‘2008, ապրիլ, ՄԻՊ. Ի՞նչ էր թաքցնում ոստիկանությունը’

4561

2008 թվականի ապրիլի 25-ին Հայաստանի այն ժամանակվա Օմբուդսմեն Արմեն Հարությունյանը ներկայացնում է նախագահական ընտրությունների եւ հետընտրական զարգացումների վերաբերյալ արտահերթ զեկույցը:

Զեկույցում անդրադարձ է կատարվում նաեւ մարտիմեկյան իրադարձություններին:

Զեկույցը գնահատվեց իշխանամետ, քանի որ ՄԻՊ-ը, անդրադառնալով տեղի ունեցածի խնդրահարույց կետերին, փորձ էր կատարել իրադարձությունները տեղափոխել հավասար պատասխանատվության դաշտ: Ընդ որում, քանի որ իրավական պատասխանատվության առումով ՄԻՊ-ը չէր կարող հավասարության նշան դնել ընդդիմության եւ իշխանության միջեւ, ապա զեկույցի զգալի մասը նվիրել էր ընդդիմության գործողությունների ոչ այնքան քաղաքական, որքան «հոգեբանական» վերլուծությանը՝ «բարոյական» դաշտում վերլուծելով ընդդիմադիրների ելույթների բովանդակությունը, քարոզչական տեխնոլոգիաները:

Հենց այս մեթոդով էր փորձել Հարությունյանը որոշակիորեն հակադրել ընդդիմադիրների ելույթները՝ իշխանությունների գործողություններին, որոնք նա ստիպված էր վերլուծել իրավական տեսանկյունից, քանի որ իրավական խախտումներն ակնհայտ էին:

Հենց այդ ակնհայտությունն է պատճառը, որ անգամ այդ զեկույցում ՄԻՊ-ը չի կարողացել լղոզել բոլոր հարցերն ու ստիպված է եղել, բարոյախրատական զեղումներից զատ, նաեւ իրավական հարցադրումներ անել իշխանությունների գործողությունների վերաբերյալ:

Հիշեցնենք, որ զեկույցի կազմման ու ներկայացման ժամանակ դեռեւս բանակի մասնակցության մասին հաստատումներ չկային իշխանությունների կողմից, բազմաթիվ այլ էական հանգամանքներ եւս պարզվեցին ավելի ուշ՝ Փաստահավաք խմբի գործունեության շրջանում:

Իսկ հիմա տեսնենք, թե 2008-ի իր զեկույցում ինչ խնդիրներ էր մատնանշել ՄԻՊ-ը, որոնց մեծ մասն անգամ այսօր հերքում են Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները:

«… իշխանությունը ներկայացնող տարբեր գործիչներ և իշխանամետ ԶԼՄ-ներ  Տեր-Պետրոսյանի դեմ ուղղված հակաքարոզչություն էին իրականացնում: … Դեռևս նախընտրական քարոզարշավին նախորդող ժամանակահատվածում հեռուստաընկերությունների կողմից իրականացվող լուսաբանումը կրում էր թեկնածուներից մեկի նկատմամբ ընդգծված սուր քննադատական բնույթ: ….Ճիշտ է, հեռուստաընկերությունների կողմից վարվող հետևողական քաղաքական կողմնակալությունը որոշակիորեն մեղմացել էր նախընտրական քարոզարշավի պաշտոնական մեկնարկից հետո, սակայն այդ հանգամանքը թերևս որակական ազդեցություն չունեցավ ձևավորվող իրավիճակի վրա:

…Լ. Տեր-Պետրոսյանի լուսաբանումը տարբեր հեռարձակվող լրատվամիջոցներով պարունակում էր բազմաթիվ քննադատական ակնարկներ, մինչդեռ մյուս ութ թեկնածուները ներկայացվում էին ընդհանուր առմամբ դրական կամ չեզոք կերպով»:

ՄԻՊ-ը եզրակացնում է. «Իշխանությունների քարոզարշավի կարևորագույն մասն էր կազմում Լ. Տեր-Պետրոսյանին և նրա համախոհներին հասարակությունից մեկուսացմանն ուղղված գործունեությունը: Փորձեր էին կատարվում հանրությանը համոզել, որ նրա ընտրազանգվածն են կազմում նոր թալանի ձգտող նախկին պաշտոնյաները և հասարակության անգիտակից, խաբված կամ ապաշնորհ անդամները, ստորին խավի ներկայացուցիչները, այսինքն` հասարակության ակնհայտ փոքրամասնությունը»:

