‘2011 թվականին Կոստանյանները 187 հազար դոլարի նվիրատվություն են ստացել. ումի՞ց. Փաստաթղթեր ‘

4601

Այսօր Սերժ Սարգսյանը դատախազության աշխատակիցներին է ներկայացրել Գեւորգ Կոստանյանին, եւ ի դեմս վերջինիս՝ ունենք նոր գլխավոր դատախազ:

Հետաքրքիր է, թե ով է այս երիտասարդ դատախազը, ինչ կենսագրություն եւ, ամենակարեւորը՝ ինչ ունեցվածք ունի:

Ըստ գլխավոր  դատախազության կայքի տվյալների՝ Կոստանյանը ծնվել է 1977 թվականին:

Իրավաբանական կրթությունն ստացել է Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, որն ավարտել է 1999թ.: 2006թ. Ուսումնառություն է անցել Մեծ Բրիտանիայի Նոթինգեմի համալսարանում: Ներկայումս սովորում է ՀՀ ազգային ակադեմիայի փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի դոկտորանտուրայում:

1995 — 1999թթ. — ՀՀ արդարադատության նախարարության օրենսդրության հարցերի վարչության առաջին կարգի խորհրդատու, (այսինքն` ուսումնառության տարիներին):

1999 — 2001 թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում։

2001-2003թթ. —  ՀՀ արդարադատության նախարարի խորհրդական:

2003 — 2004թթ.-  ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ:

2006թ —  ՀՀ արդարադատության  նախարարի խորհրդական:

2006 — 2008թթ. — ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ:

2008-2011 թթ.-  Հայաստանի Հանրապետության Նախագահի օգնական,  ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի մոնիտորինգի հանձնաժողովի նախագահ:

2011-2013թթ. — ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ

ՀՀ Ազգային ժողովի` 01.10.2013 թ. որոշմամբ նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազ:

2004թ.-ից մինչ այժմ — ՀՀ կառավարության լիազոր — ներկայացուցիչը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում:

2002թ. մինչ օրս դասավանդում է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում:

Սա Կոստանյանի պաշտոնական կենսագրությունն է, որից մենք տեսնում ենք, որ Կոստանյանը, կարծես թե՝ մշտապես աշխատելով պետական ապարատում՝ աշխատավարձով ապրող երիտասարդ է:

Այժմ, սակայն, ուսումնասիրենք նրա եւ նրա հետ «փոխկապակցված անձի»՝ իր տիկնոջ ունեցվածքը: Գոնե այն, ինչ Կոստանյանը հայտարարագրել է պաշտոնապես: Թեպետ, ի դեպ, այդ հարցում պետք է որ իր պարտականությունները կատարեր Բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովը, որը հրապարակում է պաշտոնյաների հայտարարագրերը: Սակայն, տարօրինակ զուգադիպությամբ, եթե այլ պաշտոնատար անձանց հայտարարագրերը հասնում են արդեն մինչեւ 2013 թվականը, ապա ե՛ւ Գեւորգ Կոստանյանի, ե՛ւ արդեն նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի ու նրանց փոխկապակցված անձանց հայտարարագրերից հրապարակված է ընդամենը մեկական հատ,այն էլ՝ մի դեպքում՝ այսպես կոչված Հավելված 3-ը, մյուս դեպքում՝ Հավելված 1-ը:

Կոնկրետ Գեւորգ Կոստանյանի դեպքում ունենք երկու հայտարարագիր՝ մեկը իրենը, 2011 թվականի, մյուսը իր տիկնոջը՝ նորից 2011 թվականի: Կոստանյանի հայտարարագիրը Հավելված 1-ով է, նրա կնոջը՝ 3-ով:

Քանի որ երկուսի դեպքում բացակայում են երկրորդ հավելվածները, եւ նաեւ չկան 2012 եւ 2013 թվականների հայտարարագերը, մեր գործը մի փոքր ավելի բարդանում է. դժվար է կռահել, թե վերջին երկու տարիների ընթացքում ինչ փոփոխություններ են եղել՝ Կոստանյանների ունեցվածքի հետ կապված, արդյո՞ք այն ավելացել է, թե՞ ոչ, եթե այո, ապա որքանո՞վ, նաեւ եղած հայտարարագրերից մենք հնարավորություն ունենք միայն ֆիքսել կոնկրետ դրամական միջոցները միայն:

Կոստանյանի դեպքում, օրինակ, ամբողջությամբ ծածկված է անշարժ գույքի հատվածը, ինչից կարելի է արդեն իսկ հասկանալ, որ Կոստանյանն ունի մեկից ավելի անշարժ գույք, բայց թե կոնկրետ քանի հատ, ինչ ծավալի՝ դժվար է այս պահին ասել:

Անցնենց դրամական միջոցներին.

