‘ՕՍԿԱՐ-2018. ԱՄՓՈՓՈՒՄ’

30012

Նախորդ կիրակի տեղի ունեցավ «Օսկարի» 90-րդ՝ հոբելյանական մրցանակաբաշխությունը:

Ուշադիր հետևելով նախաօսկարյան, բունօսկարյան և հետօսկարյան կրքերին, դեմքերին, իրադարձություններին՝ ամփոփենք արդյունքները՝ դիտարկելով հիմնական անվանակարգերը:

Լինելով «մաքուր» ամերիկյան մշակութային երևույթ՝ ամենահայտնի կինոմրցույթը, որը, գուցե իր հեղինակությամբ («արվեստ՝ արվեստի համար») զիջելով Կաննին, առավել է ազդեցության մասշտաբով ու նշանակությամբ, որոշ չափով արտացոլում է այն գերակա դիրքը, որն ունի իր երկիրը միջազգային ասպարեզում:

 

Նախևառաջ, այս Օսկարը առանձնահատուկ էր և հետաքրքրական սոցիալ-քաղաքական արդի իրողությունների համատեքստում.

Մի կողմից՝ դիտարկելու համար այն որպես թրամփյան Ամերիկայի քաղաքական մշակույթի ցուցիչ ու հայելի.

Մյուս կողմից՝ կանանց դերի ու նրանց իրավունքների պաշտպանության լայն արշավի ենթատեքստում (մի քանի ամիս առաջ Հոլիվուդը, ապա ԱՄՆ, ապա ողջ աշխարհը ցնցած  Վայնշտեյնի ու դրան հարակից սկանդալը, թվում է, ոչ միայն սեռական ստնձգությունների դեմ պայքար է, այլև առավել հեռուն գնացող թիրախ ունի՝ վերջնականապես գնահատելու/ամրագրելու կանաց դերի բարձրացումը և իրական իրավահավասարության հաստատագրումը հասարակական գիտակցության մեջ ու սոցիալական ինստիտուտներում, եթե, իհարկե, այն չվերածվի ուղղակի տղամարդկանց դեմ սեքսիստական արշավանքի):

Գումարած՝  վերջին տարիներին ավանդույթի ուժով դժգոհությունները չափազանց «սպիտակ», «ցիսգենդեր», «հետերոսեքսուալ» Օսկարի մասին:

 

Երկրորդ՝ էական էր անվանակարգերում ներկայացվածության համեմատաբար բարձր աստիճանը՝ թե՛ ժանրային, թե՛ թեմատիկ, թե՛ սուբյեկտային կազմի առումներով. կարծես կինոակադեմիան հաշվի է առնում քննադատությունները (հաղթում է բարեկամությունը):

Հպանցիկ դիտարկենք առաջադրումները, որոնք, մասնավորապես, ընդգրկում էին՝

— «պարտադիր» ֆիլմեր, որոնք բացահայտում են ամերիկյան (քիչ էր մնում՝ գրեի՝ բուրժուական) հասարակության խոցերն ու բարքերը («Երեք վահանակ..») ու հերոսական («Փոստ») կամ ոչ այնքան («Ես՝ Տոնյան») և նորովի («Ջրի կերպը») պատմության էջերը,

-անձնական դրամաները («Թվացյալ թելը», «Վայ-դերասանը» «Քո անունով կոչիր ինձ»).

— ռազմա/խաղաղա-հայրենասիրական («Խավարտչի ժամ», «Դյունկերկ») պատումները (զարմանալիորեն նույն՝ Երկրորդ աշխարհամարտի ու  նույն՝ բրիտանական թեմայով , իհարկե տարբեր որակի ու արժեքի. հաղթեց ազգ-բանակի ներկայացուցիչ Գարի Օլդմենի չերչիլյան գրիմը).

— ֆանտաստիկ (թեկուզև սակավ ու ոչ գլխավոր անվանակարգերում, բայց ոչ պակաս հետաքրքիր՝ «Լոգան», «Շեղբի վրայով վազողը 2049», «Աստղային պատերազմներ. Վերջին ջեդայը») հեքիաթները,

-արկածային («Մոլլիի խաղը» ու ողջ անիմացիան՝ վան Գոգին հանած) սյուժեներ.

