Լիզա Ճաղարյան. Թույլ չտվողներ են հայտնվել, ճամփա տվեք

2140

Նախկին մարուքյանական, հետագայում` փաշինյանական (հիմա այս երկու «ական»–ներն էլ նույն բանն են) Հայկ Կոնջորյանը Ֆեյսբուքում տարածել է Ազգային ժողովի իր ելույթը, որը չեմ լսել, միտք էլ չունեմ լսելու։

Բայց իր ելույթից պարոն Կոնջորյանը մի հատված է «ծաղկաքաղ» արել ու գրավոր ներկայացրել: Այդ հատվածից ես էլ «ծաղկաքաղ» արեցի այս հատվածը. «…ձեր նախաձեռնությունը ունի մաքուր ներքաղաքական նպատակ, ոչ մի օգուտ չի տալու, այլ վնասելու է Արցախին և Հայաստանին, իսկ մենք դա թույլ չենք տա»։

«Հարգելի ընդդիմադիրներին» է դիմում։

Նպատակ չունեմ վիճարկելու «հարգելի ընդդիմադիրների» նախաձեռնության նպատակի անմաքուր մաքրությունը կամ մաքուր անմաքրությունը. իրար արժեն «հարգելի իշխանավորներն» էլ, իրենց ընտրած «հարգելի ընդդիմադիրներն» էլ։ Թող էնքան «դիմեն» իրար, էնքանից էլ շատ։

Բայց այս «ծաղկաքաղ» արված հատվածն աչքաթող անել չկարողացա, մեղքս ի՞նչ թաքցնեմ։ Նստել ու մտածում եմ` ի՞նչ է ասում իշխանության այս բոցաշունչ մասնիկը։ Այո՛, ինձ չի թվացել, շատ հոդաբաշխ ասում է` մե՛նք թո՛ւյլ չենք տա, որ վնասե՛ք Արցախին ու Հայաստանին։

Մտածում եմ ու մտածում, մտածում եմ ու մտածում ու ոչ մի կերպ չեմ հասկանում` վնասելու բան դեռ մնացե՞լ է, վնասելու բան թողե՞լ են հենց այս նույն «թույլ չտվողները»։

Փաստորեն` Հայկ Կոնջորյանն ուզում է ասել, որ այն անդառնալի ու աննախադեպ վնասները, որ իրե՛նք` ՔՊ–ական իշխանություններն են հասցրել Արցախին ու Հայաստանին ու հիմա կայարանում անտոմս ուղեւորի պես վզները ծռած–նստած օտարերկրյա անցորդներից կռճոնների սպասողներից ոչնչով չեն տարբերվում, դեռ ի վիճակի են ինչ–որ բան թույլ տալ կամ թույլ չտալ, ու խանգարողներն էլ, փաստորեն, ահա այս «հարգելի ընդդիմադիրներն» են, որոնց ուժը պատում է միայն այլ երկրների դրոշներից «դոռոնջ» անել ու երազախաբության հերթական սեանսի ժամանակ Բաքվում չայ խմել։

Արցախի կեսը հանձնել են` հինգ հազար զոհ տալով, մյուս կեսն էլ մնացել է ռուսական բանակի հույսին. ուզենան` կպահեն, չեն ուզենա` կտան ադրբեջանցիներին, որ նրանք «պահեն», Հայաստանի սահմաններն էլ դարձրել են ադրբեջանական բանակի արնածոր «բուլվար», ու հիմա ողջ ոստիկանական համակարգն իրենց անձնական օգտագործման թիկնազոր դարձրած` ամբիոններից «քաջաբար» հոխորտում են` թույլ չե՛նք տա։

Դուք այլեւս թույլ չտալու բան չեք թողել։

Ինչ էլ որ մնացել է` օտարների «բարի կամքի» ցանկությունից է կախված։

Սա բոլորիցս լավ գիտեն «թույլ չտվողները»։

Պարզապես ոչ մի բանով նախկիններից չտարբերվող իրենց լափելու հնարավորությունն են երկարաձգում։

Չեն տեսել պատից կախ, տեսան` ճակատից կախ։

Քանի մուրճը ձեռներին է, ինչ տեսնում են` մեխում են։

Մինչեւ որ օրը կգա, հաստա՛տ կգա, ու կերկոխությունից կփռվեն իրենց այդքան շատ սիրած ասֆալտին։

Նախորդ հոդվածըԱԱ 2022․ հայտնի են 1/8 եզրափակչի բոլոր զույգերը
Հաջորդ հոդվածըՍուարես. ՖԻՖԱ-ն դեմ է Ուրուգվային, նրանք թույլ չտվեցին ինձ մոտենալ երեխաներիս