Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը կարող է մոտ ժամանակներս այցելել Ուկրաինա և հանդիպել նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։
Ինչպես հինգշաբթի երեկոյան իր կայքում տեղեկացրել է The Guardian թերթը, Ջոնսոնի այցը Կիև սպառնում է հարված հասցնել Ռիշի Սունակի հեղինակությանը, որն այժմ գլխավորում է բրիտանական կառավարությունը և իշխող Պահպանողական կուսակցությունը։
Պարբերականը հղում է անում թորիների կուսակցության բարձրաստիճան անդամների, որոնցից ոմանք անհանգստացած են, որ Ջոնսոնի այցը սպառնում է բարդացնել հարաբերությունները Զելենսկու և Սունակի միջև, որը վերջին անգամ Կիև է այցելել անցյալ տարվա նոյեմբերին։
Ուկրաինայում հակամարտության մեկնարկից ի վեր՝ Ջոնսոնը, լինելով վարչապետի պաշտոնում, երեք անգամ այցելել է Կիև, վերջին անգամ՝ օգոստոսի վերջին, Լիզ Թրասսին պաշտոնը փոխանցելուց քիչ առաջ, որն այդ պաշտոնում մնաց ընդամենը մեկուկես ամիս։ The Guardian-ի զրուցակիցներից մեկի խոսքով՝ Ջոնսոնը փորձում է խաղալ միջազգային ասպարեզում Ուկրաինայի գլխավոր դաշնակցի դերը՝ հույս ունենալով վերադառնալ իշխանության՝ իր կուռքի՝ Ուինսթոն Չերչիլի պես, որը 1945 թ․ զրկվել էր պաշտոնից, երբ ընտրություններում պարտվել էր լեյբորիստներին, սակայն 1951-ին կրկին դարձավ վարչապետ։
Ջոնսոնը, որն ստիպված էր հրաժարական տալ մի շարք սկանդալներից հետո, դեռ իր կուսակիցներից շատերի աջակցությունն է վայելում և շատ ընդունված է ուկրաինացիների շրջանում։
Փոխանցում է tass.ru-ն։