‘Քրիստոնյա հոգևորականը կդառնա «Մուսուլման եղբայրներ» կուսակցության առաջնորդներից մեկը’

883

Արմատական իսլամիստական «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության սիրիական բաժանմունքը հայտարարել է, որ շուտով կհայտարարի նոր քաղաքական կուսակցություն ստեղծելու մասին, որի ղեկավարներից մեկը կդառնա քրիստոնյա հոգևորական: «Մուսուլման եղբայրների» սիրիական բաժանմունքի նախկին ղեկավար Ալի Սադրեդդին Բայանունին սաուդյան անգլիալեզու «Աշրակ-Ալ-Ավսաթ» թերթին հայտնել է, որ նոր կազմակերպությունը կանվանվի «Ազգային սահմանադրության և ազատության կուսակցություն», և այն կգլխավորի Մոհամեդ Վալիդը՝ ծնունդով Սիրիայի Լաթաքիա նահանգից, որը բժշկական կրթություն ունի և ուսանել է Մեծ Բրիտանիայում: Նոր կուսակցության փոխնախագահ կդառնա քրիստոնյա մի հոգևորական, ում անունն առայժմ չի հաղորդվում: Կուսակցությունը, Բայանունիի խոսքերով, կլինի ազատական և բաց՝ հանրության բոլոր շերտերի համար, սակայն հիմնված կլինի իսլամի սկզբունքների վրա: Նրա հիմնական նպատակը կդառնա պայքարը «հանուն Սիրիայի ժողովրդի հավասարության, արդարության, արժանապատվության և ազատության», ինչպես նաև՝ հասարակության իսլամական մոդելին զուգահեռ՝ երկրում ժողովրդավարության հաստատման:

«Մուսուլման եղբայրները» միջազգային իսլամիստական կազմակերպություն է, որը 1928 թ. Եգիպտոսում հիմնադրել է գյուղական ուսուցիչ Հասան ալ-Բաննան: Հետագայում շարժման բաժանմունքներ ստեղծվեցին Սիրիայում, Հորդանանում, Իրաքում և պաղեստինյան տարածքներում: Սիրիայում «Մուսուլման եղբայրները» հայտնվեցին 1970-ական թթ., փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Վարդան Պետրոսյանի պաշտպանը քննիչին բացարկ կներկայացնի’
Հաջորդ հոդվածը‘Ֆիլիպիններում թայֆունը ավելի քան 100 մարդու մահվան պատճառ է դարձել’