Օմբուդսմենը արձանագրում էր նաեւ, որ նախընտրական շրջանում Տեր-Պետրոսյանի կողմնակիցների նկատմամբ գործադրվում էին ճնշումներ իշխանական լծակների օգտագործմամբ:

«Ինչ խոսք, ճշմարիտ է այն կարծիքը, որ մենք բոլորս ենք մեղավոր ստեղծված իրավիճակի համար: Սակայն, ինչպես ցույց տվեցին հետագա գործընթացները, պատասխանատվության  ենթարկվեցին միայն ընդդիմության ներկայացուցիչները: Եվս մեկ անարդարություն»,- գրում է ՄԻՊ-ը:

Քվեարկության մասին ՄԻՊ-ը գրում է, որ 2008-ի նախագահական ընտրությունների «քվեարկության օրը ստացված բողոքները քանակական առումով համադրելի են 2007 թ. խորհրդարանական ընտրությունների քվեարկության օրը Պաշտպանին հասցեագրված բողոքների հետ: Սակայն, խորհրդարանական ընտրությունների համեմատ՝ նախագահական ընտրությունների քվեարկության օրն ընտրական գործընթացում ներգրավված անձանց նկատմամբ բռնություն կիրառելու վերաբերյալ բողոքներն անհամեմատ ավելի շատ էին»:

Անդրադարձ կա նաեւ այն ժամանակ իշխանությունների կողմից ակտիվացված, այսպես կոչված, տարատեսակ մասնագետներին: «Հասարակության մեջ առկա բևեռացումը խորացավ նաև տարբեր մասնագետների` հոգեբանների, սոցիոլոգների, քաղաքագետների և ուրիշների միակողմանի մեկնաբանությունների պատճառով, որոնք հանրահավաքներին մասնակցողներին վերագրում էին զանազան անհրապույր որակներ, ինչպիսին են, օրինակ, «զոմբիացված», «չհասկացող», «կիսագրագետ», «անհաջողակներ», «ընտանիքում չբավարարված, հիստերիկ գծերով օժտված կանայք» և այլն: Նման վերաբերմունքը պասիվ ընդդիմացող կամ ակտիվ դժգոհ ընտրազանգվածներին մղում էր ապացուցելու հակառակը, որ նրանք չեն պատկանում այդ խավերին, այլ իրոք արժանի են ուշադրության»:

ՄԻՊ-ը նաեւ արձանագրել էր, որ «դիտարկվող ժամանակահատվածի իշխանությունները, ձևավորելով արտոնյալ` յուրայինների և հասարակության մնացած մասի փակ համակարգ, քաղաքական պայքարի որևէ հնարավորություն չթողեցին ոչ միայն ընդդիմությանը, այլև այլ ձևով մտածողներին»:

Մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ ՄԻՊ զեկույցն արձանագրել էր, որ «Մարտի 1-ի իրադարձությունները սկսվեցին Ազատության հրապարակում խաղաղ նստացույցը բռնի կերպով դադարեցնելուց: Առավոտյան, ժամը 6:40-ին, ոստիկանության աշխատակիցները պաշտպանողական հանդերձանքով, վահաններով և մահակներով հարձակվեցին Ազատության հրապարակում գտնվող ցուցարարների վրա»:

ՄԻՊ-ը նաեւ արձանագրել էր, որ մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում տեղի ունեցածի վերաբերյալ իշխանությունները հակասական հայտարարություններ էին անում:

«Որոշակի հակասություններ կան ՀՀ գլխավոր դատախազության հայտարարություններում: Այսպես, ՀՀ գլխավոր դատախազի՝ մարտի 4-ին Ազգային ժողովի 4 պատգամավորներին որպես մեղադրյալ ներգրավելու և նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար համաձայնություն տալու վերաբերյալ ներկայացված միջնորդությունում նշվում է` «ոստիկանության նպատակն է եղել զենքը առգրավելուն ուղղված օպերատիվ միջոցառում, որը վերաճել է բախման», իսկ մինչ այդ ՀՀ գլխավոր դատախազության մարտի 1-ի մամլո հաղորդագրությունում նշվում է այլ բան` ոստիկանության նպատակը մարտի 1-ի առավոտյան ժամը 6:00-ի սահմաններում եղել է հավաքը հարկադրաբար դադարեցնելը»։

