‘Ֆրանսիան պատրաստ է օրինականացնել էֆթանազիան’

1017

Ֆրանսիան ծրագրել է օրինականացնել էֆթանազիան: Եթե դա տեղի ունենա, ապա նա կդառնա Եվրամիության չորրորդ երկիրը, որն օրինականացնում է ինքնասպանությանն օժանդակելը: Անցյալ շաբաթ խորհրդատվական «քաղաքացիական կոնֆերանսը» հանդես է եկել առաջարկով՝ քրեորեն պատժելի հանցանքների ցանկից հանել այն սպանությունը, որը բժիշկը կատարել է հիվանդի խնդրանքով:

Նախագահ Ֆրանսուա Օլանդը ընտրվելիս խոստացել էր ֆրանսիացիներին «արժանապատվորեն մեռնելու հնարավորություն» տալ, սակայն մեկուկես տարի պաշտոնավարելու ընթացքում հարցը տեղից չէր շարժվել:

Էֆթանազիայի կամ բժշկական օգնությամբ ինքնասպանություն գործելու օրինականացման հարցը Եվրոպայում շատ ավելի վեճերի տեղիք է տալիս, քան, օրինակ, համասեռական ամուսնությունների հարցը: Հատկանշական է, որ Եվրախորհրդարանը կամ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը բանաձևեր են ընդունում՝ կոչ անելով պաշտպանել ԼԳԲՏ իրավունքները, մինչդեռ էֆթանազիայի հարցում՝ ճիշտ հակառակը. օրինակ՝ ԵԽԽՎ-ն 2012 թ. հավանության է արժանացրել բանաձևը՝ հետևյալ ձևակերպմամբ՝ «էֆթանազիան միշտ պետք է արգելվի»: Այնպես որ՝ ԵՄ յուրաքանչյուր երկիր յուրովի է լուծում այդ հարցը:

ԵՄ երկրներից մինչև հիմա էֆթանազիան օրինականացրել են՝ Նիդեռլանդները (2002 թ. ապրիլի 1-ից), Բելգիան (նույն՝ 2002 թ.) և Լյուքսեմբուրգը (2009 թ.):

Էֆթանազիան օրինական է նաև Կոլումբիայում, Ճապոնիայում, Մեքսիկայի և ԱՄՆ-ի մի քանի նահանգներում: Իսկ, օրինակ, Շվեյցարիայում մի փոքր այլ մոտեցում է. այստեղ էֆթանազիան արգելված է, սակայն թույլատրվում է օգնություն ցույց տալ ինքնասպանություն գործողին, ընդ որում՝ ոչ միայն բժշկի կամ հարազատների կողմից, այլև երրորդ անձանց, ովքեր որևէ կերպ չպետք է շահագրգռված լինեն հիվանդի մահով: Ուստի երկրում օրինական կերպով գործում են ինքնասպանների աջակցության կամավորական երկու ընկերություններ, որոնցից մեկի` Exit-ի (Ելք) ծառայություններից կարող են օգտվել միայն Համադաշնության քաղաքացիները, իսկ Dignitas-ին (Արժանապատվություն) կարող են դիմել նաև արտասահմանցիները, ովքեր եկել են մեռնելու Շվեյցարիայում, փոխանցում է lenta.ru-ն: 

Նախորդ հոդվածը‘Ռուսաստանցի միլիարդատեր Վլադիմիր Պոտանինը ամուսնալուծվում է’
Հաջորդ հոդվածը‘Լաս Վեգասում տաքսու վարորդը ուղևորին է վերադարձրել մեքենայի մեջ թողած 300 հազար դոլարը’