‘Օբաման պարզաբանել է Պուտինի հետ հանդիպումից հրաժարվելու պատճառները’

827

Վաշինգտոնի որոշումը՝ Բարաք Օբամայի և Վլադիմիր Պուտինի՝ սեպտեմբերին նախատեսված հանդիպումից հրաժարվելու վերաբերյալ, կապված է ոչ միայն Ռուսաստանի կողմից Էդուարդ Սնոուդենին ապաստան տրամադրելու հետ, այլև մի շարք այլ պատճառներ ունի: Այս մասին, Associated Press-ի փոխանցմամբ, ԱՄՆ նախագահը հայտարարել է օգոստոսի 9-ին կայացած մամլո ասուլիսում: Օբամայի խոսքերով՝ վերջին ամիսներին նկատվում են «մի շարք հակասություններ» երկկողմ հարաբերությունների առանցքային, այդ թվում՝ Սիրիայում իրադրության կարգավորման և մարդու իրավունքների հարցերում: Օբաման նշել է, որ երկկողմ հարաբերություններում առաջընթացը գրանցվել է Դմիտրի Մեդվեդևի նախագահության օրոք, իսկ երբ Կրեմլ վերադարձավ Վլադիմիր Պուտինը, ՌԴ-ում ուժեղացավ հակաամերիկյան հռետորաբանությունը: Ընդ որում՝ Օբաման ընդգծել է, որ կոռեկտ չէ խոսել իր և Պուտինի անձնական վատ հարաբերությունների մասին  ու նաև կոչ է արել Պուտինին՝  Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների հարցում «նայել առաջ, այլ ոչ թե ետ»:

Օբամայի և Պուտինի հանդիպումը պիտի կայանար սեպտեմբերին Մոսկվայում, սանկտպետերբուրգյան G-20 գագաթնաժողովից առաջ: Այն մասին, որ ԱՄՆ նախագահը հրաժարվել է այցից, հայտնի դարձավ օգոստոսի 7-ին: Միևնույն ժամանակ, Օբամայի աշխատակազմը հայտնել է, որ ԱՄՆ նախագահը, ինչպես և նախատեսված էր, կմասնակցի G-20 գագաթնաժողովին Սանկտ Պետերբուրգում, փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Դեսպանատուն. Հրաչյա Հարությունյանի պաշտպանը կարճատեւ արձակուրդում է, սակայն նրա փոխարինում է փաստաբան Անիսկինը’
Հաջորդ հոդվածը‘Որտե՞ղ է Սերժ Սարգսյանը. Հո բան չի՞ պատահել ‘