‘«Ֆինանսական բուրգի» գործով նիստը հետաձգվեց՝ դատախազի բացակայության պատճառով’

1020

«Ֆինանսական բուրգի» գործով մեղադրվող Արթուր Անդրեասյանը այսօր դատապարտյալների հիվանդանոցից բերվեց Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Ինչպես տեղեկացնում է «Առավոտ»-ը, սպասվում էր մեղադրող Արթուր Երիցյանի ճառը: Սակայն դատարանը հեռագիր էր ստացել այն մասին, որ նա առողջության հետ կապված չի կարող ներկա գտնվել դատական նիստին եւ խնդրել էր այն հետաձգել: Նախագահող դատավոր Գագիկ Պողոսյանն իր հերթին նշեց, որ մեղադրողը դիմել էր դատարան՝ հայտնելով, որ աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով չի կարող ներկայանալ նիստին: Դատական նիստը նշանակվեց ապրիլի 2-ին:

«Առավոտ»-ի տեղեկություններով, սակայն, Արթուր Երիցյանի բացակայությունը կապված է մեկ այլ հանգամանքի հետ. Արթուր Անդրեասյանը հաղորդում էր ուղարկել գլխավոր դատախազին՝ հանցագործության մասին, եւ երեկ, լրատվամիջոցի տեղեկություններով, գլխավոր դատախազը մակագրել է մեղադրող Արթուր Երիցյանին՝ բողոքում առկա հանցագործությունների հետ կապված որոշակի միջոցառումներ ձեռնարկելու համար:

Հիշեցնենք, որ Արթուր Անդրեասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա բուքմեյքերական գործունեությամբ և արտարժույթի առուվաճառքով զբաղվելու արդյունքում հայտնվելով փաստացի անվճարունակ վիճակում, 2010թ. հունիսին որոշել է ՀՀ ԿԱ ոստիկանությունում ղեկվար պաշտոններ զբաղեցնող գնդապետ Կարեն Բաբակեխյանի, գեներալ-մայոր Ներսես Նազարյանի, վերջինիս որդու՝ Երևան քաղաքում գործող «Մոսկվիչկա» խանութների ցանցի սեփականատեր Արմեն Նազարյանի, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամների հետ ունեցած մտերմության ու դրանով պայմանավորված իր անձի նկատմամբ շրջապատում ձևավորված վստահության շահարկմամբ խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով ձեռնարկատիրական գործունեության մեջ ներդնելու և դրա դիմաց շահույթներ ստանալու պատրվակով հափշտակել տարբեր քաղաքացիների առանձնապես խոշոր չափերով գումարները և ձեռք բերել իրավունք նրանց անշարժ գույքի նկատմամբ։

Ի դեպ, սա այն պատմությունն է, որի հետևանքով աշխատանքից ազատվեց Ներսիկ Նազարյանը: 

Նախորդ հոդվածը‘Համանախագահները Բելառուսի հետ կքննարկեն Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը հեռախոսով զրուցել է Վլադիմիր Պուտինի հետ’