‘Օրվա համառոտ ամփոփում’

1037

Այսօր Երևանում մեկնարկել է «Արևելյան  գործընկերության» և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍՏՀԿ) երկրների կրթության նախարարների համաժողովը, որտեղ  իր ելույթում Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը նշել է, որ նման միջոցառումները հարմար հարթակ են եվրոպական ողջ տարածությունում փոխգործակցության հեռանկարների քննարկման համար: 

iLur.am-ի հետ զրույցում այսօր ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի խոսնակ Պիտեր Ստանոն հայտնել է, որ, Եվրամիությունը տեղյակ չի եղել Հայաստանի կառավարության՝ 2012 թվականի դեկտեմբերին ընդունած որոշման մասին, որով հայկական կողմը բանակցություններ էր վարում նաեւ Մաքսային միությանը միանալու շուրւ: «Մենք գիտեինք, որ Հայաստանի կառավարությունը ուսումնասիրում է Մաքսային միության հետ առավել ինտենսիվ համագործակցության տարբերակները, որը չի ենթադրելու անդամակցություն»,- ասել է նա: 

Վատ նորություն. ականի պայթյունից ՊՆ զինծառայող է զոհվել, ևս 3-ը վիրավորվել են:

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մխիթար Պապոյանի նախագահությամբ, այսօր շարունակվեց Վազգեն Խաչիկյանի և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մնացած տասներկու աշխատակիցների դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը,  որի ընթացքում ցուցմունք տվեցին վկաներից ութը: Այսօրվա ողջ դատաքննության ընթացքում Խաչիկյանը ընթերցում էր «MY TICKET ROAD» գիրքը:

Իջևանում մեկնարկել է նոյեմբերի 17-ին կայանալիք համայնքի ղեկավարի ընտրությունների թեկնածուների առաջադրումը: Դեռևս թեկնածուները 3-ն են՝ 3-ն էլ ՀՀԿ-ից: 

Հոկտեմբերի 17-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսում խորհրդարանական էթիկայի հարցերի միջազգային փորձագետ Ռիկ Սթեյփներստը նշել է, որ ԱՊՀ երկրներում չափազանց ցածր է սոցիալական վստահության մակարդակը: «Օրինակ, Հայաստանի բնակչության ընդամենը մեկ քառորդն է վստահում անծանոթներին, Վրաստանում և Ադրբեջանում ամեն ինչ շատ ավելի վատ է: Իսկ ամենից քիչը հայերը վստահում են խորհրդարանին»,- հայտնել է նա: 

Այսօր ընդհատվել է Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի Հադրութի ուղղությամբ նախատեսված ԵԱՀԿ Մինսկի խմբի առաքելության պլանային դիտարկումը ադրբեջանական կողմից ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ ավտոմատ զենքից արձակված կրակոցների պատճառով: 

Սերժ Սարգսյանն սույն օրը ընդունել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս: 

2014-ին մանկավարժների աշխատավարձի դրույքաչափը կավելանա 11 հազար 600 դրամով:  Մանկավարժների աշխատավարձի դրույքաչափը կկազմի 152 հազ.դրամ, ներկայիս 140.4 հազ.դրամի փոխարեն: Իսկ ահա Հայաստանի արտաքին պարտքը 2014 թվականի վերջին կաճի մոտ 100 մլն.դոլարով:

Այսօր Կառավարությունը դեպի Եվրոպա «կանաչ լույս» վառեց հայկական մեղրի համար:

Սպորտային լավ նորություն՝ հայ ֆուտբոլասերների համար: Այսօր հրապարակվել է ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակը: Հայաստանի հավաքականը Բուլղարիային հաղթելուց և Իտալիայի հետ ոչ-ոքի խաղալուց հետո առաջադիմել է 17 տեղով և զբաղեցնում է իր համար ռեկորդային՝ 38-րդ հորիզոնականը:

ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ում հայտնի Խաչիկ Ասրյանը՝ Ստրասբուրգում Սերժ Սարգսյանի կազինոներում խաղալու հարցից հետո առաջարկել էր այրել խարույկի վրա, այսօր ասուլիսի ներկայացավ ոստիկանի ուղեկցությամբ: Այժմ ոստիկանությունը պահպանում է Փոստանջյանի անվտանգությունը: 

Իսկ Զորի Բալայանը անգործ չի նստում: Այսօր հայտնի դարձավ, որ  նա նաեւ Օլանդին ու Օբամային նամակներ կհղի

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է, որ Գերագույն ռադան կարող է ընդունել որոշում Յուլյա Տիմոշենկոյին արտասահմանում բուժվելու հնարավորություն տալու վերաբերյալ և խոստացել է ստորագրել այդ որոշման տակ:

Այսքանն էին այսօրվա հիմնական իրադարձությունները, իսկ թե ի՞նչ կլինի վաղը կհետևենք միասին:

Նախորդ հոդվածը‘Զորի Բալայանը նաեւ Օլանդին ու Օբամային նամակներ կհղի’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանում մեկնարկում է գերմանական KfW բանկի 15 մլն.եվրոյի վարկային ծրագիրը’