ՄԻՊ-ը գրել էր նաեւ, որ «Ազատության հրապարակի օպերացիան տեղի ունեցավ առավոտյան 6:40, ինչը խիստ զարմանալի է այն պարզ պատճառով, որ եթե ոստիկանությունը իսկապես իրականացնում էր քննչական գործողություն, ապա 6:40-ի փոխարեն, պրակտիկայում ավելորդ հիմնավորումներից խուսափելու համար, քրեական հետապնդման մարմինը մի փոքր սպասում է և իրականացնում քննչական գործողությունը ժամը 7-ից հետո:  Անհրաժեշտ է պարզել` արդյո՞ք հանրահավաքի մասնակիցներին ներկայացվել է տեղազննություն իրականացնելու հրապարակային պահանջ և ո՞ւմ կողմից: Անհրաժեշտ է պարզել` որևէ մեկը ներկայացե՞լ է որպես օպերացիայի համար պատասխանատու անձ, օգտագործել է արդյո՞ք հրապարակում տեղակայված բարձրախոսը տեղազննություն իրականացնելու պահանջը հայտարարելու նպատակով:

Զննության ընթացքում քրեական վարույթն իրականացնող անձն ինքնուրույն կամ մասնագետի օգնությամբ վերցնում է հետքեր, իրեր, փաստաթղթեր, ինչպես նաև այլ առարկաներ, որոնք գործով կարող են ունենալ ապացուցողական նշանակություն: Առնվազն տարօրինակ է հայտնաբերված զենքերը ոստիկանների կողմից մերկ ձեռքերով վերցնելը, ինչը ցուցադրվեց Հանրային հեռուստատեսությամբ մարտի 1-ին»:

 ՄԻՊ-ը նաեւ արձանագրում էր այլ խախտումներ, օրինակ, որ «մարտի 4-ին ոստիկանության պետի առաջին տեղակալ Արարատ Մահտեսյանը և ՀՀ ոստիկանության պետի մամուլի քարտուղար Սայաթ Շիրինյանը ԶԼՄ-ների ներկայացուցիչներին տրված ասուլիսի ժամանակ հայտարարել են, որ մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում իրականացված գործողությունների բնույթը հետևյալն էր. «ոստիկանությունը պետք է գնար և հենց տեղում տեղազննություն կատարեր, իսկ վրաններում` խուզարկություններ»»:

«Ինչպե՞ս բացատրել դեռևս չհարուցված քրեական գործի շրջանակներում խուզարկություն քննչական գործողության իրականացումը»,- հարցնում էր ՄԻՊ-ը:

Նա նշում էր նաեւ, որ «ըստ պաշտոնական տեղեկատվության` տեղազննություն կատարելու ոստիկանների փորձին ի պատասխան՝ նստացույցի մասնակիցները կատաղի հարձակում են գործել իրենց ծառայողական պարտականությունները կատարող իրավապահների նկատմամբ: Ստեղծված իրավիճակից ելնելով՝ տեղում օպերատիվ որոշում է կայացվել օրենքով նախատեսված շրջանակներում համապատասխան միջոցներ ձեռնարկել»:

Ապա հարցնում է. «Առաջանում է տրամաբանական հարց` ինչպե՞ս պատահեց, որ առավոտյան 6:30-ի սահմաններում րոպեների ընթացքում ոստիկանությանը հաջողվեց մոբիլիզացնել բազմաթիվ ստորաբաժանումներ` պաշտպանողական հանդերձանքով, վահաններով և մահակներով, որոնք հարձակվեցին ցուցարարների վրա, եթե այս ամենի նպատակը միայն տեղազննության կատարումն էր»:

ՄԻՊ-ը նաեւ անդրադառնում է  բուն «օպերացիայի» մեկնարկի տեսագրության հարցին:

«Հաշվի առնելով իրավիճակի խիստ քաղաքականացված լինելը` իրավապահ մարմինները ենթադրաբար պետք է նկարահանած լինեին օպերացիան, մասնավորապես դրա սկիզբը, հատկապես եթե հաշվի առնենք, որ իրենց հետ եկել էին օպերատորներ, որոնք հետագայում նկարահանեցին առգրավված զենքը: Ուստի, հատուկ ուշադրությամբ պետք է վերծանել նրանց կողմից նկարահանված օպերացիայի սկսման պահը: Այս առնչությամբ մտահոգիչ է մարտի 1-ի առավոտյան այդ տարածքում նկարահանումներ կատարած «Ա1+»-ի, «Երկիր մեդիա»-ի տեսաերիզների բռնագրավումը, «ԱԼՄ»-ի տեսախցիկի ջարդումը: Ավելին, «Առավոտ»-ի արտահաստիքային լուսանկարիչ Գագիկ Շամշյանից ծեծելով խլել են նրա նկարահանած կադրերը: Ի՞նչ էր թաքցնում ոստիկանությունը: Եթե ամեն ինչ եղել էր օրենքի շրջանակներում, հենց ոստիկանությունը առաջին հերթին պետք է շահագրգիռ լիներ, որ ամեն ինչ նկարահանվեր և լուսաբանվեր»:

