջին պահին, երբ վտանգն արդեն ոտքերիդ տակ է լինում, իսկ երբ այն անցնում է, նորից սկսվում է խաղը….որը երբեմն անվերջանալի է թվում…

Ու թերևս հենց այդ պատճառով էլ նույնիսկ թշնամուն պատերազմի ժամանակ մանուկներն այլ կերպ են ընկալում…այն կա, ինչ-որ տեղ, սահմանից այն կողմ կրակում է, օդում կրակում է…հեռու….բայց երբ նա կանգնած է լինում քեզ դեմ հանդիման…..մանուկների համար նրանք դառնում են սովորական մարդ….որովհետև դժվար է մանուկներին պատկերացնել, որ ահա այդ մարդը, այդ մեծ մարդը օրեր առաջ գնդակոծում կամ ռմբակոծում էր քո քաղաքը…

…ադրբեջանցի ռազմագերիներին մի կարճ ժամանակ աշխատեցնում էին Ստեփանակերտի փողոցներում` նրանք ծառ էին տնկում, ավլում էին փողոցները….իսկ մենք գնում էինք նրանց նայելու….և չնայած արդեն գիտակցում էինք, որ նրանք մեր թշնամիներն են, որ մեր հարևանի տղայի աչքը նրանց պատճառով էր վիրավորվել, որ կրակոցների ձայների հեղինակներն են նրանք, որ նրանք ու հենց նրանք են խեղել մեր մանկությունը, միևնույն է, մենք արտասվում էինք, որովհետև, մի տեսակ….կարծես՝ խղճում էինք նրանց….

…Հետո մենք՝ երեխաներս, վազում էինք տուն, ծնողներից թաքուն «գողանում» տան վերջին ուտելիքները, տանում տալիս էինք գերիներին, ովքեր կոտրել, փշրել էին մեր մանկությունը….նրանք զարմանքից քարացած հայացքներով արագ վերցնում էին այդ «տուլիկները», իսկ նրանց հսկող մեր զինվորականները ոչ մի կերպ չէին խոչընդոտում երեխաների այդ անսպասելի մարդասիրական պոռթկումները…..ու կարծես չէին էլ զարմանում, որ ռումբերի պայթյունների ձայներից պատերի տակ կծկվող երեխաները, որ ամեն մի ռմբակոծության ժամանակ դողալով հեկեկեում էին, որ ապրել էին ուզում, որ մանկություն էին ուզում, իրենց իսկ ձեռքերով կերակրում էին նրանց, ովքեր զրկել էին իրենց այդ ամենից….

Մենք հաղթում էինք, որովհետև մենք բարձր էինք, մենք հնարավորինս մարդասեր էինք, որովհետև մենք պատերազմ չէինք ցանկանում, մեր պատերազմն էլ՝ խաղաղության համար էր, մենք գիտեինք՝ ինչ ենք ցանկանում և ինչ գին կարող ենք վճարել: Իսկ մենք՝ մանուկներս, երևի նաև հույս ունեինք, որ գերության ժամանակ մեր մանկական ձեռքերից հաց կերած ազերին երկրորդ անգամ նաև ամոթից էլ չի համարձակվի զենքը ձեռքին մեր երկիր ոտք դնել:  

Նախորդ հոդվածը‘Ռաֆայել Մարկես. «Ուզում եմ խաղալ Բալոտելիի դեմ»’
Հաջորդ հոդվածը‘«Տոնուսից» խաբված բնակիչները «գրավել են» շենքը ‘