‘Ֆյուլե. Ազատ առևտուրն ի զորու է կրկնապատկել «Արևելյան գործընկերության» երկրներից արտահանումը ԵՄ’

772

Ազատ առևտրի շուրջ համաձայնագիրը, որն Ասոցացման համաձայնագրերի մի մասն է, ի զորու է կրկնապատկել «Արևելյան գործընկերության» երկրներից արտահանումը Եվրամիություն (ԵՄ), կարծում է եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն: «Ազատ առևտրի շուրջ համաձայնագիրը կարող է հանգեցնել «Արևելյան գործընկերության» երկրներից դեպի ԵՄ արտահանման կրկնապատկման`  ներկայիս մոտ 35 մլրդ եվրո մակարդակից մինչև ավելի քան 70 մլրդ եվրո», — ասել է նա`  ելույթ ունենալով Վիլնյուսում «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի նախօրեին կայացած գործարար համաժողովում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: Միևնույն ժամանակ Վիլնյուսում կայացել է Եվրամիության հետ Վրաստանի ասոցացման շուրջ համաձայնագրի տեխնիկական նախաստորագրումը: Վրացական կողմից նախաստորագրումն իրականացրել է առաջին փոխարտգործնախարար Դավիթ Զալկալիանին, ով վերջին երեք տարիներին ղեկավարում էր երկրի պատվիրակությունը ԵՄ հետ բանակցություններում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը`  վկայակոչելով վրացական հեռուստաալիքները: Մինչև համաձայնագրի տեխնիկական նախաստորագրումն սկսելը (տեքստը կազմված է 1000 էջից), Զալկալիանին վրացի լրագրողներին ասել է, որ այդ փաստաթղթի նախաստորագրումը պատմական իրադարձություն է Վրաստանի համար:

Նախորդ հոդվածը‘Դեմարշ ենք անելու, առջեւում ձմեռ է. Փոխադրող ընկերությունների միության նախագահ ‘
Հաջորդ հոդվածը‘Նոր կադրային փոփոխություններ ՀՀ դատախազության համակարգում’