‘Քրիստինե Խանումյան. Քաղաքական մառազմը սահմաններ չունի, կամ՝ ես Զորի Բալայան անունով Արցախի հերոս չեմ ճանաչում ‘

4331

Պարզվում  է՝ Զորի Բալայանի ձեռամբ քաղաքական դաշտ մտցված՝ Ղարաբաղը Ռուսաստանի կազմ մտցնելու քաղաքական մառազմը  (թուլամտությունը) մետաստազներ է տալիս: «Մենք Զորի Բալայան ենք» կարգախոսով Զորի Բալայանին այսօր սկսել են ձայնակցել մի քանի ոչ անհայտ գործիչներ եւս. Ռազմիկ Դավոյանը, Արտեմ Հարությունյանը, Արտավազդ Բայաթյանը եւ նույնիսկ մի Բուռնաշ՝ Աշոտ Աղաբաբյան Անունով:

Ղարաբաղի` ՌԴ կազմի մեջ մտնելը, երեւի բոլոր չարիքներից ամենաթեթեւ որոշումը կլինի: Սրանք Արտավազդ Բայաթյանի խոսքերն են, որ նա ասել է Yerkir.am-ի հետ զրույցում՝ հավելելով. «Դա Ղարաբաղի պաշտպանության միակ միջոցն է, քանի որ քաղաքական իրադարձություններն այնպես է դասավորվել, որ Ղարաբաղը Հայաստանին միավորել` նշանակում է մեծ պատերազմի մեջ ընկնել, անկախ պետություն դառնալ` անընդհատ շրջափակման մեջ ես գտնվելու: Բալայանն ուզում է, որ ռուսական քաղաքական գործիչները հիշեն, որ դա իրենցն է եղել, եւ իրենք պետք է պաշտպանեն Ղարաբաղը»:

Արտեմ Հարությունյանը, ով ի դեպ, պնդում է, թե ծագումով ղարաբաղցի է, նույն կայքի հետ զրույցում հայտարարել է, թե ինքը «ողջունում է Զորիկի նախաձեռնությունը»: «Ռուսաստանին միանալը շահեկան կլինի Ղարաբաղի համար.«Այս կերպ նորից կսրվի մեծ պետությունների ուշադրությունը զուլալ, հինավուրց ազգի, մեր հինավուրց հողերի եւ այնտեղ ապրող իմաստուն ազգի տառապանքների ուղղությամբ»,- ասել է նա:

Ռազմիկ Դավոյանն էլ կողքից է մեջ ընկել, թե բա «եթե կա նման հնարավարություն, որ Լեռնային  Ղարաբաղը միանա Ռուսաստանին, ապա դա ինքը համարում է ընդունելի և արդյունավետ լուծում», որովհետև «Ռուսաստանին միանալուց հետո Ղարաբաղը կարող է միանալ նաև Հայաստանին: Դա Ղարաբաղի հարցի լուծման ամենահաջող տարբերակներից մեկն է: Եթե ԼՂՀ կոնֆլիկտը նման ձևով լուծվի, ամենակարևորն այս պահին Ադրբեջանի հետ մեր ունեցած կոնֆլիկտը կվերանա»:

Ու այս ծերունական մառազմն ավարտին է հասցրել Բուռնաշը, ով նաեւ ԱԺ պատգամավոր է: Այդ վերջինն ավելի հեռուն է գնացել՝ հայտարարելով, թե «բայց որ սենց վերցնում ենք՝ նայելով, եթե Ղարաբաղի հարցը չի լուծվելու Հայաստանին միանալով եւ դա աշխարհով ընդունվելու միջոցով, միգուցե Ռուսաստանին միանա պրծնենք էդ հարցից»:

Փաստորեն, Ղարաբաղը ծախողների հիթ-շքերթ է սկսվել, եւ պատմության կողմից արդեն մոռացության մատնվող մարդիկ որոշել են, որ իրենք նորից «հայտնի դառնալու» մի ձեւ ունեն՝ Ղարաբաղը Ռուսաստանի կազմ մտցնելու մասին բարբաջանքներ հնչեցնելով: Իհարկե, հաշվի առնելով սույն անձանց համբավը, կարելի էր նույնիսկ չխոսել նրանց մասին, բայց քանի որ սրանք իրենց ձեռքերն արդեն Ղարաբաղի վրա են գցել, ապա գուցե մի խելացի մարդ հայտնվի, ով սրանց բիրիքով Ռուսաստանի կազմ մտցնելու մի ճար կգտնի, իսկ մենք էլ, Ղարաբաղն էլ, Բուռնաշի ասած՝ վերջապես «կպրծնե՞նք սրանց նմաններից»:

Հ.Գ. Ես ԼՂՀ քաղաքացի եմ, ես մասնակցում եմ ԼՂՀ համապետական ընտրությունների, որով ընտրում եմ ԼՂՀ նախագահ եւ ԱԺ: Ես չեմ լիազորել Զորի Բալայանին իմ՝ ԼՂՀ քաղաքացուս անունից որեւէ նամակ հղել որեւէ մեկին, որը վերաբերում է իմ՝ ԼՂՀ քաղաքացուս ճակատագրին եւ Ղարաբաղի ապագային: Ասում են՝ Զորի Բալայանը ԼՂՀ հերոս է:  Իսկապե՞ս: Ինչի՞ համար: Ղարաբաղյան շարժման տարիներին Ղարաբաղ կոմիտեի անդամների դեմ հերյուրանքներ տարածելո՞ւ, պատերազմի տարիներին Ղարաբաղից ինքնաթիռով կասկածելի «բեռներ» արտահանելո՞ւ, թե իմ վճարած հարկերի հաշվին աշխարհի շուրջը ֆռֆռալու համար: Ես՝ ԼՂՀ քաղաքացիս, չեմ ճանաչում Զորի Բալայան անունով Արցախի հերոս: Արցախի հերոսն այն զինվորներն են, ովքեր իրենց կյանքն ու առողջությունն են զոհել՝ ԼՂՀ անկախության համար: Արցախի հերոսն այն զինվորն է, ով կանգնած է հիմա սահմանին: Արցախի հերոսն այն ղարաբաղցիներն են, ովքեր պատերազմի ժամանակ ապրել են նկուղներում: Արցախի հերոսները նրանք են, ովքեր ամեն ինչ զոհել են՝ հանուն անկախության: Զորի Բալայան անունով Արցախի հերոս չեմ ճանաչում, անգամ եթե իշխանությունները նրա նմանների անունը շոշափելու տաբու են դրել՝ կամ լավը, կամ ոչինչ սկզբունքով:

 

Նախորդ հոդվածը‘Ջրամատակարարման դադար մի շարք համայնքներում ‘
Հաջորդ հոդվածը‘ՀԲ. ԱՊՀ երկրների տնտեսական աճի տեմպերը կազմել են 2.4’