‘2013 թվականին կենսաթոշակների բարձրացում չի նախատեսվում ‘

1560

ԱԺ-ում սոցիալական ոլորտին հատկացնող բյուջեի քննարկման ժամանակ ՀՅԴ խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արծվիկ Մինասյանը շեշտեց.
«Փաստորեն՝ 2013 թվականին սոցիալական ոլորտին տրամադրվող միջոցները կրճատվել են 4 112,0 մլրդ դրամով, բնականաբար՝ սա բերելու է նաև համախառն ներքին արդյունքի տեսակարար կշռի նվազմանը: Բյուջեի նախագծի մեջ «կենսաթոշակներ» բաժնում նշվում է, որ չի բարձրանալու ոչ հիմնական կենսաթոշակի չափը (13 000 դրամ), ոչ էլ աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը (450 դրամ), այնուամանայնիվ, նշվում է, որ աշխատանքային կենսաթոշակի միջին ամսական չափը կկազմի 31345,8 դրամ՝ 2012 թվականի՝ 31 254,5 դրամի դիմաց: Այս դեպքում, եթե չի աճում բազային չափը, ապա ինչպե՞ս կարող է աճել միջին տարեկան չափը»:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն արձագանքեց, որ սոցիալական ոլորտի բյուջեի կրճատումը հիմանականում պայմանավորված է կապիտալ ծախսերի կրճատմամբ, իսկ գործազրկության համար տրվող նպաստներին հատկացվող գումարը կրճատվել է՝ պայմանավորված գրանցված գործազուրկների թվի նվազմամբ:
Նախարարը հաստատեց այն հանգամանքը, որ կենսաթոշակների ավելացում գալիք տարում չի նախատեսվում, սակայն չպատասխանեց, թե ինչով է պայմանավորված միջին տարեկան կենսաթոշակների թվի տարբերությունը:

Նախորդ հոդվածը‘Թուրքիան կստեղծի եվրոգոտու մրցակից՝ լիրայի գոտի ‘
Հաջորդ հոդվածը‘Վրաստանում Ռուսաստանի հարցով վարչապետի հատուկ ներկայացուցչի պաշտոն է սահմանվել ‘