Հաիթիի վարչապետ Արիել Անրին, որը բողոքի ցույցի մասնակից ոստիկանների խմբի պաշարման մեջ էր հայտնվել մայրաքաղաքի օդանավակայանում, կարողացել է դուրս գալ ավիահանգույցի շենքից և հեռանալ անհայտ ուղղությամբ, հաղորդել է Radio Tele Metronome ռադիոկայանը։
«Մեր տեղեկություններով՝ վարչապետ Անրին դուրս է եկել օդանավակայանի հետնամուտքից ու հեռացել է անհայտ ուղղությամբ՝ ուժեղացված թիկնազորի ուղեկցությամբ, որում եղել են ինչպես հաիթցիներ, այնպես էլ արտասահմանցիներ»,- պնդում է ռադիոկայանը։
Հինգշաբթի օրը Հաիթիում ոստիկանները բողոքի ցույց են սկսել ընդդեմ իրավապահների հանդեպ բռնությունների սաստկացման` այն բանից հետո, երբ իրենց վեց ծառայակիցների սպանել էին Պորտ օ Պրենսի արվարձաններում զինված ավազակախմբերը։ Մի քանի տասնյակ իրավապահներ արգելափակել են մայրաքաղաքային օդանավակայան տանող ճանապարհները՝ այն ժամանակ, երբ վարչապետը վերադարձել էր Արգենտինայում կայացած Լատինաամերիկյան և Կարիբյան երկրների ընկերության գագաթնաժողովից։ Միաժամանակ, մայրաքաղաքում ոստիկանների մեկ այլ խումբ գրոհել էր Անրիի նստավայրի վրա։ Տեղական մամուլի տեղեկատվության համաձայն՝ ցուցարարները շենքի շուրջ սկսել են այրել անվադողեր և կրակ են բացել պահակախմբի ուղղությամբ։
Զոհերի և վիրավորների մասին չի հաղորդվում։
Փոխանցում է tass.ru-ն։