— կին ստեղծագործողներին (Գրետա Գերվիգի «Թռչնակը» ի վերջո չստացավ ոչ մի մրցանակ), սևերի ու խտրականության («Գնա»-ն ներկայացված էր միանգամից Լավագույն ֆիլմ, Լավագույն դերասան, Լավագույն ռեժիսոր, Լավագույն բնագրի կարգերում, թեկուզև հաղթեց միայն վերջինում) և իհարկե ԼԳԲՏ համայնքի խնդիրները («Ֆանտաստիկ կինը», «Քո անունով կոչիր ինձ»):

 

Գլխավոր՝ լավագույն ֆիլմի  համար մենամարտում առաջատարները մեքսիկական կինոյի անվանի ներկայացուցիչ ու բոլոր ժամանակների ու ժողովուրդների խոցելիների պաշտպան Գիլյերմո դել Տորոյի մանիֆեստը, Մարտին ՄըքԴոնայի կատարյալ գրականությունը, Քրիստոֆեր Նոլանի նորարարական ներկայացումն էին: Ակադեմիան գնահատեց տարիներ շարունակ ստվերում մնացած ու արտասովորների նկարչի տաղանդը՝ հաղթեցին և՛ «Ջրի կերպը»՝ որպես լավագույն ֆիլմ, և՛ նրա հեղինակը՝ որպես լավագույն ռեժիսոր՝ վերջնականապես արձանագրելով մեքսիկական կինեմատոգրաֆի մեծարումը որպես վերջին շրջանի կինոմիտում ու միգուցե նաև ենթաքաղաքական ուղերձ հղելով պատերի կառուցման ու մեկուսացման հեղինակներին (կարդա՝ Թրամփ):  Առավել ևս՝ եթե դիտարկենք ուժեղ թեկնածուների պայքարում. Գրետա Գերվիգը, ինչպես և Նոլանը, Փոլ Թոմաս Անդերսոնը, Ջորդան Փիլը վստահաբար կունենան ասելիքի ու հաղթանակի այլ առիթներ:

Լավագույն դերասանուհին, ինչ խոսք կարծես անհասանելի ու կանխատեսելի Ֆրենսիս ՄըքԴորմանդն էր, թեև Մերիլ Սթրիփի հերթական փայլուն դերակատարումը (ռեկորդային անվանակարգում ներկայացվելը քիչ մնար որ հասներ նաև քառակի օսկարակիր Քեթրին Հեփբըրնին, եթե իր երեք արձանիկներին ավելացներ ևս մեկը), Սիրշա Ռոնանի նրբագույն ապրումները (ուշագրավ դեռևս «Բրուքլին»-ից) ու Մարգո Ռոբինի ու Սալլի Հոքինսի անձնվեր դերակատումը նույնպես արժանի էին բարձր գնահատականի:

Լավագույն դերասանի անվանակարգում, հավանաբար, հաղթեցին բազեների թևի ներկայացուցիչները՝ պարգևատրելով Չերչիլ-Գարի Օլդմենին կամ միգուցե իրավացիորեն նաև դիմահարդարներին (իրական արտառուչ ու ամբողջական Չերչիլը, այդուհանդերձ, Ջոն Լիթգոուն է «Թագը» բրիտանական սերիալում) և հանիրավի անտեսելով Շալամեի խենթացնող խաղը, ու վարպետի՝ եռակի օսկարակիր Դենիել Դեյ-Լյուիսի վերջին կինոարարումը, նույնիսկ տեղի չտալով պոլիտկոռեկտությանը (սևամորթ Դենիել Քալույան ու Դենզել Վաշինգտոն ևն):

Երկրորդ պլանի դերասանական խաղը հատընտիր էր.

— տղամարդկանց անվանակարգում հաղթեց ոչ թե գեյ նկարիչ-Ջենկինսը, այլ ոստիկանին (լատենտ գեյ) արտակարգ մարմնավորած Սեմ Ռոքվելը, մյուսները՝ մեկ այլ ոստիկան՝ Վուդի Հարելսոնը, Քևին Սփեյսիին փոխարինած Քրիստոֆեր Փլամմերը և Ուիլյամ Դեֆոն (Շալամեի խաղընկեր ոչ հմայիչ Արմի Համըրը խաղից դուրս էր. ակադեմիան չնկատեց նրան նույնիսկ անվանակարգում):

-կանանց անվանակարգում առաջինը Էլիսոն Ջեննին էր, որ հաղթեց սևամորթ Մերի Ջեյ Բլաջին և Օքտավիա Սփենսերին (գոնե այս՝ սևերին գնահատելու հարցում պիտի որ կշտամբանքներ չլինեն ակադեմիկոսներին), Լորի Մետքալֆ ու Լեսլի Մենվիլին (ինչ-որ ճիշտն է՝ նրանց կատարումը չեմ տեսել 🙂 :

