‘Հարավային Դաքոթայում ուսուցիչներին թույլատրվել է զինվել’

907

Հարավային Դաքոթայում օրենք են ընդունել, որն ուսումնական շրջաններին թույլ է տալիս զինել ուսուցիչներին և դպրոցի մյուս աշխատակիցներին, այսօր հաղորդել է BBC News կայքը: Հանրապետականների կողմից առաջարկված այս օրենքն ուժի մեջ է մտնելու հուլիսից: Այն ուսուցիչներին չի պարտավորեցնում զենքով գնալ դպրոց և ոչ էլ կրթության վարչության ղեկավարներից պահանջում է անպայման զինել դպրոցական հաստատությունների աշխատակիցներին, այլ ընդամենն ընտրության հնարավորություն է տալիս նրանց, պարզաբանում է BBC News-ը: Զենք կրելու իրավունք ստացած ուսուցիչները կկոչվեն «դպրոցի պահապաններ»: Նրանց նախապատրաստմամբ կզբաղվեն իրավապահ մարմինները: Նոր օրենքի կողմնակիցների կարծիքով՝ այն կօգնի կանխել այնպիսի հարձակումները դպրոցների վրա, ինչպիսին, օրինակ, 2012 թ. դեկտեմբերին տեղի ունեցավ Քոնեքթիքութում, երբ «Սենդի Հուկ» դպրոցում 20-ամյա Ադամ Լենզան սպանեց 20 աշակերտի և 6 ուսուցչի: Մյուս կողմից՝ զինված ուսուցիչների հակառակորդների կարծիքով՝ դրանով դպրոցն ավելի վտանգավոր վայր է դառնում, հաղորդում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Հզոր պայթյուն Քաբուլում’
Հաջորդ հոդվածը‘«Հարսնաքարի» գործով փաստաբաններից մեկի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ’