‘Օրենքները` որպես սեփական «կաշին» փրկելու միջոց’

1276

Ներքաղաքական խնդիրները լուծելու փոխարեն, Սերժ Սարգսյանն օգտագործում է իր ձեռքի տակ եղած բոլոր լծակները` դրանք ավելի բարդացնելու և հնարավորինս խճճելու համար: Առանց մեկի տակից դուրս գալու` ձեռքը գցում է մյուսին և այդպես շարունակ, եւ ըստ էության՝ ինքն էլ չի պատկերացնում՝ ինչ անել, և հանրությանը ներկայանում է «հարցական նշանի» դեմքով: Իր կամայական որոշումներն օրինականացնելու, մնացած թիմակից պաշտոնյաների համար գործունեության իդեալական դաշտ ստեղծելու նպատակով իշխանությունները պարբերաբար օրենսդրական փոփոխություններ են նախաձեռնում:

2008-ից ի վեր ականատես ենք եղել, թե ինչպես են Ազատիչի կողմից, հանուն սեփական շահի, փոփոխվում կամ լրացվում բազմաթիվ օրենքներ` նվաճված նախագահական աթոռը պահպանելու նպատակով:

«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի փոփոխություն

Իշխանությունները կարիք ունեին «օրինականացնելու» 2008 թ.-ի մարտի 1-ին արտակարգ դրության ապահովման նպատակով Զինված ուժերի հակասահմանադրական կիրառումը ներքաղաքական զարգացումներում: Ու քանի որ, Զինված ուժերի կիրառումը ներքաղաքական կյանքում բուռն արձագանքի տեղիք էր տվել, իշխանությունները փորձեցին ստեղծել մի «օրինական» դաշտ, որը թույլ կտար իրավիճակը կամայականորեն մեկնաբանել եւ պատասխանատվությունից հնարավորինս խուսափել: Եւ ամենակարեւորը, իշխանությունները նաեւ հետագայի համար օրինականացրին մինչ այդ ոչ միայն ապօրինի, այլեւ՝ հակասահմանադրական համարվող գործողությունը:

«Հավաքների ազատության մասին» օրենքի փոփոխություն

2011 թ.-ին  «ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր անցկացնելու մասին» օրենքն ուժը կորցրած համարվեց, ինչի փոխարեն ԱԺ-ի կողմից ընդունվեց «Հավաքների ազատության մասին» նոր օրենքը, որում խստացվեց և սահմանափակվեց հանրահավաքներ անցկացնելու հնարավորությունը: Նպատակը մեկն էր. իշխանությունները քողարկված և աննկատ ձևով փորձում էին հնարավորինս սահմանափակել, խոչընդոտել ՀՀ քաղաքացու սահմանադրական իրավունքի իրականացումը` հավաքներն արտոնելով կամ մերժելով անհայտ չափորոշիչների կամ սուբյեկտիվ որոշման հիման վրա: Նորից ներքաղաքական կյանքում կատարված դեպքերից հետո ընդունված օրենք, որը պետք է օրինականացներ իշխանությունների այն գործողությունները, որոնք նախկինում ապօրինի էին համարվում:

Փոփոխություններ ընտրական օրենսգրքում

Ներկայումս գործող ընտրական օրենսգիրքը համապատասխանում է վերջին տարիներին մշակված կատարյալ ընտրակեղծիքներ իրականացնելու բոլոր չափանիշներին: Որևէ «փուստ» չթողնելու նպատակով իշխանությունները մերժում են ընտրացուցակները ընտրություններից հետո հրապարակայնացնելու բազմաթիվ առաջարկները, ինչը հնարավորություն կտար հայտնաբերել բոլոր այն մահացածների եւ երկրից բացակայողների անունները, ովքեր` չնայած ֆիզիկապես այդ հնարավորությունը չունեն, սակայն, պարտաճանաչորեն մասնակցում են բոլոր ընտրություններին: Մերժվում են նաև պետական մակարդակով տեսաձայնագրում իրականացնելու, բնակչության և ընտրողների ռեգիստրները տարանջատելու տարբերակները, որոնք հենց հիմք կհանդիսանային դադարեցնելու տարիներ շարունակ Հայաստանից դուրս գտնվող անձանց «քվեարկությունը»:

Այսպիսով, Սերժ Սարգսյանը համառ կռիվ է տալիս ընտրացուցակների գաղտնիության եւ ընդհանրապես ընտրական գործընթացը չփոխելու համար, քանի որ իրենցից առանց դրա էլ երկար ժամանակ է պահանջվել` ընտրակեղծիքների նպատակով օրենքը «կատարելագործելու» համար:

«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքի փոփոխություն

Փոփոխությունների համաձայն` թվային հեռարձակում իրականացնելու նպատակով Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը 2010թ. հուլիսի 20-ին հայտարարեց հեռուստաընկերությունների լիցենզավորման մրցույթ, որի արդյունքում գործող 22 հեռուստաընկերություններից եթերում մնացին 18-ը:

Նման որոշումը հետապնդում էր միայն մի նպատակ՝ թվայնացման գործընթացը ծառայեցնել անկախ հեռուստատեսության մուտքը եթեր խոչընդոտելու համար: Սերժ Սարգսյանը հետամուտ եղավ, որ հիմնական հեռուստատեսությունները ծառայեն իր անձնական քարոզչությանը և նորությունները լուսաբանեն միմիայն փաստերը խեղաթյուրելով: Այսպիսով, ստեղծվեց մի այնպիսի դաշտ, որն ուղղված էր խոսքի ազատության և անկախ հեռուստատեսության հեռարձակման հիմնովին վերացմանը:

«Զրպարտության մասին» օրենքի ապաքրեականացում

Այսինքն՝ քաղաքակիրթ, օրինական ձևերով խոսքի ազատության խոչընդոտում. ֆինանսապես ծանր վիճակում գտնվող կամ կառավարության կողմից չֆինանսավորվող լրատվամիջոցների համար սահմանափակվում է ազատ կարծիքի արտահայտումը` հօգուտ որևէ պաշտոնյայի գումարի բռնագանձմամբ: Դրա հետևանքով թերթերը կարող են հայտնվել սնանկության շեմին, «տուժողը» հնարավորություն կունենա ֆինանսապես ոչնչացնել լրատվամիջոցը, իսկ իշխանություններն էլ որոշ չափով հնարավորություն կունենան վերահսկելի դարձնել մամուլը: Հիշեցնենք, որ մինչ օրենքի ընդունումը, վիրավորանքն ու զրպարտությունը համարվում էին քրեորեն պատժելի հանցանքներ (ՀՀ քրեական օրենսգրքի 135-րդ եւ 136-րդ հոդվածներ)։

Անշուշտ, նշված օրենքներում փոփոխությունները և լրացումները ձեռք բերեցին լայնամասշտաբ հանրային հնչեղություն, սակայն ժամանակի ընթացքում հատուկ պատվերով «ջրվեցին» մամուլի կողմից, իսկ հետևանքները հայ ժողովուրդը դեռևս երկար կզգա իր մաշկի վրա, ինչպես զգում է Ազատիչի կողմից իրագործված յուրաքանչյուր քայլը, որը իր հետևից թողնում է անդառնալի կորուստներ և նպաստում Հայաստանի թուլացմանը:

Մարիամ Մուրադյան

Նախորդ հոդվածը‘Հայտարարություն. ՀՀՇ անվամբ հանդես գալը և ՀՀՇ-ի խորհրդանշանի օգտագործումը ինքնակոչության դրսևորում է’
Հաջորդ հոդվածը‘Օրվա համառոտ ամփոփում’