‘Օրվա համառոտ ամփոփում’

1036

Այսօր առավոտյան շարունակվեց «Լիսկայի գործով» Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանի բողոքի հիման վրա նշանակված դատաքննությունը: Պաշտպանը բողոքարկել էր`  պահանջելով դադարեցնել Ավետիք Բուդաղյանի նկատմամբ քրեական հետապնդումը: Այսօրվա դատական նիստի ժամանակ Ալումյանը միջնորդեց պարտադրելու քննիչ Ղազարյանին տրամադրել դատարանին քրեական գործով ողջ ապացույցները (2500 էջից ներկայացվել է միայն 189-ը): 

Ժամը 12:00-12:30-ի միջակայքում, Կոնգրեսի գրասենյակ է ներխուժել  մի քաղաքացի, ով ձեռքերին ունենալով երկու դաշույններ` սպառնալիքներ է տեղացրել Կոնգրեսի ղեկավարության հասցեին, այնուհետև դիմել փախուստի: Դեպքի կապակցությամբ ՀԱԿ-ը տարածել է պաշտոնական հայտարարություն

Ավելի քան մեկ ամիս կալանավորված ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի համախոհներն ու ընկերները այսօր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ էին եկել՝ աջակցելու ճաղերի ետևում գտնվող ընկերոջը։ 

Հայազգի բռնցքամարտիկ Վիկ Դարչինյանը խոսել է նոյեմբերի 9-ին, կիսաթեթև քաշային կարգում, Տեխասում տեղի ունենալիք իր և ֆիլիպինցի Նոնիտո Դոների սպասվող մենամարտի մասին:

Նախկին քաղբանտարկյալ, հասարակական գործիչ Շանթ Հարությունյանը այս գիշերն անցկացրել է Ազատություն հրապարակում: Նա հայտարարել   նաև, որ սկսում է իր հեղափոխությունը: 

ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության պետական պարտքի ցուցանիշը շատ բարձր կամ ռիսկային չի համարում: Նա այսօր ընդգծել է, որ Հայաստանի ամբողջ պարտքը` ներքին և արտաքին, համախառն ներքին արդյունքի շուրջ 44 տոկոսն է:

Ժամը 11:00-ի սահմաններում խոշոր վթար է տեղի ունեցել Հալաբյան փողոցում, որի արդյունքում տուժել է 7 հոգի: 

Այսօր iLur.am-ի հետ զրույցի ժամանակ Հայ ազգային կոնգրեսի արտաքին կապերի հանձնաժողովի պատասխանատու Վլադիմիր Կարապետյանը անդրադարձավ Եվրախորհրդարանի կողմից ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ ընդունված հայտնի բանաձեւից հետո ԵԽ-ի մի շարք ներկայացուցիչների Հայաստան կատարած այցին:  

Հայ Ազգային Կոնգրեսի փոխնախագահներ Արամ Մանուկյանը և Լևոն Զուրաբյանը այսօր հանդիպել են Եվրախորհրդարանի պահպանողականների և բարեփոխիչների խմբի քաղաքական խորհրդական Վոյցեխ Դանեցկու, նույն խմբի ծրագրերի համակարգող Ռիչարդ Միլսոմի, ինչպես նաև Հայաստանի եվրոպական բարեկամներ կազմակերպության ավագ խորհրդական Էդուարդո Լորենցո Օչոայի հետ: 

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 1-ին ընդունել է բելգիահայ բարերար Անդրե Գյումուշջյանին: Հանդիպմանը քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:  

ՖԻԴԵ-ի վարկանիշով Լևոն Արոնյանը երկրորդն է աշխարհի 100  լավագույն շախմատիստների շարքում: 

Հանրային խորհրդում քննարկվել է «Զվարթնոց» օդանավակայանի ուղեւորային հին համալիրի (կլոր շենք) հնարավոր քանդման հարցը: Օդանավակայանի գլխավոր տնօրեն Մարսելո Վենդեն խորհրդի անդամներին տեղեկացրել է, որ օդանավակայանի նոր ուղեւորային համալիրն ընդլայնելու խնդիր է առաջացել, քանի որ ոլորտը, մասնավորապես, «բաց երկնքի» քաղաքականությամբ պայմանավորված, զարգանալու միտում ունի: 

«Պետբյուջեից առողջապահության ոլորտի ֆինանսավորումը հնարավորություն կտա ընդգրկուն ծրագրեր իրագործել»: Այս մասին նոյեմբերի 1-ին ԱԺ-ում 2014թ. բյուջեի նախագծի քննարկման ընթացքում հայտարարել է առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը:

2014 թվականի պետբյուջեի ծախսային մասի 29,5 տոկոսն ուղղված է սոցիալական ծրագրերի իրականացմանը, այսօր ԱԺ-ում բյուջեի քննաքրկման ժամանակ հայտարարեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Ընդ որում, նրա խոսքով, անցյալ տարվա բյուջեի համեմատ՝ սոցիալական ոլորտին հատկացվող գումարն ավելացել է 57 միլիարդ դրամով: 

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնին, ով շնորհավորել է ՀՀ վարչապետին ՀՀ կառավարության կողմից մրցունակ ու շարունակական օդային փոխադրումների ծառայությունների մատուցման ապահովման ծրագիրը հաստատելու և դրանով Հայաստանի օդային սահմաններն ազատականացնելու կապակցությամբ: շ 

Իրանի նախագահ Հասան Ռոհանիի աշխատակազմը հարցում է անցկացրել, որի արդյունքներով պարզվել է, որ երկրի բնակչության մեծ մասը ողջունում է ԱՄՆ-ի հետ կապերի հաստատումը և հավանություն է տալիս իրենց ղեկավարի՝ այդ ուղղությամբ ձեռնարկած քայլերին:  

ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենը Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությանը, Բունդեսթագին և գլխավոր դատախազությանը հասցեագրված իր ուղերձում հայտարարել է. «Ես ուրախ կլինեմ զրուցել ձեզ հետ ձեր երկրում հենց պարզվի իրավիճակը: Ես շնորհակալ եմ ձեզ, միջազգային իրավունքը պաշտպանելու ձեր ջանքերի համար»: 

Չմոռանանք նաև մեր ամենօրյա խմբագրականների մասին: 

Նախորդ հոդվածը‘ՌԴ-ն երկու միլիոն դոլար կհատկացնի Սիրիայի քիմիական զենքը ոչնչացնելու համար’
Հաջորդ հոդվածը‘Պիկե. Պատկերացնում ենք, թե ինչ կկատարվեր այստեղ, եթե «Ռեալի» պես՝ 5 տարում ընդամենը Լիգա և գավաթ հաղթեինք’