‘Օրվա համառոտ ամփոփում’

1078

Այսօր, ժամը  08:00-ի սահմաններում Վաղարշապատի հիվանդանոցում մահացել է ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Էդիկ Լյովայի Շահնազարյանը: Այս կապակցությամբ Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը, մեկնաբանելով ԼՂՀ և Ադրբեջանի զորքերի շփման գծի հյուսիսարևելյան և հարավարևելյան ուղղություններում ադրբեջանական դիվերսիոն խմբերի ներթափանցման փորձերը, հայտարարել է, որ Ադրբեջանական կողմն անպատիժ չի մնա: 

Սահմանադրական դատարանում «Դ!եմ եմ» քաղաքացիական նախաձեռնության շահերը ներկայացնող Արծվիկ Մինասյանը, Մերի Խաչատրյանը եւ Արտակ Զեյնալյանը այսօր դիմել են Սահմանադրական դատարանին` կոչ անելով հաշվի առնել մի շարք հանգամանքներ եւ մինչեւ վերջնական վճիռ կայացնելը կասեցնել կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի կիրառումը:

Հունվարի 20-ին Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը` դատավար Յուրի Բաղդասարյանի նախագահությամբ մերժել է դերասան Վարդան Պետրոսյանի փաստաբանի` դատավորին ինքնաբացարկ հայտնելու երկրորդ միջնորդությունը` պատճառաբանելով , որ այն անհիմն է:

Իսկ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանում Լիսկայի գործով Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանը հայտարարել է, որ այս բողոքի քննման դատը միտումնավոր ձգձգվում է, քանի որ, ըստ օրենքի՝ Տիգրան Խաչատրյանի եւ Զարզանդ Նիկողոսյանի ազատ արձակման որոշումը կայացնելուց վեց ամիս անց իրենք արդեն ոչինչ չեն կարողանա անել: Նա այսօր կրկին դիմեց դատարանին՝ կողմերի հավասարությունը ապահովելու նպատակով քննիչից պահանջելու գործին վերաբերող բոլոր նյութերը: 

Երևանում տեղի է ունեցել Հայաստանի և Արցախի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Կարեն Միրզոյանի հանդիպումը, որի ժամանակ քննարկվել են անցյալ տարի Հայաստանի և Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունների փոխգործակցության արդյունքները և այդ ուղղությամբ ընթացիկ տարում իրականացվելիք աշխատանքները:

Օրը լարված էր Ուկրաինայում. նախորդ գիշեր Կիեւում չէին դադարում բախումները հակակառավարական ցույցի մասնակիցների եւ միլիցիայի միջեւ: Ցուցարարները փորձում էին ներթափանցել Կառավարության ու խորհրդարանի շենք: Նրանք այրել են ներքին զորքերի եւ հատուկ նշանակության «Բերկուտ» ջոկատին տեղափոխող մի քանի ավտոմեքենաներ: Ոստիկանության տվյալներով, երկու կողմերից հարյուրից ավելի մարդ է տուժել: Շուրջ 70 վիրավորներ տեղափոխվել են հիվանդանոց:  

Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծում այս գիշեր տեղի ունեցած ադրբեջանական դիվերսիայի վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որը կարող եք կարդալ այստեղ:

ԱՄՆ-ն արձագանքելով Կիեւում տեղի ունեցող բախումներին հայտնել է, որ ազգային անվտանգության խորհրդում անհանգստացած են Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ և հակամարտության բոլոր կողմերին կոչ են անում զերծ մնալ իրավիճակն ավելի սրելուց:

Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուգաբեն մի քանի շաբաթվա ընթացքում առաջին անգամ հայտնվել է հանրությանը՝ այդպիսով  ցրելով իր առողջության վատթարացման և նույնիսկ մահվան մասին կասկածները: Պետության 89-ամյա առաջնորդը ներկա է գտնվել քրոջ հուղարկավորությանը:  

Սոչիի Օլիմպիական խաղերի մեկնարկից երկու շաբաթ առաջ իսլամիստական ծայրահեղական «Վիլայաթ Դաղստանի« կայքը տեսաուղերձ է հրապարակել, որում «Անսար ալ-Սուննա» խմբավորման ներկայացուցիչները սպառնում են ահաբեկչական գործողություններ կազմակերպել խաղերի ընթացքում: Կադրում երկու տղամարդիկ են, իսկ տեսագրությանն ուղեկցող  տեքստում ասվում է, որ հենց այդ երկուսն են կանգնած Վոլգոգրադում կատարված հարձակումների թիկունքում: 

Եւ վերջում՝ չմոռանանք մեր այսօրվա խմբագրականի մասին:

Նախորդ հոդվածը‘Չինաստանի բնակչությունը մեկ տարվա ընթացքում ավելացել է գրեթե յոթ միլիոնով’
Հաջորդ հոդվածը‘Կառավարությանն անվստահություն հայտնելու ծրագիրը ուժի մեջ է. «Ժողովուրդ»’