ՄԻՊ-ը նաեւ հարցնում էր, որ եթե ըստ ՀՀ գլխավոր դատախազության՝  առավոտյան Ազատության հրապարակում հայտնաբերվել են նռնակներ, ինչը թույլ է տալիս մտածել` ինչո՞ւ դրանք չեն օգտագործվել: Եթե, ինչպես ներկայացնում է Հանրային հեռուստատեսությունը, փախչող ցուցարարները իրենցից հետո ատրճանակներ են թողել, ապա ինչպես եղավ, որ նրանց ցրելու ժամանակ, որն ուղեկցվել է ծեծով և դիմադրությամբ, ոչ մի կրակոց չեղավ:

ՄԻՊ-ը գրում էր, որ մարտի 1-ի առավոտվա և օրվա երկրորդ կեսի իրադարձությունների փոխկապվածությունը ակնհայտ է, եւ որ անհնարին է մարտի 1-ի երկրորդ կեսին տեղի ունեցած դեպքերի քննությունը՝ առանց առավոտյան հանրահավաքի մասնակիցների նկատմամբ կիրառված բռնության հետ պատճառական կապը հաշվի առնելու, և այս երկու իրադարձությունները հավասարապես պետք է քննվեն մեկ հարթության շրջանակներում:

ՄԻՊ-ը նաեւ երեկոյան դեպքերի հետ կապված հարցադրումներ էր արել: Այն, որ բազմաթիվ վկայություններ են եղել, որ մարդկանց շրջանում սադրիչներ են եղել, այն, որ չնայած սադրիչների առկայությանը՝ հավաքն ինքնաբուխ ու խաղաղ էր, որ մարտի 1-ի ժամը 12-ի մոտակայքում ոստիկանների կողմից կիրառված ֆիզիկական ուժը պետք է դիտարկել անօրինական, որ անօրինական պետք է համարել նաև ՀՀ ոստիկանության զորքերի ներգրավումը մարտի 1-ի կեսօրին ֆրանսիական դեսպանատան մոտակայքում հավաքված քաղաքացիներին ցրելու փորձին։

«Անհրաժեշտ է պարզել, թե ո՞վ է տվել ոստիկանության զորքերը ներգրավելու անօրինական հրամանը, հարուցվա՞ծ է արդյոք ծառայողական քննություն»,- գրված էր զեկույցում:

ՄԻՊ-ը նաեւ կասկածելի էր համարել խանութների թալանի եւ մեքենաների հրկիզումների ձեւն ու տեղը:

«Մարտի 1-ի գիշերը կասկածելի և հակասական հանգամանքներում են իրականացվել Մաշտոցի պողոտայում գտնվող խանութների թալանը, մեքենաների հրկիզումը: Հատկանշական է, որ Ֆրանսիական դեսպանատան մոտակայքում ընթացող հանրահավաքի մասնակիցները որևէ հարձակում մոտակա խանութների վրա չգործեցին (Euromotors)»:

 ՄԻՊ-ը նաեւ գրում էր, որ «նախաքննության առարկա պետք է հանդիսանա նաև ոստիկաններին հրազենային վնասվածքներ հասցնելու հարցը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ոստիկանությունը դեռևս չի հրապարակել ցուցարարների կողմից ոստիկանների ուղղությամբ կրակ բացելու որևէ ապացույց»:

Այսինքն, ինչպես տեսնում ենք, նույնիսկ Արմեն Հարությունյանը, որն ամեն ինչ արել է, որ համահարթեցնի ու լղոզի տեղի ունեցածը, պայթեցրել է այն հիմնական կեղծիքը, թե որն էր մարտի 1-ին ոստիկանության՝ Ազատության հրապարակ ներխուժելու նպատակը, որը,  ինչպես ՀՔԾ քննչական խմբի այն ժամանակվա ղեկավար Վահագն Հարությունյանը քրեական գործը հարուցելիս նշել է՝ եղել է խաղաղ հավաքը հարկադրաբար դադրեցնելը:

Նախորդ հոդվածը‘Մոտ 12 մլրդ դրամ շուկայական արժեքով ՀԷԿ-ը առերևույթ հանցավոր մեխանիզմներով օտարվել է մոտ 4 անգամ ցածր գնով’
Հաջորդ հոդվածը‘Մաքրուհին ՉԼ-ի Գավաթը աղբամանն է նետել’