Ի՞նչը Թուրքիային կստիպի թույլ տալ, որ Շվեդիան մտնի ՆԱՏՕ

324

Անկարան, որ երկար ժամանակ արգելակում էր Շվեդիայի և Ֆինլանդիայի մուտքը ՆԱՏՕ, կրկին բարձրացրել է խաղադրույքը։ Ստոկհոլմի սադրանքից հետո թուրքերն ընդհանրապես չեն ցանկանում շվեդներին կանաչ լույս տալ։ Բայց դեռ վերջին խոսքը չի ասվել․ կողմերը դադար են վերցրել։

Հունվարին Շվեդիայում հակաթուրքական ցույցերի ալիք է բարձրացել։ Անկարային հատկապես զայրացրել է Թուրքիայում և մի շարք այլ երկրներում ահաբեկչական ճանաչված Քրդստանի բանվորական կուսակցությանը աջակցող ցույցը Ստոկհոլմում, որի ընթացքում դանիացի իրավաբան Ռասմուս Պալուդանն այրել էր Ղուրանը։ Նախկինում էլ նա նույն բանն արել էր Դանիայում, և սիրիացի էմիգրանտը քարով հարվածել էր նրա գլխին, որից հետո Պալուդանը տեղափոխվել է Շվեդիա և հիմա շվեդական քաղաքացիություն ունի։

Ստոկհոլմի հանրահավաքը իշխանություններն արտոնել էին։ Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Կալինը հայտարարել է, որ դա «խրախուսում է հանցագործությունները ատելության և իսլամատյացության հողի վրա»։

«Շվեդիայում իրականացված նողկալի ակտը վիրավորանք է բոլորի համար, ովքեր հարգում են մարդու իրավունքները, այդ թվում՝ մուսուլմանների իրավունքները»,- ասել էր Էրդողանը և հավելել, որ Ստոկհոլմը հիմա Անկարայից «ոչ մի աջակցություն չի ստանա ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում»։

Կա ևս մի կարևոր հանգամանք․ Էրդողանը պաշտոնապես հաստատել է, որ Թուրքիայում նախագահական ընտրությունները կկայանան մայիսի 14-ին՝ նախապես հայտարարված հունիսի փոխարեն։ Էրդողանի համար ՆԱՏՕ-ի, ՔԲԿ-ի և վերջինիս աջակցող Շվեդիայի թելադրանքներին ընդդիմանալը նախընտրական ծրագրի մաս է կազմում։ Նախորդ տարվա հարցումները ցույց են տվել, որ նախագահի վարկանիշն իջել է հիմնականում ԱՄՆ-ի և ԵՄ-ի տակ «ճկվելու» պատճառով» Հետևաբար՝ մինչև մայիս Էրդողանը զիջումներ չի անի։

Ամերիկայում և Եվրոպայում նույնպես սպասում են Թուրքիայի ընտրություններին և, ակնհայտորեն, հույս ունեն, որ իշխանափոխություն տեղի կունենա։ Սակայն, առայժմ Էրդողանի պարտության նշաններ չեն երևում։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՀաիթիի վարչապետին հաջողվել է հեռանալ պաշարված օդանավակայանից
Հաջորդ հոդվածըԵԽԽՎ–ն կոչ է անում Ադրբեջանին` անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին