‘Ֆլորիդայում մահապատիժ է իրականացվել նոր դեղամիջոցի օգնությամբ ‘

916

Ֆլորիդայում ներարկման նոր բաղադրության օգնությամբ իրականացված մահապատիժը 15 րոպեանոց հոգեվարքի պատճառ է դարձել, հաղորդում է France-Presse գործակալությունը: Ինչպես նշում է First Coast News-ը, 51-ամյա Ուիլյամ Հեփի հոգեվարքը սովորականից երկար է տևել: Դատապարտյալը երկար ժամանակ մնացել է գիտակից վիճակում, իսկ նրա մարմինը ժամանակ առ ժամանակ ցնցումների մեջ է ընկել: Բանտում, սակայն, համարել են, որ նոր պատրաստուկը հաջող է եղել, և մահապատիժն էլ ընթացել է՝ ինչպես հարկն է: Ըստ բանտի ղեկավարության՝ դատապարտյալը չի տառապել:

Մահապատիժ իրականացնելու համար նոր պատրաստուկի կիրառումը  իրավապաշտպանների բողոքի ալիք է բարձրացրել:Նրանք դա անվանել են «փորձ՝ կենդանի մարդու վրա»: Իրավաբանները ենթադրում են, որ եթե հաջողվի ապացուցել, որ դեղամիջոցը չի գործել, և դատապարտյալը տառապել է մահապատժի ընթացքում, ապա նրա հարազատները հնարավորություն կունենան դատի տալ Ֆլորիդայի իշխանություններին:

Իր վերջին խոսքում Հեփը խոստովանել է, որ սպանություն է կատարել՝ ինչը 20 տարի շարունակ հերքել էր: Նա մահապատժի էր դատապարտվել 1986 թ. մի աղջկա առևանգման, բռնաբարության և սպանության համար:

Մահապատիժը գործում է ԱՄՆ 32 նահանգներում: Հիմնականում այն իրագործվում է ներարկման միջոցով, այսպես՝ 1976-ից մինչև 2013 թ. 1175 դատապարտյալներից 1350 մահապատժի են ենթարկվել հենց այդ ճանապարհով, ևս 158 մարդ մահապատժի է ենթարկվել էլեկտրական աթոռի միջոցով, փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Մարգվելաշվիլին վստահ է, որ Վիլնյուսի գագաթնաժողովին հենց ինքն է մեկնելու’
Հաջորդ հոդվածը‘Հյուրանոցն ի՞նչ է, որ Վիգեն Սարգսյանը չունենա. Մամուլ’