‘Ֆրանսիայի խորհրդարանում Արցախի հանրապետության հետ բարեկամության շրջանակ է ստեղծվել’

954

Ֆրանսիայի Ազգային ժողովի եւ Սենատի մի խումբ անդամների, նախկին պատգամավորների եւ մի քանի քաղաքների իշխանությունների մասնակցությամբ ստեղծվել է Արցախի Հանրապետության հետ բարեկամության շրջանակ:

Ըստ  «Արմենպրես»-ի, մարտի 19-ի երեկոյան ընդունած փաստաթղթում նշվում է. «Հիմք ընդունելով Մարդու իրավունքների մասին համընդհանուր հռչակագրում ամրագրված ազատության եւ ժողովրդավարական արժեքների բացարձակ կարեւորությունը, սատարելով բոլոր ժողովուրդների, այդ թվում`Լեռնային Ղարաբաղի` Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, գիտակցելով Հարավային Կովկասի տարածաշրջանում հարատեւ խաղաղության հաստատման և կայունության պահպանման  անհրաժեշտությունը, աջակցելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը ԼՂ հակամարտության կարգավորման նպատակով եւ այդ ուղղությամբ Ֆրանսիայի Հանրապետության կողմից գործադրվող ջանքերին, ողջունելով ազատ եւ ժողովրդավարական հասարակություն ստեղծելու եւ զարգացնելու Լեռնային Ղարաբաղի` Արցախի Հանրապետության ժողովրդի եւ իշխանությունների հետեւողական քայլերը, համոզված լինեով, որ Արցախի ժողովրդի մեկուսացումը միջազգային գործընթացներից չի նպաստում ժողովուրդների երկխոսությանը եւ կայուն խաղաղության հաստատմանը, մենք` Ֆրանսիայի Հանրապետության քաղաքական գործիչներս, պատգամավորներս ու սենատորներս, հայտարարում ենք Արցախի հետ բարեկամության շրջանակ ստեղծելու որոշման մասին»:

Հայտարարության տեքստն ստորագրել են Մարսելի առաջին փոխքաղաքապետ, նախկին պատգամավոր Ռոլան Բլյումը, Ազգային ժողովի պատգամավորներ Վալերի Բուայեն, Ֆրանսուա Ռոշբլուանը, Ռընե Ռուքեն, սենատորներ Սոֆի Ժուասենը, Ֆիլիպ Մարինը, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ժորժ Կոլումբիեն, ով ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցով նախկին զեկուցողն էր, այլք: Հայտարարության ստորագրումից հետո բարեկամական շրջանակի անդամները փաստաթղթին միանալու կոչով դիմել են այն քաղաքական գործիչներին, ովքեր կիսում են ամրագրված արժեքները: 

Նախորդ հոդվածը‘Ադրբեջանում հայտնված երկու հայաստանցիները վերադարձվեցին’
Հաջորդ հոդվածը‘Բրյուսելը կոչ է անում Երեւանին՝ լիարժեք կերպով հետաքննել մարտի 1-ի սպանությունները’