Լավագույն երաժշտության հարցում անգերազանցելի էր Ալեքսանդր Դեպլան («Ջրի կերպի» հերթական տրիումֆը)՝ նույնիսկ տագնապալի ու ու անմոռաց Հանս Ցիմմերի («Դյունկերկ») ֆոնին:

Իսկ այ Լավագույն երգը՝ հուզաթաթավ «Հիշիր ինձ-ը («Կոկո»), պարտավոր էր ուղղակի զիջել Սթիվենս Սուջյանի «Սիրո առեղծված»-ի փշաքաղեցնող Սուջյանի կախարդական հնչյունահպումներին («Քո անունով կոչիր ինձ»):

Լավագույն անիմացիան անառարկելիորեն ու միակն էր ու էլի մեքսիկական ծագում ուներ՝ «Կոկո». չհայտարարված մանկության ժամանակագրություն (թեև հոլանդացի հանճարի երկրպագուները այլ տեսակետ գուցե ունենան):

Գրականության սիրահարները վիճելու բան միշտ էլ ունեն. սցենարական մրցանակները միշտ էլ սուբյեկտիվ դիրքավորման առիթ ու հիմք տալիս են.

Լավագույն բնօրինակ սցենարի համար պայքարում առաջնությունը Ջորդան Փիլի արդիական սատիրայինն  էր («Գնա»), թեև դել Տորոյի նորովի ասքը, Գերվիգի խիզախ դեբյուտը ու ամենակարևորը՝ ՄըքԴոնայի Իբինգյան անթերի երկխոսությունները հաղթողի հիմնավոր հավակնություններ ունեին:

Լավագույն ադապտացված սցենարը Անդրե Ասիմանի նովելի հիման վրա Ջեյմս Այվորիի ձեռագիրն է. ԼԳԲՏ համայնքը տոնում է)):

Լավագույն օպերատորը Ռոջեր Դիկինսինն էր՝ «Շեղբի վրայով վազողը 2049»-ի ընտիր աշխատանքի համար, թեև «Դյունկերկ»ի դրվագները՝ որպես ավարտուն կինոպատումներ, կամ Շալամեի ու Համըրի նրբերանգների ոսկերչորեն որսումը, ինչպես նաև «Ջրի կերպի» հեքիաթային գունաշարը ու տրամադրությունը նույնպես բացառիկ օպերատորական տաղանդի արդյունք են:

Լավագույն օտարալեզու ֆիլմի հավակնորդները ողջ աշխարհի ներկայացուցչիներն էին. ռուսական հզոր մշակույթի արդի գործիչ Անդրեյ Զվյագինցևի հրատապ ողբերգությունը՝ «Անսերություն» (ժյուրիի մրցանակ Կանն 2017, Ոսկե գլոբուս 2018, Սեզար-2018), հունգար Իլդիկո Էնյեդիի պոետիկ էկրանավորումը՝ «Հոգու և մարմնի մասին» (Ոսկե արջ-2017, Բեռլին), Եվրոպայի կործանումը հերթական անգամ գուժող երգիծանքը՝ այս անգամ շվեդ Ռուբեն Էստլունդի կտավում՝ «Քառակուսի» (Կանն-2017-ի  դափնեկիրը եվրոսկեպտիկները ևս մեկ առիթ կտա վերընթերցելու Շպենգլերին, իսկ ռուսամետները՝ ցուցադրելու):  Այդուհանդերձ՝ հաղթանակը յուրահատուկ տեր ունի. չիլիացի Սեբաստիան Լելյոի Մարինան (տրանսգենդեր դերասանուհի Դանիելա Վեգա) ապրում է իր ու մյուսների համար՝ ցուցանելով իր կյանքը ու դրաման՝ որպես փակ արյունահոսություն. «Ֆանտաստիկ կինը». ԼԳԲՏ համայնքը պայքարի նոր կռվան ունի, հոմոֆոբները՝ թերևս նույնպես:

Լեւոն Գայլ Ավետիսյան

Նախորդ հոդվածը‘Մարկո Ռոյսը երկարաձգեց պայմանագիրը Դորտմունդի «Բորուսիայի» հետ’
Հաջորդ հոդվածը‘«Արսենալ»-ը խոշոր հաշվով հաղթեց «Ուոթֆորդ»-ին. Մխիթարյանը գոլի և գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)’