‘Ֆրանսիայի նախագահը Օլիմպիադային չի ժամանի Սոչի’

808

Ֆրանսիայի իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչներից ոչ ոք, այդ թվում՝ նաև նախագահ Ֆրանսուա Օլանդը, չեն ժամանի Սոչիի ձմեռային օլիմպիական խաղերին, հայտնել է Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը ֆրանսիական ռադիոյի եթերում: Ընդ որում՝ նախարարը չի մանրամասնել, թե որոնք են նման որոշման պատճառները:

 Իրավապաշտպանները աշխարհի երկրների առաջնորդներին կոչ են անում բոյկոտել Օլիմպիական խաղերը՝ ի նշան բողոքի՝ ընդդեմ Ռուսաստանում մարդու իրավունքների ոտնահարման, այդ թվում՝ անչափահասների շրջանում ոչ ավանդական սեռական հարաբերությունների քարոզն արգելող օրենքի, ինչը ընկալվել է որպես հարձակում՝ ռուսաստանյան ԼԳԲՏ հանրության նկատմամբ:

Անցյալ շաբաթ Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկը նույնպես հայտնել էր ռուսաստանյան իշխանություններին, որ չի մեկնելու Սոչիի օլիմպիադային: Դրանից առաջ էլ Եվրահանձնաժողովի փոխնախագահ Վիվիան Ռեդինգն էր հայտարարել, որ չի մեկնի Ռուսաստան՝ սեռական փոքրամասնությունների վերաբերյալ Ռուսաստանի օրենսդրության պատճառով:

Ամռանը Օլիմպիադան բոյկոտելու կոչով հանդես էր եկել անգլիացի գրող և դերասան Սթիվեն Ֆրայը՝ Սոչիի Օլիմպիադան համեմատելով 1936 թ. հիտլերյան Գերմանիայի օլիմպիական խաղերի հետ: Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը չի պաշտպանել Ֆրայի բոյկոտի առաջարկը: Ըստ նրա՝ ինքը կիսում է Ֆրայի անհանգստությունը  Ռուսաստանում լեսբուհիների, գեյերի, բիսեքսուալների և տրասսեքսուալների ճակատագրի առնչությամբ, սակայն կարծում է, որ նախապաշարմունքների դեմ ավելի արդյունավետ կարելի է պայքարել՝ հենց մեկնելով Օլիմպիադայի:

Ռուսաստանի կառավարությունը գրավոր հավաստիացում է տվել Միջազգային օլիմպիական կոմիտեին, որ հունիսին ընդունված օրենքը «գեյ-քարոզչության» վերաբերյալ չի վերաբերի մարզիկներին և Օլիմպիադայի հյուրերին, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նախորդ հոդվածը‘Սիրիայի օդուժը ռմբակոծել է Հալեպը’
Հաջորդ հոդվածը‘Օրվա համառոտ ամփոփում’