‘Հիշեցում. «Օդի մաքրման համար ծախսված» 41 մլն դրամով քաղաքապետարանն աղտոտում է ո՛չ միայն մայրաքաղաքի մթնոլորտը’

4359

Վերջին շրջանում բնապահպաններն անդադար ահազանգում են Երևան քաղաքի օդի  աղտոտվածության աննախադեպ ցուցիչների մասին: Մայրաքաղաքի օդում առկա փոշու քանակը մի քանի անգամ գերազանցում է աշխարհում ընդունված թույլատրելի առավելագույնը: Այս մասին են վկայում նաև մասնագետների ներկայացրած տվյալները, որոնց համաձայն՝ Երևանի օդում առկա փոշու պարունակությունը 0,15մգ/մ3-ի  փոխարեն կազմում է 0.3մգ/մ3:  Իսկ օդում ազոտի օքսիդների պարունակությունը կրկնակի գերազանցում է նախկին չափաքանակը:

Էկոլոգիական այսպիսի  պայմաններում հաճախակի են դառնում շնչառական հիվանդությունների դեպքերը,  ալերգիաները: Փորձագետների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այն քաղաքներում, ուր օդի աղտոտվածության նման ցուցանիշներ են գրանցվում, մի քանի անգամ աճում է սրտանոթային անբավարարությամբ, բրոնխիտով, ասթմայով, թոքային էնֆիզեմայով, ինչպես նաև աչքերի հիվանդությամբ տառապողների թիվը: Առավել սրված շրջանում իրավիճակը կարող է հանգեցնել տարեց մարդկանց մահացության կտրուկ աճի:

Բացասական հետևանքները մեղմելու ամենաարդյունավետ եղանակներից է մայրաքաղաքի մերձակայքում  կանաչ տարածքների պահպանումը և ավելացումը, ընդ որում` խոսքը ոչ թե դեկորատիվ կանաչապատման՝ ծաղկանոցների ու պարտեզների մասին է, այլ անտառածածկ տարածքների, որոնք  արտադրում են թթվածին ու կլանում ածխաթթու գազ: Կանաչ տարածքները ոչնչացնելով՝ հնարավոր չի լինում կրճատել օդի աղտոտվածութունը, և մարդու առողջության վրա բացասական հետևանքները առավել սրվում են: Այսօր յուրաքանչյուր երևանցու բաժին է ընկնում գրեթե 6 քմ կանաչ տարածք, այն դեպքում, երբ համաշխարհային նորմերով՝  նվազագույնը 16 քմ-ն է:

Մաքուր օդի և առողջ միջավայրի առկայության երաշխավորը կանաչ տարածքների առկայությունն է, տրանսպորտի գործողության կանոնակարգումը, էլեկտրատրանսպորտը (մետրո, տրամվայ և այլն), Երևանի հարակից տարածքներում ավազահանքերի ու գաջի գործարանների բացակայությունը և այլն, և այդպես շարունակ: Հիմա եկեք գնահատենք, թե որքանո՞վ է  արդյունավետ այսօրվա քաղաքապետի գործունեությունը օդի աղտոտման նվազեցման գործում:

Միայն 2012 թվականի ընթացքում մայրաքաղաքի տարբեր թաղամասերում գրանցվել են  լայնածավալ ծառահատման տասնյակ դեպքեր: Նման օրինակների թվին են պատկանում Դալմայի այգիների ոչնչացումը, Զանգվի ձորում ծառահատումների հաշվին հյուրանոցային համալիրների կառուցումը, Օղակաձև այգու համատարած բետոնապատումը և այլն:

Անհասկանալի է  քաղաքապետարանի մոտեցումը, որի հովանավորությամբ Երևանը թթվածնով ապահովող կանաչ գոտիների վերջին պատառները մեկը մյուսի երևից իրենց տեղը զիջում են նորակառույց ռեստորաններին և հյուրանոցային համալիրներին:

Հավելենք նաև, որ այս համատեքստում բավականին ուշագրավ տեղեկություններ կան քաղաքապետարանի` 2012 թվականի բյուջեում: Ըստ այդմ՝ քաղաքապետարանը շրջակա միջավայրի աղտոտման դեմ պայքարի համար հատկացրել է ավելի քան 41 մլն դրամ, որից    օդի աղտոտման դեմ պայքարի համար ծախսվել է… ավելի քան 41 մլն դրամ: Այսինքն, ըստ այդմ՝ շրջակա միջավայրի աղտոտվածության դեմ պայքարի համար հատկացված ամբողջ գումարը ծախսվել է օդի աղտոտման դեմ պայքարի նպատակով: Այդ կապակցությամբ օրեր առաջ iLur.am-ը հարցում էր ուղարկել քաղաքապետարան` հետաքրքրվելով, թե ինչպես են ծախսվել այդ գումարները, ո՛ր կազմակերպությունն այդ ծրագրի շրջանակներում ի՛նչ միջոցառումներ է իրականացրել:

Այնինչ, այս կոնկրետ և հստակ հարցմանը պատասխանելու փոխարեն՝ քաղաքապետարանը մեզ ուղարկել է«Շրջակա միջավայրի պաշտպանություն» բաժնում դասակարգված ծրագրերը, որոնք ի սկզբանե ներկայացված էին  բյուջեում և կապ չունեն վերոնշյալ՝ ավելի քան  41 մլն դրամի հետ: Այսպիսով, ունենք աղտոտված օդ Երևանում, ոչնչացվող կանաչ տարածքներ, օդի մաքրման նպատակով ծախսված 41 մլն դրամ, որի համար քաղաքապետարանն այդպես էլ որևէ հաշվետվություն չի ներկայացնում:

Նախորդ հոդվածը‘5 պատճառ Տարոն Մարգարյանին չընտրելու համար ‘
Հաջորդ հոդվածը‘ՀՀԿ-ի աէրոֆոբիայի ակունքները, կամ ինչո՞ւ ՀՀԿ-ն չեղյալ հայտարարեց հանրահավաքը’