2011-ի դրությամբ տարվա սկզբին Կոստանյանն ունեցել է 200 հազար դրամ, որը հարկային տարվա վերջում դարձել է 25 մլն դրամ, Կոստանյանը բանկում նաեւ ունեցել է 5000 դոլար եւ 5000 բրիտանական փոունդ: Բացի այդ՝ երկու տեղից ստացել է աշխատավարձ, մի դեպքում՝ տարեկան կտրվածքով 393 հազար դրամ (ըստ երեւույթին՝ դասախոսելու համար), մյուս դեպքում՝ 3.5 մլն դրամ:

Պաշտոնյա Գեւորգ Կոստանյանը 2011-ին ունեցել է նաեւ 35 մլն դրամ, որը նա ստացել է որպես նվիրատվություն: Ումից, ինչի համար՝ պարզ չէ:

Նրա տիկինը, ըստ հայտարարագրի, 2011-ին շարժական ու անշարժ գույք չի ունեցել, բայց բանկում ունեցել է 2 մլն դրամ, որը տարվա վերջում դարձել է 4 մլն, նաեւ 70 հազար ԱՄՆ դոլար, որը տարվա վերջում դարձել է 155 հազար դոլար:

Ընդ որում՝ Կոստանյանի տիկինը, ըստ հայտարարագրի, ամբողջ տարվա ընթացքում ստացել է ընդամենը 1.3 մլն դրամ աշխատավարձ, այսինքն՝ ամսական կտրվածքով՝ հարյուր հազարից մի փոքր ավելի, բայց տարվա ընթացքում ունեցել է 3 մլն 694 հազար դրամ ավանդի տոկոսներից ստացված եկամուտ, եւ կրկին, ուշադրությո՛ւն՝ 100 հազար դոլար նվիրատվություն: Ում կողմից, ինչի համար՝ պարզ չէ:

Ի դեպ, 2011 թվականին, երբ Կոստանյաների ընտանիքը նման նվիրատվություններ էր ստանում, Կոստանյանը սկզբում Կոռուպցիայի դեմ պայքարի մոնիթորինգի հանձնաժողովի անդամն էր, ապա՝ Զինվորական դատախազ: Այսինքն՝ այդ տարվա ընթացքում, Կոստանյաների ընտանիքը ընդհանուր առմամբ ավելի քան 187 հազար ԱՄՆ դոլարի նվիրատվություն է ստացել: Թե ինչի համար կարող էր կոռուպցիայի դեմ պայքարի մոնիթորինգի հանձնաժողովի անդամն ու զինվորական դատախազը ստանալ այդ նվիրատվությունները՝ կռահեք ինքներդ:

Հ.Գ. Ի դեպ, այս պարագայում բավականին ուշագրավ է Էթիկայի հանձնաժողովի աշխատակիցների պահվածքը: Նախ, կայքը թարմացվում է, փաստորեն, ըստ նրանց ցանկության, քանի որ որոշ պաշտոնյաների դեպքում եթե արդեն 2013-ի հայտարարագրերն են տեղադրվում, ոմանց դեպքում 2011 թվականից այս կողմ ոչինչ չի հրապարակվում: Դա իրենք պայմանավորում են իբր կայքի հետ տարվող աշխատանքներով, որը ամեն օրը պետք է ավարտվի «մոտ օրերս», ու այդպես էլ չի ավարտվում:

Երկրորդը, հանձնաժողովի աշխատակիցները, թեեւ կայքի հետ տարվող աշխատանքները պատճառ բերելով՝ պատրաստակամություն են հայտնել էլեկտրոնային տարբերակով ուղարկել հայտարարագրերը, սակայն, արդեն մոտ տասն օր է՝ մենք չենք ստացել այդ հայտարագրերը:

 

 

 

Նախորդ հոդվածը‘ԵՄ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչությունը կրճատում է ծախսերը’
Հաջորդ հոդվածը‘Հրանտ Տեր-Աբրահամյան. Մարդուց դրոշն է մնում’