Հունական Լարիսա քաղաքի մերձակայքում մարդատար և բեռնատար գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 40 մարդ, տասնյակ մարդիկ անհետ կորել են։
Իշխանությունների տվյալների համաձայն՝ տուժել է 70-ից ավելի մարդ, 66-ը հիվանդանոցում են, նրանցից վեցը՝ վերակենդանացման բաժնում։
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը այցելել է աղետի վայր, նա նշել է, որ աղետի պատճառը կարող է եղած լինել «մարդկային գործոնը»։
Ըստ փրկարար ջոկատի հրամանատար Իոաննիս Կսանտոպուլոսի՝ «գնացքի առաջին երկու վագոնները և լոկոմոտիվը վերածվել են մետաղի զանգվածի, այնտեղ հրդեհ է բռնկվել, փրկարարական աշխատանքը չափազանց դժվար է․ հրշեջներն արդեն կրակը մարել են, բայց իրենք չեն կարողանում մոտենալ, որովհետև մետաղը սոսկալի տաքացած է»։
Հունաստանի տրանսպորտի նախարար Կոստաս Կարամանլիսը նույնպես այցելել է աղետի վայր, ապա հրաժարական է տվել։ Կայարանապետը, որն ընդունել է, որ ճակատագրական սխալ է թույլ տվել (նա մարդատար գնացքին սխալ ուղի է տվել), ձերբակալվել է։
Անհետ կորածների որոնումները շարունակվում են։
Փոխանցում է euronews-ը։