’42 տարի առաջ հունիսի 17-ին ավտովթարից զոհվեց Պարույր Սևակը ‘

5105

1971 թվականի հունիսի 17-ին  ավտովթարի հետևանքով զոհվեց հայ մեծանուն գրող, գրականագետ Պարույր Սևակը: Չանախչի գյուղից դուրս գալուց հետո ճանապարհին Պարույր Սևակի մեքենան վթարի ենթրակվեց: Մեքենայի մեջ էին գրողը, կինը և երկու որդիները: Սևակն ու կինը զոհվեցին:

Պարույր Սևակը ծնվել է 1924 թվականի հունվարի 24-ին Արարատի շրջանի Չանախչի (ներկայիս Զանգակատուն, Արարատի մարզ) գյուղում։ Պարույրն իր ծնողների երկրորդ զավակն էր, սակայն առաջնեկը փոքր տարիքում մահանում է, որի հետևանքով նա դառնում է ընտանիքի միակ երեխան։ Գրել ու կարդալ սկսել է հինգ տարեկանից։ Նույն տարիքից էլ սկսում է հաճախել դպրոց, սակայն սկզբում, քանի որ տարիքը թույլ չէր տալիս օրինական դպրոց գնալ, նրա հաճախումները ոչ օրինական բնույթ էին կրում։ Նրա գերազանց առաջադիմության պատճառով, ուսուցիչը թույլատրում է օրինական կարգով գրանցվել դպրոցում և շարունակել ուսումը։ Պարույրը մանկական հասակից շատ էր կարդում, իսկ տասնմեկ տարեկանում առաջին անգամ իր գրիչն է փորձում պոեզիայում։

1940 թվականին դպրոցը գերազանց առաջադիմությամբ ավարտելով՝ Սևակը ընդունվում է Երևանի Պետական Համալսարանի Բանասիրական ֆակուլտետի հայերենի բաժինը։ Եղել է ամենալավ ուսանողներից մեկը։ «Սովետական գրականություն» ամսագրում տպագրվում են նրա երեք բանաստեղծությունները, Պարույր Սևակ ստորագրությամբ։ Ծննդավայրը, հարազատ միջավայրը ողջ կյանքի ընթացքում ոչ միայն անմոռաց ու սիրելի մնացին բանաստեղծի համար, այլև դարձան ներշնչարան նրա սիրո, կարոտի, մայրական եվ հայրենասիրական երգերի համար:

1955 թվականին Սևակը ավարտում է Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտը, որտեղ և անց է կացնում կյանքի հետագա չորս տարիները՝ դասախոսելիս։ 1970-ին Պարույրը ստանում է բանասիրական գիտությունների դոկտոր գիտական կոչումը։ 1963-ից մինչև 1971 թթ. աշխատում է որպես ավագ գիտաշխատող Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում, 1966-ից Հայաստանի Գրողների Միության վարչության քարտուղարն էր։

Նախորդ հոդվածը‘Ե՞րբ եք սկսելու ճաշակ ձևավորել, որակ բարձրացնել, լուրջ որակով ֆիլմեր նկարահանել’
Հաջորդ հոդվածը‘«Լիվերպուլի» գործադիր տնօրենը Մխիթարյանի համար հետաձգել է ուղեւորությունը Բրազիլիա’