‘
ՀՀ ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը մարտի 12-ին հանդիպեց Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Հյուսիսային եւ Արեւելյան Եվրոպայի երկրների վարչության պետ տիկին Ելիշկա Ժիգովայի հետ: Հանդիպմանը մասնակցում էին նաեւ ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Պետր Միկիսկան ու ՉՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Յեսթրաբը: Այդ մասին տեղեկացնում է ԱԺ մամլո ծառայությունը:
Որպես ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի ու Եվրոպական լիբերալ դեմոկրատական եւ բարեփոխումների կուսակցության խորհրդի անդամ՝ Արամ Մանուկյանը փաստեց եվրաինտեգրման կարեւորությունն ու համագործակցության պատրաստակամություն հայտնեց: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան Հայաստանում հետընտրական գործընթացներին: ՀԱԿ խմբակցության քարտուղարը միջազգային կառույցներին եւ հատկապես դիտորդական առաքելություններին կոչ արեց ուշադրության առանցքում պահել ընտրական գործընթացները:
iLur.am-ի հետ զրույցում Մանուկյանը տեղեկացրեց նաեւ, որ ինքը հանդիպման ժամանակ մանրամասն ներկայացրել է նախագահական ընտրությունների ժամանակ իրականացված խախտումները, դրանց վերլուծությունը՝ ըստ տեսակի եւ աշխարագրության, ներկայացրել է նաեւ տեղեկանք՝ ՀԱԿ խբակցության կողմից ընտրական վերափոխումների հայտնի նախագծի մասին՝ առանձին շեշտելով ցուցակների ուռճացված լինելն ու դրանք մաքրելու, ինչպես նաեւ հաջորդ օրը քվեարկած անձանց ցուցակները հրապարակելու անհրաժեշտությունը:
Արամ Մանուկյանը նաեւ տեղեկացրել է վերոհիշյալ նախագծի քննարկման՝ ՀՀԿ-ի կողմից տապալումից հետո ՍԴ ներկայացված դիմումի մասին, եւ Մանուկյանի փոխանցմամբ, հյուրերի զարմանքն ու ծիծաղն է առաջ բերել այն, որ այդ դիմումը քննարկվելու է ապրիլի 16-ին:
Արամ Մանուկյանը նաեւ չեխ հյուրերին շնորհավորել է այդ երկրի նորընտիր նախագահ Միլոշ Զերմանի երդմնակալության առիթով:
Արամ Մանուկյանը հյուրերին տեղեկացրեց, որ Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններին ՀԱԿ-ը հակված է մասնակցել: Նա նշեց, որ ընտրություններին միասնական ցուցակով մասնակցելու վերաբերյալ խորհրդարանական այլ ուժերի հետ բանակցությունները դեռ չեն ավարտվել:
Չեխիայի արտգործնախարարության պաշտոնյան հետաքրքրված էր՝ արդյոք ընդդիմությունը տեսնում է բարեփոխումների եւ ընդհանրապես փոփոխությունների միտում:
Զրուցակիցներն անդրադարձան նաեւ տարածաշրջանային խնդիրների, ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ու դրա ձեւաչափին, հայ-թուրքական հարաբերություններին, այլ հարցերի:
‘